logo
ՓԱԿԵԼMenu
«Մատյան մարդասիրաց». արձանագրման արարողություն Մատենադարանում

«Մատյան մարդասիրաց». արձանագրման արարողություն Մատենադարանում

Ավանդույթի համաձայն՝ 2021 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց այս տարվա «Ավրորայի» հերոսներին, որոնց անունները արձանագրվեցին 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում: Այն «Ավրորայի» յուրահատուկ տարեգիրքն է, որը ներկայացնում է «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների  պատմությունները, արտացոլում «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցությունը: Այս տարի ավելի ուշ ձեռագրում կներառվի նաեւ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը: 

Այս հատուկ արարողությունը տեղի ունեցավ Մատենադարանում, որտեղ ավելի քան 23.000 հնագույն ձեռագիր է պահվում, ուսումնասիրվում եւ վերականգնվում: Այստեղ «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը միակն է, որ ստեղծվել է 21-րդ դարում՝ համաձայն հայկական հնագույն բոլոր ավանդույթների եւ օգտագործելով միայն բնական նյութեր, ինչպես արել են դարերի ընթացքում:   

«Կարծես, ստեղծվում է նոր պատմություն: Երբ նոր էր ներկայացվում ձեռագիրը, թվում էր, թե այն մեր ժամանակների հերոսների մասին է, բայց տարեց տարի այն դառնում է պատմություն: Ու կասկած չկա, որ ժամանակի ընթացքում այս ձեռագրի արժեքը միայն կմեծանա»,- ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:

«Խորհուրդը հենց սերնդափոխությունն է, որը պետք է լինի անսասան, ինչն էլ ազգի, ընտանիքի ոչ թե գոյատեւման, այլ արժանապատիվ կյանքի դրսեւորումներից է: Հենց սերունդների միջեւ կապը կտրվում է, մեզ հետ ամեն ինչ կարող է պատահել»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Գեղարվեստական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը: 

«Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ  ներկայացվել է 2018 թ. ապրիլի 24-ին՝ նոր էջ բացելով մարդասիրական հարատեւ արժեքների ժամանակագրության մեջ: Երեք տարի անց առաջին անգամ այս արարողությունը Մատենադարանում անցկացվեց առանց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանի, որը վերջերս հեռացավ կյանքից

«Ես պատիվ եմ ունեցել Վարդան Գրեգորյանի հետ միասին մասնակցելու «Ավրորայի» հերոսների ընտրությանը: Նա չափազանց մանրազնին ուսումնասիրում էր յուրաքանչյուր առաջադրում եւ միշտ կրկնում էր՝ յուրաքանչյուրն արժանի է «Ավրորայի» հերոսի կոչմանն ու մրցանակին»,- հիշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին: 

«Այսօր պատմական օր է բոլորիս համար, քանի որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է ողբերգական փորձառությունն իր առաքելությամբ և «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով՝ մեծարելով նրանց, ովքեր այսօր են կյանքեր փրկում, ինչպես բոլոր այն մարդասերները, որոնք փրկեցին հայերին մեկ դար առաջ: Այսօր առաջին անգամ այս արարողությանը մեզ հետ ներկա չէ մեր ընկեր, «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։ Ցավոք, «Մատյան մարդասիրաց» ձեռագրում կարձանագրվի նաեւ այս կորուստը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ ցավով արձանագրելով մեծ գիտնական եւ բարերար, ամերիկահայ բացառիկ մարդասեր Վարդան Գրեգորյանի կորուստը: 

«Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Մատենադարանի հնատիպ գրքերի սրահում եւ հասանելի կլինի հանրությանը միայն մեկ ամիս՝ մինչեւ 2021 թ. մայիսի 24-ը: