logo
ՓԱԿԵԼMenu
ԱՎՐՈՐԱՅԻ ԵՎ UWC-Ի ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾԸ

ԱՎՐՈՐԱՅԻ ԵՎ UWC-Ի ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾԸ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ընդլայնել է իր ծրագրերի շրջանակը՝ մեկնարկելով «ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցներին» նախագիծը:
 
Այն խրախուսում է United World Colleges (Աշխարհի միացյալ քոլեջներ, UWC) ցանցի դպրոցների ու քոլեջների ուսանողներին ստեղծել եւ հետագայում զարգացնել այնպիսի նախագծեր, որոնք առնչվում են մարդասիրական խնդիրների եւ ունեն առանձնահատուկ կարեւորություն UWC ցանցի համար: «UWC ցանցի դպրոցների ու քոլեջների համար «Ավրորա» մարդասիրական ծրագիրը» կարժեւորի էական ազդեցություն թողնելու հնարավորությամբ նախագծերը եւ հաղթողին կտրամադրի դրամաշնորհ՝ նախագծի հետագա զարգացման համար: 
 
«ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցներին» նախագծի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրների վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ 
 
«Մենք ստեղծել ենք «ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցներին» նախագիծը՝ խրախուսելու UWC ցանցի ուսանողներին, որպեսզի նրանք ներգրավվեն մարդասիրական հարցերում եւ հետաքրքրվեն, թե իրենք ինչպես կարող են զգալի ազդեցություն ունենալ այն խնդիրների վրա, որոնց մարդիկ եւ համայնքներն առերեսվում են: Մենք ցանկանում ենք ոգեշնչել ուսանողներին համատեղել ուժերը եւ օգտագործել UWC ցանցի շրջանավարտների մասնագիտական փորձը, որպեսզի առաջ մղեն ստեղծագործական, կայուն եւ հստակ ծրագրեր՝ ապագան ավելի լավը եւ մարդկային դարձնելու համար»,- ասել է UWC Dilijan միջազգային քոլեջի հիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:
 
2016թ. ապրիլին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ եւ Not On Our Watch մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ջորջ Քլունին այցելել է UWC Dilijan միջազգային քոլեջ՝ ի թիվս Հայաստանում անցկացված մի շարք այլ միջոցառումների:
 
«ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցներին» ոչ միայն ներգրավում է ուսանողներին ու աշխատակիցներին, այլեւ կոչ է անում UWC ցանցի շրջանավարտներին աջակցել ծրագրին՝ ներգրավվելով բոլոր մասնակից թիմերում: Նրանք կարող են օժանդակել ծրագրին որպես խորհրդատուներ՝ հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի առանձնահատուկ հմտություններն ու մասնագիտական փորձը եւ ամրապնդելով UWC ցանցի ներկա եւ նախկին ուսանողների համագործակցությունը:
 
«Այս նախաձեռնությունը կարեւոր անկյունաքար է UWC շարժման ռազմավարությունն առաջ մղելու հարցում. խաղաղությունն ու կայունությունը դարձնելով առաքելություն` ուսանողների եւ շրջանավարտների կրթությամբ: Մեր ուսանողների եւ շրջանավարտների առաջարկած մարդասիրական նախագծերի միջոցով մենք դառնում ենք խաղաղության իրական եւ գործնական տարածողները: Սա է UWC ցանցի նպատակը»,- ընդգծել է UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուալտերմանը:
 
Յուրաքանչյուր նախագիծ գնահատվելու է իր յուրօրինակության (ինչպիսի՞ նորարական եւ յուրօրինակ մոտեցմամբ է այն անդրադառնում հումանիտար խնդրին), կայունության (որքա՞ն կայուն եւ երկարաժամկետ այն կարող է լինել), հետազոտության որակի (որքանո՞վ է հետազոտությունն անդրադառնում եւ փորձում բացահայտել հումանիտար խնդրի սկզբնավորման պատճառները), ազդեցության (ո՞րն է ակնկալվող ազդեցությունը եւ երկարաժամկետ արդյունքը), նվիրվածության (ինչպիսի՞ անձնվիրություն են ցուցաբերում թիմի անդամները՝ նախագծի ստեղծման եւ իրականացման մտադրություններում) եւ ինքնաանդրադարձման (որքանո՞վ են խմբի անդամներն իրենց դերն ընկալում մարդասիրական նախագիծ ստեղծելիս) համար: Ծրագրի ընտրված երեք հավակնորդ թիմերը կժամանեն Երեւան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը՝ 2017թ. մայիսի 28-ին: Հաղթող նախագիծը կստանա 4000 դոլարի պարգեւ՝ նախագծի հետագա մշակման եւ իրականացման համար:
 
UWC ցանցի բոլոր 16 դպրոցներն ու քոլեջները հաստատել են իրենց մասնակցությունը «ԱՎՐՈՐԱՆ՝ UWC ցանցի դպրոցներին» նախագծին: