ԱՎՐՈՐԱ. ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔ

ԱՎՐՈՐԱ. ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔ

Ի տարբերություն նախորդ երկու տարիների «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունների, 2018թ. հանդիսավոր արարողությունը բաժանվել էր երեք մասի՝ կազմելով եռագրություն, որի երկրորդ մասը՝ արեւածագի արարողությունը, տեղի ունեցավ Երեւանից դուրս՝ Արարատ լեռանը Հայաստանի սահմաններում հնարավորինս մոտ։ Խորհրդանշական էին ե՛ւ ընտրված ժամանակը, ե՛ւ վայրը։ «Ավրորա» նշանակում է «արշալույս» եւ նվիրված է մարդկության արթնացումին, մարդկայնության զարթոնքին։ Ուստի, «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունն ազդարարվեց այդ վայրում, այգաբացին, հրավիրյալ մարդասերների համեմատաբար փոքր խմբի ներկայությամբ։

2018թ. հունիսի 10-ին «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր դարձավ իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։