2023 թ. հունվարի 26-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ միջոցառմանը ներկա էին «Ավրորա» կրթաթոշակի արժանացած ուսանողներն ու շրջանավարտները, ինչպես նաեւ մարդասիրական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիմնական բանախոսը 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպան եւ մանկավարժ, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանին էր:
25 տարի շարունակ Ջամիլան իր կյանքը նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։ Մինչեւ 2021 թ. օգոստոս ամիսը «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության ջանքերով ավելի քան 100.000 կին ներգրավված էր գրագիտության ծրագրերում՝ բազմաթիվ համայնքներում տեղի կանանց կողմից ղեկավարվող փոքր կենտրոնների ստեղծման շնորհիվ: Կազմակերպությունը նաեւ իրավաբանական եւ հոգեբանական աջակցություն է տրամադրում ընտանեկան բռնության զոհ դարձած ավելի քան 10.000 կնոջ: Ստիպված լինելով լքել Աֆղանստանը՝ Ջամիլան շարունակում է օգնել մարդկանց հեռվից:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տրամադրել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակներ՝ հնարավորություն ընձեռելով Արցախի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի քաղաքացիներին ուսանելու Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ մասնակի կամ ամբողջությամբ տրամադրելով ուսման վարձը: Կրթաթոշակն ստեղծվել է մարդասիրական արժեքներն առաջ մղելու նպատակով, ինչը կարեւոր է գլոբալացվող աշխարհում եւ էական է ուսանողների համար, որոնք վաղվա հասարակական ակտիվիստներն ու առաջատարներն են դառնալու Հայաստանում եւ հարեւան երկրներում: Կրթաթոշակի ստեղծումից ի վեր նախաձեռնությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել ՀԱՀ-ի բակալավրիատի եւ մագիստրատուրայի 69 ուսանողի, որոնցից 20-ը ներկայումս սովորում են համալսարանում:
Հանդիպման մասնակիցները նախ դիտեցին Ջամիլա Աֆղանիի գործունեության մասին պատմող ֆիլմը, իսկ հետո միացան նրա հետ առցանց քննարկմանը, որի ընթացքում բանախոսը նաեւ հարցեր ուղղեց հանդիսատեսին: ««Ավրորայի» կողմից ճանաչման արժանանալն ինձ ավելի մեծ ուժ է տալիս՝ շարունակելու իմ աշխատանքը: Հիմա ես միջազգային հանրության բեմահարթակում եմ՝ խոսելու նրանց փոխարեն, ովքեր չեն կարող դա անել։ Ես այստեղ եմ, որպեսզի ավելի լսելի դարձնեմ այն մարդկանց ձայնը, որոնք չունեն միջազգային հանրությանը հասնելու ճանապարհ», - ասաց Ջամիլա Աֆղանին բացման խոսքում:
Հարցին, թե ինչպես է շարունակում, ուժ գտնում գործելու անգամ դժվարության պահին, նա պատասխանեց. «Նույնիսկ եթե մենք մի երկրից ենք, որտեղ դժվարությունները շատ են, դա չպետք է խանգարի մեզ լինել լավ մարդ»: Նա նաեւ ընդգծեց իր պատասխանատվությունը հաջորդ սերնդի նկատմամբ եւ ցանկությունը՝ այսօրվա խնդիրները լուծելու բեռը վաղն իր երեխաների վրա չթողնելու մասին:
Ջամիլա Աֆղանիի հետ զրույցից հետո քննարկմանը մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց աշխատանքի մասին պատմեցին «Ավրորա» կրթաթոշակառու ուսանողներին, որոնք հետագայում աշխատանքային փորձառություն կանցնեն այս կազմակերպություններում:
Գլխավոր լուսանկար՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանին միացավ առցանց քննարկմանը