2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանին, շարունակելով նվիրատվության շղթան, «Ավրորա» մրցանակի դրամական ֆոնդն ուղղել է տեղահանվածներին աջակցելու, խաղաղության հաստատման եւ կանանց զորացնելու ծրագրերին, որոնք կիրագործեն Կանանց միջազգային լիգան հանուն խաղաղության եւ ազատության (WILPF), «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությունը (NECDO) եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (ՄԱԿ ՓԳՀ, ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակ):
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական յոթերորդ մրցանակն աֆղանստանցի մանկավարժ եւ իրավապաշտպան Ջամիլա Աֆղանիին շնորհվեց 2022 թ. հոկտեմբերին Իտալիայի Սուրբ Ղազար կղզում: Լինելով «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիրը՝ նա 25 տարի պայքարել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու համար։
«Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:
«Այն օրը, երբ թալիբները գրավեցին իշխանությունը, իմ կյանքի ամենատխուր պահերից մեկն էր: Իմ երկիրն ու մեր բոլոր ձեռքբերումները հետեւում թողնելը չափազանց տխուր էր, բայց «Ավրորան» ապացուցեց, որ մարդկությունը դեռ ողջ է։ Մրցանակի առատաձեռնության եւ կարեկցանքի շնորհիվ մենք կարողանում ենք շարունակել մեր կենսական աշխատանքը: Ես շատ երախտապարտ եմ, որ հնարավորություն ստացա Աֆղանստանում աջակցելու այս կազմակերպություններին եւ օգնության ձեռք մեկնելու Եմենի ժողովրդին, որը բախվում է մեր ժամանակի վատթարագույն մարդասիրական ճգնաժամերից մեկին», - ասաց Ջամիլա Աֆղանին:
Եմենը հակամարտությունների հետեւանքով ներքին տեղահանված բնակչության թվով աշխարհում չորրորդն է. 2022 թ. տարեվերջի տվյալներով՝ կա ավելի քան չորս միլիոն բռնի տեղահանված եմենցի: «Ավրորայի» տրամադրած միջոցների շնորհիվ Եմենի ներքին տեղահանված անձինք, վերադառնալով բնօրրան, կստանան ֆինանսական աջակցություն, որը կօգնի վերակառուցելու իրենց տնեըը եւ ապահովելու տարրական կենցաղային պայմաններ: Նախատեսվում է, որ ծրագրից կօգտվի 81 ընտանիք (486 անհատ):
«Ավրորայի» աջակցությամբ «Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության եւ ազատության» կազմակերպության կողմից իրականացվող նախագիծը կընդլայնի հիմնականում ընտանեկան բռնությունից տուժած կանանց եւ աղջիկների հնարավորություններն Աֆղանստանում՝ նրանց համար ստեղծելով տնտեսական հնարավորություններ եւ մատուցելով սոցիալ-հոգեբանական ծառայություններ: Այս նախագիծն իր ազդեցությունը կունենա ազգային եւ միջազգային մակարդակում ձեւավորվող քաղաքականության վրա՝ պաշտպանելով կանանց իրավունքները երկրում: Ակնկալվում է, որ ծրագրի անմիջական շահառուների թիվը կհասնի 1.900-ի (ծրագրից անուղղակիորեն կօգտվի եւս 13.700 անհատ):
«Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությունն «Ավրորայից» ստացած միջոցները կուղղի Աֆղանստանում կանանց իրավունքների խթանմանը եւ տնտեսական զարգացմանը՝ ստեղծելով կրթական ակումբ, որը ազգային երկու լեզվով (փուշթու եւ դարի) դասեր կմշակի պատանի ուսանողների համար եւ նյութեր կհեռարձակի ազգային կրթական հեռուստաալիքով, ռադիոյով, կրթական կայքով եւ սոցիալական մեդիայով: Կազմակերպության գնահատմամբ ծրագրից ուղղակիորեն կօգտվի 20.000 աղջիկ 5 նահանգներում (Քաբուլ, Նանգարհար, Հերաթ, Բալխ եւ Ղանդահար), իսկ անուղղակի շահառուների թիվը կարող է հասնել միլիոնների:
2023 թ. «Ավրորան» նշում է իր 8-ամյակը: Այս նոր նախագծերով հանդերձ, այն ընդհանուր օգնության ձեռք կմեկնի ավելի քան 2.7 միլիոն մարդու, այդ թվում՝ պատերազմից, հակամարտություններից, տեղահանություններից, հալածանքներից եւ մարդասիրական այլ խնդիրներից տուժած ավելի քան 1.1 միլիոն մարդու:
Լուսանկարում՝ Ջամիլա Աֆղանին եւ նրա նախագծերի շահառուները: Աֆղանստան, 2017 թ., ©«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն