«Մատյան մարդասիրաց»

«Մատյան մարդասիրաց»

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը, Մատենադարանում հատուկ արարողություն էր: «Մատյան մարդասիրաց» ձեռագրում արձանագրվեցին 2019 թ. «Ավրորայի» հերոսների անունները: Եզակի այդ մատյանը կցուցադրվի Մատենադարանի հնատիպ գրքերի սրահում ապրիլի 24-ից հոկտեմբերի 20-ը, երբ հայտնի կդառնա 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Նրա անունը եւս կներկայացվի ձեռագիր մատյանում: 
 

«Մատյան մարդասիրացը» XXI դարում ստեղծված բացառիկ ձեռագիր է, որն առաջին անգամ ներկայացվեց 2018 թ. ապրիլի 24-ին: Այն առաջինն է, որն ստեղծվում է հենց Մատենադարանում՝ հայկական ժառանգության պահպանման եւ մարդասիրության այս կարեւորագույն կենտրոնում:  Ձեռագիրն ստեղծվել է՝ պահպանելով հայ մատենագրության բոլոր ավանդույթները. մագաղաթը եւ օգտագործված բոլոր նյութերը բնական են:

Մատենադարան, ապրիլի 24, 2019 թ.

Ձեռագիրն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության ամբողջ ժամանակագրությունը, «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների պատմությունները, «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցությունը: 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց մատյանում 2018-ի հունիսի 10-ին՝ ««Ավրորա». մարդասիրության զարթոնք» հանդիսավոր արարողությունից հետո, որը տեղի ունեցավ արեւածագին:

Ձախից աջ. Նուբար Աֆեյան` Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Վահան Տեր-Ղեւոնդյան` Մատենադարանի տնօրեն, Ռուբեն Վարդանյան՝ սոցիալական ներդրող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր