Երեւանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ

Երեւանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ

Այսօր տեղի ունեցավ Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակի բացման արարողությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում: Այն նախաձեռնել եւ իրագործել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Բացման արարողությանը հաջորդեց մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն  վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին: 

Ավրորա Մարդիգանյանը երիտասարդ աղջիկ էր, որն, անցնելով Հայոց ցեղասպանության սարսափների միջով,  կարողացավ նոր կյանք սկսել Ամերիկայում: Նա դարձավ համր կինոյի դարաշրջանի հոլիվուդյան աստղ եւ բարերար: Նրա պատմությունը խորապես հուզել էր Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին եւ Ռուբեն Վարդանյանին, որոնք 2015 թ. որոշեցին ի պատիվ նրա անվանակոչել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվեց՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Հուշակոթող-քանդակը հարգանքի տուրք է նաեւ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 միլիոն սրբադասված նահատակներին: Հուշարձանին ի պահ է տրված  Ավրորա Մարդիգանյանի՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող ընդհանուր գերեզմանից վերցված հող եւ Դեր Զորի անապատի զոհերի մասունք՝ բերված Լիբանանի Անթիլիաս քաղաքից։ 

«Որպես հայ՝ ինձ համար մեծ նշանակություն ունի այս հուշակոթող-քանդակը։ Այն արտահայտում է մեր երախտագիտությունն Ավրորա Մարդիգանյանին եւ մեր ուրախությունը, որ նա վերջապես տուն վերադարձավ»,- ասաց թատերագետ եւ երգահան Մարինե Ալեսը, որը՝ որպես «Ավրորայի» Ստեղծագործական խորհրդի նախագահ, իր առաջնորդությամբ եւ տեսլականով օգնել է կյանքի կոչել այս գաղափարը: «Հուշակոթող-քանդակը նաեւ մեր հարատեւ հիշողության եւ հարգանքի խորհրդանիշն է: Ես խորապես հավատում եմ, որ մենք պատասխանատվություն ունենք հաջորդ սերնդի առաջ՝ փոխանցելու նրանց համամարդկային արժեքներ, հատկապես այսօր, երբ աշխարհը կանգնած է մեծագույն մարտահրավերների առաջ»: 

Երկկողմանի հուշակոթող-քանդակի հեղինակն իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է: Այն արտացոլում է Ավրորա Մարդիգանյանի կյանքը՝ նրա անցած ճանապարհը Ցեղասպանության վայրագությունների միջով եւ փրկությունն ԱՄՆ-ում: Քանդակի մի կողմում պատկերված են կանայք, որոնք տառապում են Դեր Զորի անապատի ճանապարհներին. նրանց թվում է երիտասարդ Ավրորան: Քանդակի ճակատային մասում նա առանձնանում է՝ որպես կին, որը հաղթեց մահն ու իր պատմությունը պատմեց աշխարհին՝ սերունդների համար դառնալով խիզախումի եւ վերապրումի մարմնացում: Քանդակի երկու կողմերը միաձույլ չեն. դրանց միջեւ հեռավորությունը թույլ է տալիս, որ լույսի եւ ստվերի միջոցով միահյուսվեն Ավրորայի կյանքի երկու փուլերը: 

«Այս քանդակի ստեղծումը բարդ եւ միաժամանակ խորապես ոգեշնչող մարտահրավեր էր, ուստի ինձ համար եւ խոնարհում, եւ պատիվ է ներկայացնել այն այսօր»,- ասաց հուշակոթող-քանդակի հեղինակ Վիգեն Ավետիսը: «Նվիրված լինելով սքանչելի Ավրորա Մարդիգանյանին՝ այս հուշարձանը նշանակալիորեն համալրում է Երեւանի մարդասիրական պատկերը՝ որպես խիզախության, փրկության եւ հարատեւ հույսի վկայություն: Ես հավերժ երախտապարտ եմ այս ոգեշնչող նախագծի մասնակիցը լինելու համար»: 

 

Ի թիվս այլ հարգարժան հյուրերի՝ բացման արարաղությանը ներկա էին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական ​​պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ Կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի անդամներ Աննա Աֆեյանը, Էրիկ Էսրայիլյանն ու Արման Ջիլավյանը, Երեւանի քաղաքապետարանի, Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչներ: 

Հուշակոթող-քանդակը հանդիսավոր բացեցին Վերոնիկա Զոնաբենդը եւ Աննա Աֆեյանը`  միանալով «Ավրորայի»՝ մարդասիրության եւ երախտագիտության կոչին: Միջոցառմանը ելույթ ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, որը ներկաներին հուզեց հայկական ստեղծագործությունների տպավորիչ կատարումներով: 

Հատուկ այս առիթով  Մատենադարանից դուրս է բերվել  XXI դարում այնտեղ ստեղծված առաջին՝  «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրության ներկայացվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատմությանն ու գործունեությանը նվիրված այս յուրօրինակ ձեռագրի վերջին էջը՝ նորաբաց հուշակոթող-քանդակի պատկերով: «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մինչեւ 2024 թ. հոկտեմբերի 7-ը: