2024 թ. «Ավրորայի» միջոցառումները, այդ թվում՝ 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ Մարդու իրավունքների եւ մարդասիրություն ֆորումը, տեղի ունեցան 2024 թ. մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ: Մայիսի 10-ին բովանդակալից քննարկում տեղի ունեցավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանի եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանի միջեւ, որի ընթացքում նրանք անդրադարձան իրենց կատարած բարեգործական աշխատանքին եւ մասնավորապես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: Քննարկումը վարում էր Devex մեդիահարթակի հիմնադիր նախագահ եւ գլխավոր խմբագիր Ռաջ Կումարը:
Թե Նուբար Աֆեյանը, թե Էրիկ Էսրայիլյանը խոսեցին 1915 թ. Հայոց ցեղասպանության հետ ունեցած անձնական կապի եւ իրենց ընտանիքների պատմության մասին, ինչն էլ նրանց դրդել է այդ տրավմատիկ փորձառությունը վերածելու բարի գործի: «Սա թարմ վերք չէ: Այս վերքը փոխանցվել է սերնդից սերունդ: Որպես կենսաբանության ոլորտում աշխատող մարդ՝ կարող եմ ձեզ ասել, որ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ փոխանցվող տրավմայի հետեւանքով բջիջներում կան էպիգենետիկ փոփոխություններ: <…> Եվ ես չեմ ասում, որ դա է պատճառը, որ մեզ այսպես ենք զգում, բայց, հավանաբար, դա մեզ ավելի խոցելի է դարձնում այդպիսի զգացումների նկատմամբ, քան մարդկանց, որոնք խոցելի են այլ բաների նկատմամբ, որոնք նրանք կրում են սերնդեսերունդ»,- ասաց Նուբար Աֆեյանը:
Էրիկ Էսրայիլյանն անդրադարձավ «Երախագիտությունն՝ ի գործ» գաղափարին, որն «Ավրորայի» տեսլականի հենասյունն է. «Կարծում եմ՝ աշխարհի տարբեր անկյուններում ամենաականավոր մարդկանցից ոմանք աշխատում են առանց որեւէ ճանաչման, գյուղերում, մանկատներում, սնունդ տրամադրող կազմակերպություններում եւ ճաշարաններում, այդ թվում՝ այս երկրում եւս, ու նրանք չեն արժանանում ճանաչման: Ուստի այն, ինչ ինձ դուր է գալիս նախաձեռնության գործունեության մեջ, անհատներին կարեւորելն է, իսկ հետո, լիահույս եմ, ոչ միայն նրանց կազմակերպություններին օգնելը եւ այն մարդկանց, որոնց հետ վերջիններն աշխատում են, այլեւ մարդկանց ոգեշնչելը: Ես կարող եմ վերհիշել իմ կյանքում տեղ գտած բոլոր այս հարաբերություններն ու թե ինչպես են դրանք կապվում միմյանց ու ինչպես են ոգեշնչել ինձ: Եվ ափսոսում եմ, որ կան շատ մարդիկ, որոնց չեմ կարողացել հայտնել իմ երախտագիտությունը»:
Խոսելով մարդկանց օգնելու մոտիվացիայի մասին՝ Էրիկ Էսրայիլյանը նշեց, որ հաճախ պետք է պարզապես անել այն, ինչ ճիշտ է, եւ հոգու խորքում հասկանալ, թե ինչ ես անում: Նա «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի օրինակը բերեց, որին այժմ ապօրինի բանտարկության մեջ է պահում Ադրբեջանի կառավարությունը՝ Արցախի ժողովրդին աջակցելու եւ նրանց՝ ժողովրդավար կյանքի իրավունքը պաշտպանելու համար: «Մտածեք Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց մասին, որն, ըստ էության, կարող էր ապրել ամենալավ կյանքով, եթե աներ ցանկացած բան, բացի այն, ինչ անում էր: Բոլոր չափանիշներով՝ տնտեսական, սոցիալական, նա կարող էր հրաշալի կյանքով ապրել: Բայց նա նախընտրեց փորձել օգնել արցախցիներին»,- ասաց Էրիկ Էսրայիլյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչու է «Ավրորան» մեծ ուշադրություն դարձնում եւ փառաբանում մերօրյա հերոսներին, Նուբար Աֆեյանը խոսեց նախաձեռնության համահիմնադիրներից Վարդան Գրեգորյանի ներդրման մասին: «Երջանակահիշատակ Վարդանը ոչ միայն իսկական հայ էր, այլեւ ամերիկացի, իսկապես անսովոր, բացառիկ անձնավորություն, եւ մեզ բախտ է վիճակվել ճանաչել նրան: Ու նա մեզ խրախուսում էր ինչ-որ առումով նորովի մոտենալ այս ամենին։ <…> Մենք գրեթե երբեք չենք օգտագործում «փրկիչ» բառը, քանի որ դա կրոնական նշանակություն ունի: Բայց իրականում նրանք բառացիորեն պարզապես փրկիչներ են: Նրանք փրկում են մարդկանց կյանքը։ Ուստի, խնդիրն այն է, թե ինչու մարդիկ այդքան շատ չեն լուսաբանում այս ամենը»:
Այնուհետեւ Ռաջ Կումարը խնդրեց բանախոսներին ներկայացնելու իրենց պատկերացումները ժամանակակից մարդասիրական ճգնաժամերի եւ աշխարհի մասին, որտեղ ապրում ենք հիմա՝ ասելով. «Խնդիրներից մեկը, որին բախվում են այստեղ հավաքված մարդիկ՝ պարզապես դատելով վերջին մի քանի օրվա զրույցներից, այսօր աշխարհում տիրող իրականությունն է: Գայթակղությունը մեծ է ասելու՝ դե, 100 տարի առաջն այն ժամանակ էր, հիմա ամեն ինչ այլ է: Եվ հետո դուք լսում եք պատմություններ՝ նման նրանց, որ լսել ենք այս շաբաթ այն մարդկանցից, որոնք նույնիսկ հիմա անցնում են նմանատիպ խնդիրների միջով ամբողջ աշխարհում: Եվ ինձ հետաքրքիր է, թե դուք ինչպես եք դա ընկալում»:
«Ես չեմ հուսահատվում»,- պատասխանեց Էրիկ Էսրայիլյանը: «Սակայն կարծում եմ, որ մենք պետք է ճկուն լինենք: Եթե մենք շարունակում ենք փորձել ինչ-որ բան, եւ այն չի աշխատում, պետք է այլ ճանապարհ գտնել: Ինձ դուր է գալիս այն փաստը, որ այսօր այստեղ այսքան շատ իրավապաշտպաններ են հավաքվել, քանի որ իրավական ուղիներն ակնհայտորեն այն ճանապարհներն են, որոնք մենք պետք է կիրառենք: Բայց նաեւ պետք է պարզապես ներկայացնել այս անհատների պատմությունները, քանի որ նրանց պատմությունները, հուսով ենք, կոգեշնչեն մյուսներին չկորցնելու հույսը, կխրախուսեն նրանց գտնելու այլ ուղիներ կրթության կամ մասնագիտության առումով եւ կայացնելու միասնական որոշումներ»:
Ձեռներեց եւ գյուտարար Նուբար Աֆեյանը մատնանշեց իր մասնագիտական կրթությունը, որը նրա համար հույսը պահպանելու միջոցներից մեկն է. «Աշխարհում, որտեղ ես ապրում եմ, որտեղ ներկայացվում են միանգամայն նոր, բեկումնային տեխնոլոգիաներ եւ փորձում են ստեղծել ընկերություններ, մտածելակերպը պետք է լինի «պարանոիդ լավատեսական»: Այսպիսով, դուք պետք է բավականաչափ լավատես լինեք, որպեսզի չհանձնվեք եւ հավատաք, որ կարող եք անել այնպիսի բաներ, որոնց ոչ ոք չի հավատում, եւ պետք է բավականաչափ պարանոյիկ լինեք՝ չմտածելու համար, որ իրականում կարող եք, որպեսզի մշտապես ստուգեք ենթադրությունները՝ նորից ու նորից: <…> Պետք է հավատալ, որ կստացվի եւ դուք պատրաստ եք ջանք թափել»:
Նուբար Աֆեյանի եւ Էրիկ Էսրայիլյանի հետ անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ.