Նախորդ երեք ամիսներին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին նախագահ Թոմ Քաթինան եղավ երեք մայրցամաքներում՝ այցելեց 9 երկիր եւ 17 քաղաքներում մարդկանց ներկայացրեց «Ավրորայի» առաքելությունը:
Համալսարանում դասախոսություն կարդալուց մինչեւ պարգեւատրում՝ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը միջազգային հանրությանը ներկայացրեց նախաձեռնությունն ու դրա գործունեությունը: Մարդասիրության ոլորտի ներկայացուցիչների հետ երկկողմ զրույցների ընթացքում եւ կլոր սեղանի շուրջ նրանք քննարկեցին նախաձեռնության ձեռքբերումները, դրա դերն ու ներուժը:
«Ավրորայի» մասին պատմելուց բացի, այս շրջագայության նպատակն էր մարդկանց ծանոթացնել «անհայտ հերոսների» պատմությանը, որոնց վրա «Ավրորան» բեւեռում է ուշադրությունը: Նրանք առաջնագծում մարդասիրական գործունեություն ծավալող անհատներն են, որոնք, վտանգելով սեփական կյանքը, բժշկական եւ կրթական ծառայություն են մատուցում մարդկության կողմից հաճախ մոռացված եւ անտեսված հակամարտության գոտիներում: Այսպիսով, «Ավրորան» շարունակում է ընդլայնել աշխարհագրությունն՝ իր միջոցառումներն անցկացնելով նաեւ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում:
Իր այցերի ընթացքում բժիշկ Քաթինան հանդիպումներ ունեցավ ուսանողների եւ մարդասիրության ոլորտի փորձագետների հետ, որոնք հետաքրքրված են «Ավրորայի» գաղափարով՝ լսելի դարձնել նրանց, որոնք հայտնվում են հումանիտար ճգնաժամերում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահը հանդես եկավ դասախոսություններով եւ մասնակցեց քննարկումների, որոնք անցկացվեցին Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում (Քեմբրիջ), Թաֆթս բժշկական կենտրոնում (Բոստոն), Բոստոնի բժշկական կենտրոնում, Փենսիլվանիայի համալսարանում (Ֆիլադելֆիա), Ռոքֆելերի համալսարանում (Նյու Յորք), Հարավային Կալիֆորնիայի համալսարանում (Լոս Անջելես), Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտում:

Բժիշկ Թոմ Քաթինան USC ուսանողների հետ, որոնց հետ հանդիպել է շրջագայության ընթացքում՝ որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին նախագահ |
Թոմ Քաթինան զրույցներ ունեցավ մի շարք ականավոր անհատների հետ, որոնց թվում էին Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոն, Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդան, Հարավային Սուդանի կրթության նախարար Դենգ Յայը, Գերմանիայի պաշտպանության փոխնախարար Թոմաս Սիլբերհորնը, ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Սենդսը, Միացյալ Թագավորության նախկին արտգործնախարար Դեյվիդ Միլիբանդը, Պարենի համաշխարհային ծրագրի նախկին գործադիր տնօրեն, դեսպան Էրթարին Քազինը եւ Կալիֆորնիայի նախկին առաջին տիկին Մարիա Շրայվերը:
Բժիշկ Քաթինան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել 2018-ի դեկտեմբերին: Այդպիսով, «Գթության մայր» հիվանդանոցի բժշկական գծով տնօրենը լինելուց բացի, նրա գործունեության շրջանակը ներառում է մարդասիրության ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, «Ավրորայի» կրթական եւ հանրային իրազեկման նախագծերի ղեկավարումը՝ ներառյալ միջազգային ճանաչում ունեցող «Ավրորա» մրցանակը։
«Ավրորան» հիմնադրվել է երեք տարի առաջ, որն աջակցում է տեղահանված մարդկանց, հակամարտության գոտիներում գտնվող երեխաներին, փախստականներին, միգրանտներին եւ խոցելի քաղաքացիներին ամբողջ աշխարհում: 2016թ-ից սկսած «Ավրորա» մրցանակը $3.3 միլիոն է շնորհել մարդասեր-հերոսներին՝ աջակցելով 23 նախագծերի իրականացմանը 15 երկրներում: Այս տարի «Ավրորա» մրցանակն աջակցեց 375 հազար ռոհինջա փախստականների: Հակամարտության գոտիներում հայտնված 62 ուսանողների հատկացվել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակներ՝ հնարավորություն տալով նրանց սովորել Միավորված աշխարհի քոլեջների կրթական ցանցում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում: