«Ավրորայի» նախագահ Թոմ Քաթինան տարածում է «Երախտագիտությունն՝ ի գործ» ուղերձը

«Ավրորայի» նախագահ Թոմ Քաթինան տարածում է «Երախտագիտությունն՝ ի գործ» ուղերձը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան դասախոսություններ եւ հանդիպումներ է ունեցել մի շարք համալսարաններում, ինչպես նաեւ մասնակցել առողջության եւ մարդասիրության մասին քննարկումների: 

2019 թ. տարեվերջին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան  դասախոսություններ է կարդացել եւ մասնակցել աշխարհի առաջատար գիտակրթական հաստատությունների կողմից կազմակերպված առողջության եւ մարդասիրության մասին քննարկումների: Սա շարունակությունն է այն ավանդույթի, որը ձեւավորվել է նրա՝ «Ավրորայի» նախագահ դառնալուց ի վեր: Բժիշկ Քաթինան ուղեւովել էր Միացյալ Նահանգներ, Եվրոպա եւ Աֆրիկա՝ մասնակցելու համաժողովների, ֆորումների եւ հանրային միջոցառումների, այդ թվում՝ Փարիզի խաղաղության ֆորումին, Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին եւ Էյդէքս Նայրոբի համաժողովին:

Փորձի փոխանակում երիտասարդ բժիշկ միսիոներների հետ Թենեսիում կայացած Կաթոլիկ բժշկական ասոցիացիայի տարեկան համաժողովին: Սեպտեմբերի 27, 2019 թ.

Թոմ Քաթինայի ուղեւորության մեկնարկը նշանավորվեց «Երախտագիտությունն՝ ի գործ. մեկ բժիշկ, մեկ հիվանդանոց եւ մեկ միլիոն հիվանդ» դասախոսությամբ, որը տեղի ունեցավ Հյուսիսային Կարոլինայի Դյուքի աստվածաբանության դպրոցում: Դա խորհրդանշական տունդարձ էր Դյուքի բժշկական դպրոցի շրջանավարտի համար: Բժիշկ Քաթինան անկեղծ զրուցեց ապագա բժիշկների հետ, պատմեց նրանց իր կյանքի եւ աշխատանքի մասին՝ որպես Սուդանի Նուբայի լեռներում աշխատող բժիշկ: Անկեղծ զրույցը վերածվեց նույնքան անկեղծ քննարկման այն մասին, թե հոգեկան, ֆիզիկական եւ հոգեբանական ինչ խնդիրներ կարող են առաջ գալ, երբ աշխատում ես հակամարտության գոտում, որտեղ մարդասիրական օգնությունն սահմանափակ է: Նրանք խոսեցին նաեւ մարդուն առաջ մղող ուժի եւ կյանքում իր կոչումը գտնելու ճանապարհի մասին:

Քաթինայի անվան դասախոսությունների շարքից առաջինը՝ բժշկության, հավատի եւ ծառայության մասին: Այն կարդաց բժիշկ Թոմ Քաթինան Դյուքի աստվածաբանության դպրոցում: Նոյեմբերի 19, 2019 թ.

«Աշխատեք այնպես կառուցել ձեր կյանքը, որ կարողանաք ծառայել մյուսներին՝ օգտագործելով ձեր կարողություններն ու տաղանդը: Միշտ էլ կա մի բան, որով կարող եք ձեր ներդրումն ունենալ: Պարզապես կամք է պետք: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն էլ ինչ-որ բան ունի տալու: Երբ երիտասարդ ես, ուզում ես հասկանալ, թե ինչով ես զբաղվելու, եւ միակ բանը, որ կարող ես անել՝  ականջ դնել սրտի կանչին: Ինչո՞վ կցանկանայիք զբաղվել, օրինակ՝ երբ լինեիք 20, 30, 40 տարեկան»,- ասաց բժիշկ Թոմ Քաթինան: Նվիրատվությունների շնորհիվ՝ Դյուքի աստվածաբանության դպրոցը Թոմաս Ջերարդ Քաթինայի անվան դասախոսությունների շարք է սկսել՝ ոգեշնչված եւ ի պատիվ բժիշկ Քաթինայի: Ամենամյա այս դասախոսություններին կհրավիրվեն բանախոսներ, որոնք գիտության նորարարներ են, զբաղվում են աստվածաբանությամբ, բժշկությամբ եւ մշակույթով:

Թոմ Քաթինան եւս երկու սեմինարի մասնակցեց Դյուքի համալսարանում, որտեղ քննարկում էին պատերազմի գոտում բժշկական ծառայություն իրականացնելու դժվարությունները եւ մարգինալ համայնքներին բուժօգնություն տրամադրելու էթիկական կողմը:

Թոմ Քաթինան Դյուքի համալսարանի բժշկական դպրոցի դիմաց, որտեղ նա սովորել է: Նոյեմբերի 19, 2019 թ.

Բաց քննարկումների մի շարք էլ անցկացվեց Հյուսիսային Կարոլինայի եւ Բոստոնի Թաֆթս համալսարաններում, որտեղ ուսանողների հետ քննարկման հիմնական թեման Թոմ Քաթինայի անցած ուղին էր եւ «Ավրորայի» ազդեցությունը նրա կյանքի ու աշխատանքի վրա, ինչպես նաեւ նրա բացառիկ փորձառության՝ անապահով համայնքներին ցուցաբերած աջակցության մասին: Հարվարդի հայ ուսանողների ասոցիացիայի եւ «Medicines for Humanity» առողջապահական կազմակերպության հետ համատեղ «Ավրորան» կազմակերպեց քննարկում Հարվարդի համալսարանում, որի ընթացքում Թոմ Քաթինան եւ Հարվարդի համալսարանի հանրային առողջության դպրոցի ավագ գիտաշխատող Պամելա Սթայները խոսեցին համայնքային մակարդակում մարդասիրական օգնության կարեւորության մասին՝ Սուդանը դիտարկելով որպես հիմնական օրինակ:

Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչերի դպրոցը ուսանողների եւ դասախոսների համար հանդիպում էր կազմակերպել Թոմ Քաթինայի հետ Բոստոնի Թաֆթսի համալսարանում: Նոյեմբերի 26, 2019 թ.

Թոմ Քաթինան մասնակցեց նաեւ 2019 թ. HRHP (Human Rights and Humanitarian Polices, Մարդու իրավունքներ եւ մարդասիրական ռազմավարություններ) համաժողովին՝ նվիրված տեւական ճգնաժամերից տուժած երկրների փորձի ուսումնասիրությանը: Այն անցկացվում էր Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, որտեղ երկու քննարկում նվիրված էր Սուդանի եւ Վենեսուելայի փորձի ուսումնասիրությանը, օգնության քաղաքականացմանը, մարդասիրական տարածքի էական կրճատմանը եւ այնտեղ նոր դերակատարների ի հայտ գալուն:

Ավելի վաղ 2019 թ. նոյեմբերին բժիշկ Քաթինան դասախոսություն էր ունեցել Փարիզի քաղաքագիտական ինստիտուտում (SciencesPo)՝ անդրադառնալով հակամարտության գոտիներում քաղաքական ազդեցությանն առողջապահության վրա, ինչպես նաեւ «Ավրորայի» նման շահույթ չհետապնդող կազմակերպությունների դերակատարմանը, որոնք աջակցում են մարդասիրական աշխատանք իրականացնողներին: 

Բժիշկ Քաթինան մեկն էր այն 7.000 մասնակիցներից, որոնք միացել էին պետությունների եւ կառավարությունների 33 ղեկավարներին Փարիզի խաղաղության ֆորումին: Եռօրյա այդ հավաքը նվիրված էր  հստակ լուծումների, որոնք ներկայացնում էին ֆորումի վեց հիմնական թեմաները՝ խաղաղություն եւ անվտանգություն, զարգացում, բնապահպանություն, նոր տեխնոլոգիաներ, ներառական տնտեսություն, մշակույթ եւ կրթություն: Ֆորումի՝ «Տարածք լուծումների համար» 114 նախագծերի շարքում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը: Նախագիծը ներկայացնելիս IDeA Եվրոպայի գործադիր տնօրեն Պիեռ Գյուրջյանը ներկայացրեց Թոմ Քաթինային եւ «Ավրորան»՝ որպես IDeA-ի կարեւոր բաղադրիչներից մեկը:

Ձախից աջ՝ IDeA Եվրոպայի գործադիր տնօրեն Պիեռ Գյուրջյանը, «Ավրորայի» նախագահ Թոմ Քաթինան եւ 2019 թ. «Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան 2019 թ. Փարիզի խաղաղության ֆորումին: Նոյեմբերի 12, 2019 թ.

«Ավրորայի» եւ այն ներկայացնող մարդասերների համայնքի անունից Թոմ Քաթինան մասնակցեց 2019 թ. Բեռլինում կայացած Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին: Որպես բանախոս՝ նա հանդես եկավ հիմնական նիստում՝ «Վերափոխելով մարդկային կապիտալը. ներդրում կատարելով առողջության եւ կրթության մեջ»: Քննարկմանը մասնակցում էին Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, KPMG աուդիտ, բիզնես ծառայություններ եւ խորհրդատվություն մատուցող համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ եւ գիտնականներ: Բժիշկ Քաթինան խոսեց նաեւ մեկ այլ հարակից պաշտոնական միջոցառման ժամանակ, որտեղ բանախոսներից էր նաեւ Գերմանիայի առողջապահության նախկին նախարար Հերման Գրյոհեն:

Թոմ Քաթինայի ելույթը Բեռլինում կայացած Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովի «Վերափոխելով մարդկային կապիտալը. ներդրում կատարելով առողջության եւ կրթության մեջ» հիմնական նիստում: Հոկտեմբերի 28, 2019 թ.

Էյդէքս Նայրոբի համաժողովին Թոմ Քաթինան խոսեց «Առողջապահության նորարարությունների» մասին՝ փոխանցելով «Ավրորայի» ուղերձը. ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նպատակն է լսելի դարձնել նրանց ձայնը, ովքեր անտեսվում են մարդասիրական համակարգի ներկայիս գործընթացներում, եւ,անշուշտ, նրանց շարքերում է Նուբա լեռների ժողովուրդը: Որպես նախաձեռնության նախագահ՝ ձգտում եմ, որ այն մնա արդյունավետ միջոց՝ ցույց տալու, թե ինչ է կատարվում այնտեղ, լույս սփռելու տեղացիների ծանր դրության վրա, ներկայացնելու, թե ինչպես են մարդիկ տառապում, թե որոշ տեղերում մարդիկ որքան կարիք ունեն օգնության, որպեսզի շարունակեն ապրել եւ, ի վերջո, կարողանան օգնել իրենք իրենց, դառնան ինքնաբավ. ինչն ինձ անչափ կուրախացներ»:

Թոմ Քաթինան խոսում է առողջապահության ոլորտի նորարարությունների մասին 2019 թ. Էյդէքս Նայրոբի համաժողովին: Սեպտեմբերի 11, 2019 թ.

Թոմ Քաթինայի միջմայրցամաքային այս ուղեւորության ընթացքում #AraratChallenge շարժումն առանցքային էր՝  հատկապես Միացյալ Նահանգներում, Ռուանդայում եւ Քենիայում: Լոս Անջելես եւ Ֆրեզնո կատարած այցերը նրան հնարավորություն տվեցին կապ հաստատել հայկական սփյուռքի հետ եւ շարունակել տարածել «Ավրորայի» գաղափարներն ու ներկայացնել նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: