logo
ՓԱԿԵԼMenu
Նյու Յորքում հարգանքի տուրք են մատուցել «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի ժառանգությանը

Նյու Յորքում հարգանքի տուրք են մատուցել «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի ժառանգությանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը միացել է 2022 թ. ապրիլի 13-ին Նյու Յորք քաղաքի «Կարնեգի հոլում» տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը, որը նվիրված էր Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, դոկտոր Գրեգորյանի հիշատակին։ Նա կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին: Հիշատակի միջոցառումը նախաձեռնել էին Վարդան Գրեգորյանի ընտանիքը եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան: 

Վարդան Գրեգորյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու ականավոր գործընկերները ներկայացրին նրա մասին իրենց հիշողություններն ու նրանից սովորածը: Բանախոսները նշեցին  դոկտոր Գրեգորյանի ձեռքբերումները բարերարության եւ գրադարանային գործում, կրթական հաստատություններում, արվեստի եւ մշակութային կազմակերպություններում՝ մեծարեով նրա ինքնատիպ ունակություններն ու կարողությունները։: Ներկայացվեցին նաեւ Վարդան Գրեգորյանի կյանքի յուրաքանչյուր փուլի վավերագիր լուսանկարներ ու տեսանյութեր եւ նրա մասին անձնական հիշողություններով լի, հուզիչ տեսաուղերձներ: 

«Երկար տարիներ, որ ճանաչել եմ Վարդանին, միշտ զգացել եմ նրա հայացքն իմ թիկունքում, որ անհանգստանում էր ինձ համար, մարտահրավեր նետում եւ առաջնորդում: Եվ ես զգում եմ, որ նա այսօր եւս ներկա է այստեղ եւ հետեւում է մեզ բոլորիս: Վարդանն ուղեվար լույս էր, որ փայլում էր նրանց համար, ովքեր գիտեին նրան, եւ նրանց համար, ովքեր չգիտեին»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդեռնայի» համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը:

Ծնվելով Իրանի Թավրիզ քաղաքում՝ արդեն երիտասարդ տարիքում Վարդան Գրեգորյանն անհամար մարտահրավերներ հաղթահարեց Միացյալ Նահանգներում՝ որպես ներգաղթյալ: Բայց նա շարունակեց նշանակալի կարիերա կառուցել, որը տեւեց մի քանի տասնամյակ՝ հատելով իրեն հյուրընկալող երկրի գիտական, բարեգործական եւ մշակութային սահմանները: Նա կարեւոր ներդրում է ունեցել անթիվ ծրագրերում եւ հիմնադրամներում: Նա եղել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկը. նախաձեռնություն, որը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին:

«Ավրորան» էապես բարեփոխել է խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ բացահայտելով եւ աջակցելով մարդասեր հերոսներին ու նրանց խիզախ գործունեությունն ամբողջ աշխարհում: Վարդան Գրեգորյանի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին «Ավրորայի» համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախաձեռնության համահիմնադիրները, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահն ու մի քանի անդամներ, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրները: 

Նուբար Աֆեյանի ելույթը Վարդան Գրեգորյանի հիշատակին նվիրված միջոցառմանը կարող եք դիտել ստորեւ (անգլերեն):