logo
ՓԱԿԵԼMenu
2019թ. «Երիտասարդական Ավրորա»

2019թ. «Երիտասարդական Ավրորա»

«Ավրորա» մարդասիրական նախագիծը հնարավորություն կտա «Միացյալ աշխարհի քոլեջների» ուսանողներին իրենց ներդրումն ունենալ մարդասիրական հրատապ հիմնախնդիրների լուծման գործում:

2019թ. ««Ավրորան»՝ UWC ցանցի դպրոցներին» նախագծի հայտերի  ընդունումն սկսված է: Այն հնարավորություն է տալիս UWC ցանցի դպրոցների եւ քոլեջների ուսանողներին մշակել նախագծեր, որոնք կառաջարկեն մարդասիրական լուծումներ եւ դրական փոփոխություն կապահովեն համայնքներում: Նախագիծն իրագործելու համար հաղթող թիմը կստանա 4,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: «Երիտասարդական Ավրորա» նախագիծը «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC), Scholae Mundi կրթական հարթակի,  Teach for All կրթությունը խթանող ցանցի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համագործակցության արդյունքն է:   

Նախագիծն իրականացվում է երրորդ տարին անընդմեջ, որին մինչեւ հիմա մասնակցել են
17 քոլեջ եւ դպրոց: Նախկինում ներկայացված նախագիծ-հայտերով առաջարկվել են մարդասիրական ամենատարբեր հրատապ հիմնախնդիրների լուծումներ այն երկրների համար, որտեղ գտնվում էին մասնակից ուսանողների քոլեջներն ու դպրոցները, ինչպես օրինակ՝ Սվազիլենդը, Գերմանիան, Հնդկաստանը եւ Չինաստանը:  

UWC ցանցի դպրոցներն ու քոլեջներն իրենց մասնակցությունը պետք է հաստատեն մինչեւ ապրիլի 19-ը, իսկ մասնակից թիմերը նախագիծ-հայտերը ներկայացնեն մինչեւ 2019թ. հուլիսի 14-ը: Մրցույթի վերջնական փուլին կմասնակցի երեք թիմ, որոնք Հայաստան կժամանեն եւ այստեղ կլինեն հոկտեմբերի 16-20-ը «Ավրորա» ֆորումին: Հաղթող թիմը կստանա 4,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ, իսկ մյուս երկու թիմերից յուրաքանչյուրը՝ 500 ԱՄՆ դոլար: «Երիտասարդական Ավրորային» մասնակցության հայտ ներկայացրած բոլոր թիմերի հետ կաշխատեն փորձագետները՝ UWC շարժման եւ Teach for All ցանցի միջոցով:

«Այս նախագիծն իրականացնողները հավատում են, որ մարդասիրական արժեքների համաշխարհային ճգնաժամի պայմաններում կարեւոր է երիտասարդներին համակել ոգեշնչող օրինակներով: UWC-ի կրթական մոդելը միայն գիտելիք տալու մասին չէ, այն նաեւ կրթում է ապագա առաջնորդների՝ նրանց փոխանցելով մարդասիրական ուժեղ արժեքներ, ձեւավորում է առաջնորդների, որոնք հոգ կտանեն իրենց համայնքների եւ, ընդհանրապես, հասարակության մասին: «Երիտասարդական Ավրորան» հնարավորություն է տալիս նրանց, գործի դնելով իրենց գիտելիքը, հմտությունները եւ ձգտումները, մշակել եւ իրագործել հատուկ ծրագրեր, որոնք կունենան չափելի ազդեցություն: Այն խրախուսում է երիտասարդներին՝ փոփոխություն բերել եւ հասարակության մեջ դրական դերակատարներ դառնալ վաղ տարիքից»,- ասաց UWC Դիլիջան միջազգային դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ եւ «Scholae Mundi»-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

Առաջարկվող նախագծերը գնահատում է հարգարժան մարդկանցից ձեւավորված Ընտրող հանձնաժողովը, որի կազմում են ձեռներեցներ, բարերարներ եւ համաշխարհային առաջնորդներ:  Յուրաքանչյուր նախագիծ գնահատելիս հաշվի է առնվում դրա յուրօրինակությունը, կայունությունը, հետազոտության որակը, ազդեցության ներուժը, նվիրվածությունը եւ ինքնաանդրադարձումը (որքանո՞վ են խմբի անդամներն իրենց դերն ընկալում մարդասիրական նախագիծ ստեղծելիս):

««Ավրորա» մարդասիրական նախագծի առաքելությունն է՝ աջակցել ուսանողների նախագծերին, որոնք առաջարկում են լուծումներ եւ կայուն մոտեցում համապատասխան խնդիրների համար: Ոչ ոք անտարբեր չպետք է լինի ուրիշների տառապանքների նկատմամբ, եւ «Ավրորայի» ոգին սովորեցնում է այս երիտասարդներին, որ նրանք կարո՛ղ են եւ պե՛տք է, որքան նրանց ուժերը ներում են, օգնության ձեռք մեկնեն կարիքի մեջ գտնվողներին: Ընդհանրապես, կրթությունը կարեւոր է, իսկ այս դասը կարող է ամենաարժեքավորներից մեկը դառնալ»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան:

«Չափազանց ուրախ ենք, որ UWC-ի ուսանողներն ամբողջ աշխարհում եւս մեկ անգամ կընդունեն մարտահրավերը եւ «Ավրորա» մարդասիրական նախագծի միջոցով էական փոփոխություն կբերեն: «Երիտասարդական Ավրորան» լավ հնարավորություն է մեր ուսանողների համար՝ «զարգացնելու մարդասիրական մկանները» եւ իրենց ստացած կրթությունը գործի վերածելու: Նորից եւ նորից իդեալիզմի, անձնուրաց լիդերության եվ կարեկցանքի միջոցով UWC-ի ուսանողներն իրենց օրինակով ցույց կտան, թե ինչ է նշանակում ապրել՝ համաձայն UWC-ի առաքելության»,- ասաց UWC International-ի  գործադիր տնօրեն Յենս Ուոլթերմանը:

2018-ին հաղթող էր ճանաչվել «HOPE» նախագիծը, որը մշակել էին UWC Չանգշու Չինաստանի ուսանողները: «HOPE»-ը ստեղծվել էր երեխաների նկատմամբ սեռական բռնությունը կանխելու համար՝ տրամադրելով դասընթացներ Չանգշուի եւ դրան հարակից տարածքներում գործող դպրոցներում եւ առցանց, երեխաներին եւ ուսուցիչներին սովորեցնելով, թե ինչպես պայքարել սեռական բռնության դեմ եւ կանխել այն: