«ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրն իրականացվել է 2020-2023 թթ. եւ աջակցել է այն նախագծերին, որոնք ուղղված են եղել մարդասիրական օգնությանը, առողջապահությանը, սոցիալական զարգացմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, կրթությանը, մշակույթին եւ սպորտին: Ընդհանուր առմամբ, այն օգնության ձեռք է մեկնել ավելի քան 150.000 մարդու: Ծրագիրն ավարտվել է 2023 թ. հունիսի 30-ին. ամփոփիչ արդյունքները կարող եք գտնել այստեղ:
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, որի հետեւանքով տուժեցին հազարավոր մարդիկ՝ շատերը ստիպված լինելով լքել իրենց տները: «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը մեկնարկեց 2020 թ. նոյեմբերին՝ օգնության ձեռք մեկնելու այս հարձակման հետեւանքով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած երեխաներին եւ մեծահասակներին: Այն իրականացվեց նաեւ #AraratChallenge համաշխարհային շարժման հայթայթած միջոցներով, որն ուղղված էր մարդասիրական կարիքների բավարարմանը Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայ համայնքներում:
Ի սկզբանե ուղղված լինելով պատերազմից տուժած մարդկանց հրատապ օժանդակություն տրամադրելուն՝ ավելի ուշ ծրագիրն սկսեց աջակցել հիմնականում այնպիսի նախագծերի, որոնք խթանում էին տարածաշրջանի սոցիալական երկարաժամկետ զարգացումը: Ծրագիրն իրագործելիս «Ավրորան» գործի դրեց նաեւ իր ստեղծած կամավորական ցանցը՝ կապ հաստատելու մարդկային ռեսուրսի կարիք ունեցող մարդասիրական կազմակերպությունների եւ այն մարդկանց միջեւ, որոնք ցանկանում էին նվիրաբերել իրենց ժամանակն ու փորձառությունը։
«ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի շրջանակում Հայաստան եւ Արցախ այցելեցին հայտնի մարդասերներ, որոնց թվում էին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշները եւ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային: Այս այցերն իրականացվում էին՝ ուսումնասիրելու տեղի բնակչությանն օգնելու եւ Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու նոր հնարավորություններ:
2021 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նոր գրասենյակ բացեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ավելի արդյունավետ դարձնելու տեղում ծրագրի գործունեությունը, ինչպես նաեւ ամրապնդելու իր ներկայությունը տարածաշրջանում։ 2021 թ. մայիսի 2-ին Դիլիջանի միջազգային դպրոցում անցկացվեց Aurora Dialogues «Գործընկերություն հանուն Արցախի» խորագրով քննարկում, որտեղ մանրամասն անդրադարձան անվտանգության, սոցիալական եւ տնտեսական հարցերին: Այս քննարկումը շարունակվեց նույն թվականի սեպտեմբերի 11-ին Արցախում, որտեղ նախորդ միջոցառման աշխատարանների մոդերատորները ներկայացրին վերջին ամիսների իրենց թիմային աշխատանքի արդյունքը եւ դիտարկեցին «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրին ներկայացված նոր հայտերը:
2021 թ. դեկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպեցին Սուրբծննդյան տոնավաճառ, որից ստացված ողջ հասույթը՝ մոտ 25.000 ԱՄՆ դոլար, ուղղվեց Հայաստանում ապրող տեղահանված մարդկանց աջակցության ծրագրերին:
«ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորան» 2.2 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ աջակցելով 93 նախագծի, որոնք իրագործվել են տեղի եւ միջազգային 70 գործընկերների կողմից: Սա ներառում է նաեւ 1 մլն ԱՄՆ դոլար նվիրատվությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որը տրամադրվեց` աջակցելու պատերազմից տուժած մարդկանց օգնելու ջանքերին:
Արցախի պատերազմից տուժած մարդկանց մեծ մասն ուղղակի կամ անուղղակի կերպով օգտվել է «Ավրորայի» որեւէ նախագծից։ Շատերն օգտվել են մեկից ավելի նախագծերից: Ծրագիրն ավարտվել է 2023 թ. հունիսի 30-ին. ամփոփիչ արդյունքները կարող եք գտնել այստեղ: