«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է, որ լրագրության ոլորտում առաջին «Ավրորա» մարդասիրական մրցանակը կշնորհվի լրագրողներ Ջեյն Ֆերգյուսոնին եւ Նիկոլաս Քրիստոֆին 2020 թ. հոկտեմբերի 19-ին՝ «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառման ընթացքում:
Ոգեշնչվելով մրցանակակիր հեռուստամեկնաբաններ եւ PBS ցանցի «Լրատվական ժամի» հաղորդավարներ Ջուդի Վուդրուֆից եւ երջանկահիշատակ Գվեն Այֆիլից՝ այս նոր մրցանակով կարեւորվում է լրագրության դերը՝ մարդասիրական խնդիրներն ու լուծումներն ըմբռնելու եւ աշխարհում դրանց վերաբերյալ հանրային իրազեկումն ընդլայնելու գործում: Որպես այս նոր մրցանակի բաղկացուցիչ, ինչպես նաեւ, ի նշան երախտագիտության եւ ի պատիվ բազմաթիվ լրագրողների, որոնք շարունակում են վտանգել իրենց կյանքը՝ մասնագիտական պարտականությունն իրականացնելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու համար, «Ավրորան» հատուկ դրամաշնորհ կհատկացնի Լրագրողների պաշտպանության կոմիտեին, որը մեծ փորձ ունի ազատ մամուլի առաջխաղացման գործում ԱՄՆ-ում եւ աշխարհում:
«Մենք ուրախ ենք ներկայացնելու առաջին մրցանակը, որը սահմանվել է երկու նշանավոր լրագրողների պատվին, որոնք բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը մարդասիրական գործին: Գվեն Այֆիլը շատ տաղանդավոր հեռուստամեկնաբան էր, որը, ցավոք, կյանքից հեռացավ 2016 թվականին: 2015-ին Նյու Յորք քաղաքում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ Ջորջ Քլունիի հետ նա էր վարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մեկնարկին նվիրված միջոցառումը, եւ մենք միշտ երախտապարտ կլինենք նրան դրա համար»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:
Ջեյն Ֆերգյուսոնը բազմաթիվ մրցանակների արժանացած լրագրող է, PBS ցանցի «Լրատվական ժամի» միջազգային թղթակից, «Նյու Յորքեր» պարբերականի հեղինակ եւ Փրինսթոնի համալսարանի լրագրության պրոֆեսոր: Առաջնագծից արված իր ռեպորտաժներում նա անդրադարձել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պատերազմին, խոշոր պլանով ցույց տվել Եմենում մարդու իրավունքների ճգնաժամը եւ հաղորդել Հարավային Սուդանում պատերազմի եւ սովի մասին: 12 տարի նա ապրել եւ աշխատել է Միջին Արեւելքում, այժմ ապրում է Նյու Յորքում, որտեղից շարունակում է ճամփորդել եւ հաղորդումներ պատրաստել հակամարտության գոտիներից:
«Ես կյանքս եմ նվիրել պատերազմական լրագրությանը եւ մարդկային պատմությունների ներկայացմանն այն վայրերից, որտեղ խառնաշփոթ է: Եվ ես խորապես զգացված եմ ու շնորհակալ այս մրցանակի համար»,- ասաց Ֆերգյուսոնը: «Ամենակարեւոր բաներից մեկը, որ անում է «Ավրորան», ներկայացնում է ողջ մոլորակում իրականացվող այն մարդկանց աշխատանքը, որոնք փորձում են աշխարհն ավելի լավը դարձնել: Եվ ինձ համար պատիվ է արժանանալ այս ճանաչմանը»:
Նիկոլաս Քրիստոֆը մասնագիտացած է մարդու իրավունքների լուրջ խախտումների եւ սոցիալական անարդարության լուսաբանման ոլորտում: 2001 թվականից նա «Նյու Յորք Թայմսի» սյունակագիր է, Տյանանմեն հրապարակի իրադարձությունների եւ Դարֆուրի ցեղասպանության լուսաբանման համար արժանացել է Պուլիցերյան երկու մրցանակի: Բացի այդ, նա արժանացել է մարդասիրական բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Աննա Ֆրանկի անվան մրցանակի եւ Դեյթոն խաղաղության գրական մրցանակի:
«Մեծ ակնածանքով եմ վերաբերվում «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ լիահույս եմ, որ նրանց ներդրած ջանքերը կծառայեն որպես հիշեցում մեր համընդհանուր մարդկայնության մասին։ Ես շնորհակալ եմ եւ շատ ուրախ, որ իմ հերթին հնարավորություն ունեմ աջակցելու Լրագրողների պաշտպանության կոմիտեին, որն ամբողջ աշխարհում օգնում է լրագրողներին ողջ մնալ եւ խուսափել բանտից»,- ասաց Քրիստոֆը:
«Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառումների նպատակն է իրականացնել դրամահավաք միջազգային նվիրատուների շրջանում, ինչն էլ կօգնի ընդլայնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որն ավելի քան երբեւէ հավատարիմ է իր հանձնառությանը՝ երկրորդ հնարավորություն տալու աշխարհում բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը: Այսօր, երբ ադրբեջանցիները Թուրքիայի աջակցությամբ ուժգին հարձակումներ են իրականացնում՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները խորապես անհանգստացած են եւ վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությամբ եւ քաջալերում են յուրաքանչյուրին ցույց տալու իրենց մարդասիրությունը՝ միանալով «Ավրորա» համաշխարհային շարժմանը եւ իրենց ներդրումն ունենալով աշխարհում խաղաղության հաստատմանը: