«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակին նվիրված միջոցառումները կհամանախագահեն Նուբար Աֆեյանը, Էրիկ Էսրայիլյանը, Էլիս Գրինվալդը եւ Լուիզ Ռիչարդսոնը: Հոբելյանական այս տարին կնշանավորվի մի շարք բարձր մակարդակի միջոցառումներով, այդ թվում՝ մայիսի 6-7-ը Լոս Անջելեսում տեղի կունենա Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորում, սեպտեմբերին Նյու Յորքում կհայտարարվեն 2025 թ․ «Ավրորայի» հերոսների անունները, իսկ նոյեմբերի 6-ին Էլիս կղզում տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը։
«Նշելով «Ավրորայի» 10-ամյակը՝ մենք տոնում ենք նաեւ ազդեցության մի ամբողջ տասնամյակ եւ վերահաստատում «մարդուն» «մարդկային» միջավայր վերադարձնելու մեր հանձնառությունը»,-ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը: «Համաշխարհային բազմաբեւեռ ճգնաժամերի պայմաններում մենք պետք է աջակցենք նրանց, ովքեր առաջնագծում են եւ իրենց գործողություններով հզոր ազդեցություն են ունենում: Այս միջոցառումների ընթացքում մենք արժանին կմատուցենք այն բացառիկ անհատներին, որոնք մարմնավորում են «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը՝ ցույց տալով աշխարհին, որ տեղում աշխատող մարդասերներն ամենալավը գիտեն, թե ինչպես իրականացնել երկարաժամկետ փոփոխություններ իրենց համայնքներում։ Դա ավելին է, քան պարզապես ուղենիշը․ դա նորովի կոչ է՝ ի գործ»:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօերնների խորհրդի անդամ, Memory Matters ընկերության հիմնադիր եւ տնօրեն Էլիս Գրինվալդը կարեւորեց հիշողության ուժը՝ որպես բարիք գործելու ուժ․«Հենվելով պատմական հիշողության վրա՝ մենք ավելի խորքային պատկերացում ենք կազմում մարդկային համընդհանուր փորձառության եւ ներկա ժամանակում պատասխանատվության նորացված զգացումի մասին: «Ավրորայի» առաքելությունը տոկունության, կարեկցանքի եւ հաստատակամության վկայությունն է, ինչը տանում է իմաստալից փոփոխությունների: Որպես համանախագահներ՝ մեզ համար պատիվ է առաջնորդել այս հոբելյանական միջոցառումները, որոնք ոչ միայն մեծարում են նրանց, ովքեր անձնվիրաբար պայքարում են ընդդեմ անարդարության, այլեւ օգնում նրանց ընդլայնել իրենց ազդեցությունը՝ ոգեշնչելու այլոց»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի անդամ, բարերար, կինոպրոդյուսեր եւ ձեռներեց Էրիկ Էսրայիլյանն անցած տարի միացավ «Ավրորայի» համահիմնադիրներին՝ աջակցելու նախաձեռնության զարգացմանը հաջորդ կարեւոր փուլում։ Ընդգծելով «Ավրորայի» հաստատակամ նվիրումը մարդասիրական գործին՝ նա նշեց․ ««Ավրորան» ստեղծվել է՝ հիմքում ունենալով այն հավատը, որ մենք պատասխանատվություն ենք կրում ինչպես մեզնից առաջ եղածների, այնպես էլ այսօր կարիքի մեջ գտնվողների հանդեպ: Չնայած այն մարտահրավերներին, որոնց բախվում են մարդասիրական գործունեություն իրականացնողները, եւ մարդիկ, որոնք ունեն նրանց կարիքը, «Ավրորան» շարունակում է հետեւողականորեն եւ անմիջական, կենսական աջակցություն տրամադրել դժվարին իրադրությունում հայտնված մարդկանց: Այս տասնամյա տարեդարձը համախմբված գործունեության ուժի եւ մարդկային ոգու տոկունության վկայությունն է»:
2017 թ․Էրիկ Էսրայիլյանի ջանքերով Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ստեղծվեց «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը։ Այս տարի «Ավրորան» եւ «Խոստում» ինստիտուտը կանցկացնեն 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Լասկին» կոնֆերանսների կենտրոնում։ Միավորելով համայնքային ակտիվիստների եռանդն ու ակադեմիական աշխարհի մտավոր ուժը, ի մի բերելով իրավական եւ մարդասիրական ջանքերը՝ այս ֆորումը կհամախմբի տարբեր ոլորտների առաջատարների՝ միասնական պատկերացում կազմելու համագործակցության նոր ուղիների վերաբերյալ: 2025 թ․միջոցառումը կանցկացվի՝ հիմքում ունենալով 2024 թ․Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի հաջողությունը, որի ընթացքում անդրադարձան համաշխարհային կարեւոր մարտահրավերներին եւ նորարարական լուծումներին։
««Ավրորան» հաստատակամորեն աջակցում է մերօրյա մարդասեր-հերոսներին, որոնք վտանգում են սեփական կյանքն այլոց ծառայելու համար»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը: «Անհատների աշխատանքը, որոնք ամեն օր համարձակ ընտրություն են կատարում՝ պայքարելու խտրականության եւ անհավասարության դեմ, միաժամանակ ակտիվ ջանքեր գործադրելով հանուն խաղաղության ապահովման, կարեւոր է առավել, քան երբեւէ: Ես՝ որպես տասնամյակի միջոցառումների համանախագահ, մեծ սիրով կաջակցեմ «Ավրորային» իր առաքելության իրագործման ճանապարհին եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի այս բացառիկ մարդիկ ստանան արժանի ճանաչում եւ իրենց ունեցած ազդեցությամբ ոգեշնչեն նոր փոփոխությունների»։
Ստեղծվելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնության ձեռք է մեկնել ավելի քան 3.4 միլիոն մարդու 60 երկրում եւ տարածքում՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով 463 նախագծի, որոնք ուղղված են արագ արձագանքմանը, սննդի, ջրի, կրթության, բժշկական օգնության ապահովմանը, սոցիալ-հոգեբանական աջակցությանը եւ բազմաթիվ այլ ծառայությունների տրամադրմանն անապահով համայնքներում: Համանախագահների ղեկավարությամբ անցկացվող 2025 թ. հոբելյանական միջոցառումները հզոր հարթակ կծառայեն՝ առաջ մղելու եւ ընդլայնելու «Ավրորայի» համաշխարհային մարդասիրական ջանքերը: Մուտք գործելով երկրորդ տասնամյակ՝ նախաձեռնությունը կշարունակի ընդլայնել իր ազդեցությունը եւ օգնության ձեռք մեկնել ավելի շատ կարիքավոր համայնքների աշխարհում։