Նյու Յորքում հոկտեմբերի 19-ին՝ 19:00, տեղի ունեցավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարվա հիմնական միջոցառումը, որը նվիրված էր «Ավրորայի» հնգամյակին։
Նախաձեռնողները նշեցին, որ երբ պլանավորում էին այս միջոցառումը, պատկերացնել անգամ չէին կարող, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ կսկսվի, սակայն որոշում կայացվեց՝ չհետաձգել կամ չչեղարկել այն, քանի որ հատկապես դժվարին պահերին պետք է ավելի բարձր հնչի «Ավրորա» մրցանակի ձայնը՝ ուղղված մարդկայնության զարթոնքին։
Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակվող «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառմանը մասնակցում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։ Երեկոն վարում էին հայտնի լրագրողներ Ջուդի Վուդրաֆը (PBS) եւ Դեյվիդ Իգնաթիուսը (Washington Post): Մյուս մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորայի» համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, Ընտրող հանձնաժողովի նախագահն ու անդամները, դափնեկիրները, ինչպես նաեւ հայտնի մշակութային գործիչներ Ջորջ Քլունին, Յո-Յո Ման, Ուինթոն Մարսալիսը, նաեւ հինգ հարյուրից ավելի հրավիրյալ դիտորդներ, միացել էին միջոցառմանը հեռավար։
Սակայն ուղիղ հեռարձակման հենց առաջին րոպեներից եւ միջոցառման ամբողջ ընթացքում (1 ժամ 40 րոպե), եթերի ընդհատման մեծ վտանգ կար՝ կիբեր հարձակման եւ մի քանի հազար «բոտերի» գրոհով պայմանավորված, որոնք փորձում էին արգելափակել հեռարձակումը եւ սոցմեդիայում կեղծ օգտատերերի հասցեներից դիտումներ էին գրանցում եւ հակահայկական կոչեր տարածում։
«Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառման ընթացքում հայտարարվեց մի քանի դրամաշնորհների մասին․ 1մլն դոլար՝ 2020 թ․ «Ավրորայի» դափնեկիրներ Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին, որոնք օգնում են կանանց եւ երեխաներին Սոմալիում, 1 մլն դոլար համահիմնադիրներն ուղղեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծման նպատակով, եւ եւս 1 մլն դոլար կուղղվի պատերազմից տուժած երեխաների կրթությանը։ 100.000 դոլարի հատուկ դրամաշնորհ տրվեց Քուինսի «Էլմհըրսթ» հիվանդանոցին՝ մեծարելով Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին, նաեւ 20.000 դոլար ուղղվեց Լրագրողների պաշտպանության կոմիտեին։
Հավատարիմ իր՝ դժվարին դրության մեջ գտնվողներին աջակցելու առաքելությանը, «Ավրորան» այս տարի արդեն նվիրաբերել է 200.000 դոլար Բեյրութի պայթյունից տուժածների վերականգնմանը, 140 հազար դոլար ուղղել է Նուբայի լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցին՝ օգնելու առողջապահական ծայրահեղ վիճակում գտնվողներին, ինչպես նաեւ՝ 120.000 դոլար տրամադրել Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Այն ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:
«Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառման հայերեն տարբերակը եթեր է հեռարձակվել հոկտեմբերի 20-ին, 18:00-ին «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Այն կարող եք դիտել նաեւ ստորեւ: