logo
ՓԱԿԵԼMenu
Ի հիշատակ Վարդան Գրեգորյանի՝ «Ավրորան» 50.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մխիթարյան միաբանությանը

Ի հիշատակ Վարդան Գրեգորյանի՝ «Ավրորան» 50.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մխիթարյան միաբանությանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 50.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել Սուրբ Ղազարում Մխիթարյան միաբանության գրադարանին՝ ի հիշատակ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի, որը կյանքից հեռացավ 2021 թվականին

Ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, գրող, մանկավարժ եւ մենթոր Վարդան Գրեգորյանը մի քանի տասնամյակ բացառիկ գործունեություն ծավալեց՝ հատելով գիտական եւ բարեգործական սահմանները: Գրադարաններն, ըստ Վարդան Գրեգորյանի, մարդկության ամբարված գիտելիքի տաճարներ են, եւ այս դրամաշնորհը հարգանքի տուրք է նրա թողած բացառիկ ժառանգությանը: 

«Մենք ուրախ ենք Վարդան Գրեգորյանի հիշատակը նման իմաստալից կերպով հարգելու հնարավորության համար: Տարիներ շարունակ Վարդանը կենսական դերակատարում է ունեցել տարբեր նախագծերում եւ կազմակերպություններում, բայց «Ավրորան» միշտ յուրահատուկ է եղել նրա համար: Այսօր մենք շարունակում ենք մեր աշխատանքը նրա անունից՝ պահպանելով հայկական ժառանգությունը եւ առաջ մղելով մարդասիրական ջանքերը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության գրադարանում տարբեր լեզուներով ավելի քան 150.000 հատոր է պահվում, այդ թվում՝ ձեռագրեր, հնագույն գրքեր, պատմական եւ գիտական աշխատություններ: Միաբանության հիմնադիր աբբահայր Մխիթարը եւ նրա գործընկերները միշտ իրենց առաքելությունն են համարել գրքերի հրատարակությունը, հավաքագրումն ու պահպանումը՝ հատկապես հայկական: Այսօր Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան միաբանության ընդարձակ Մատենադարանում, պատմական եզակի նմուշներ են պահվում, իսկ միաբանությունը շարունակում է մնալ հայագիտության առաջավոր կենտրոններից մեկը: 

«Վարդանը կրթության եւ լուսավորության ջերմեռանդ ջատագով էր ու նա ուրախ կլիներ «Ավրորայի» որոշման համար՝ աջակցելու այս նշանավոր գրադարանին: Նրա համար գրքերը «հույսի կայաններ» էին, իսկ այս նվերն ուղղված է նրան, որպեսզի վստահ լինենք, որ Սուրբ Ղազար կղզում պահվող հայկական մշակույթին եւ ժառանգությանը նվիրված հնագույն արձանագրությունները դարեր շարունակ կլինեն հույսի կայաններ հայերի համար»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: 

«Միաբանության համար պատիվ է ընդունել այս առատաձեռն նվերն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից, որն իր ջանքերն է ուղղում մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը եւ երկրորդ հնարավորություն տալիս ամենակարիքավորներին: Վարդան Գրեգորյանն իսկապես բացառիկ ուսյալ էր, եւ նրա ժառանգությունը հավերժ կհիշվի: Մենք շատ երախտապարտ ենք այս դրամաշնորհի համար եւ անհամբեր ենք այն լավագույնս օգտագործելու մեր գրադարանի բազմաթիվ կարիքների համար՝ հանուն Վարդանի»,- ասաց Վենետիկի Մխիթարյան միաբանության  քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը: 

2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի ունեցան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Այդ օրերին հյուրերն ու մասնակիցները՝ ներառյալ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը: Սա առաջին անգամ էր, որ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն անցկացվում էր Եվրոպայում: 

Լուսանկարը՝ Սուրբ Ղազարի Մատենադարան