«Ավրորան» մասնակցել է Երեւանում տեղի ունեցած ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին

«Ավրորան» մասնակցել է Երեւանում տեղի ունեցած ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին

Ապրիլի 24-ին մի շարք միջոցառումներ անցկացվեցին Երեւանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Հարգանքի տուրք մատուցվեց Ցեղասպանության նահատակների հիշատակին՝ կարեւորելով նաեւ այն վերապրողների ուժն ու մնայուն ժառանգությունը: Այս միջոցառումները նախաձեռնել էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Աֆեյան» նախաձեռնություններ Հայաստանի համար (AIFA) հիմնադրամը։ 

Օրն սկսվեց 1915 թ․ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց: Ամեն տարի հիշատակի այս օրը հայերը եւ նրանց աջակիցները շարունակում են համախմբվել ամբողջ աշխարհում՝ եւս մեկ անգամ հայտնելու համերաշխություն եւ խորհելու օրվա խորհրդի մասին։ 

Ավելի ուշ Մատենադարանում բացվեց «Մատյան մարդասիրաց» ձեռագրի ցուցադրությունը։ Մեկ ամիս շարունակ այցելուները հնարավորություն կունենան հիանալու այս պատմական ձեռագրի նմուշով։ Ամբողջությամբ պատրաստված լինելով բնական նյութերով եւ հնագույն ավանդույթների համաձայն՝ «Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջինն է, որ ստեղծվել է Մատենադարանում 21-րդ դարում: Առաջին անգամ այն ներկայացվել է 2018 թվականին եւ պատմում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելության եւ նրա «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարախոսության մասին։ 

Այս տարի ցուցադրվում է այն էջը, որն արտացոլում է Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը։ Ձեռագիրը ներկայացրեցին Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաները, որոնք եւ օգնել են նկարազարդել ժամանակակից արվեստի այս գլուխգործոցը։ 

Օրվա եզրափակիչ միջոցառումն Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակի մոտ էր, որը բացվել է 2024 թ․ սեպտեմբերին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին քանդակի մոտ եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանությունը վերապրած, բարերար եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներշնչանքի աղբյուր դարձած Ավրորա Մարդիգանյանին:

Երկկողմանի հուշակոթող-քանդակի հեղինակն իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է, ճարտարապետը՝ Աշոտ Արշակյանը։ Այն միաժամանակ արտացոլում է Ցեղասպանության սարսափներն ու վերապրումի ուժը։ Հուշարձանին ի պահ է տրված Ավրորա Մարդիգանյանի՝ Լոս Անջելեսում գտնվող ընդհանուր գերեզմանից վերցված հող եւ Դեր Զորի անապատից մասունք։   

2025 թ․ ոգեկոչման այս արարողություններն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ համընկնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի հետ։ Ստեղծվելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորան» շարունակում է արձագանքել մարդասիրական խնդիրներին ամբողջ աշխարհում՝ օգնության ձեռք մեկնելով ամենախոցելի խմբերին։