2015թ. հոկտեմբերի 28-ին Near East Foundation-ի (NEF, Մերձավոր Արեւելքի հիմնադրամ)՝ Նյու Յորքում տեղի ունեցած հարյուրամյա հոբելյանին 100 LIVES-ը եւ NEF-ը հայտարարել են համատեղ կրթաթոշակային ֆոնդի ստեղծման մասին, որն օժանդակելու է արաբական Մերձավոր Արեւելքում դժվար կացության մեջ հայտնված 100 երեխայի։ Համատեղ նախաձեռնությունը նպատակ ունի համաշխարհային հայության անունից երախտագիտություն հայտնել Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ ապաստան ու սնունդն են տրամադրել Հայոց ցեղասպանության ընթացքում տեղահանված գաղթականներին։
Հայ գաղթականների նկատմամբ ամենահյուրընկալ երկրներից մեկը Լիբանանն էր։ Տասնյակ հազարավոր հայեր ապաստան են գտել Բեյրութում, Զեհլեում եւ այլ բնակավայրերում։ Near East Foundation-ը հիմնադրվել է ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի՝ Օսմանյան Թուրքիայում հայության հանդեպ կատարվող ոճրագործությունների վերաբերյալ հաղորդումների արդյունքում եւ սկզբում կրել «Հայաստանի եւ Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտե» անվանումը: Այն որբանոցներ է հիմնել Անթիլիասում, Զուք Միքայելում, Ջունիեում եւ այլ բնակավայրերում։ Մեկ այլ դանիացի միսիոներուհու՝ Մարիա Յակոբսենի շնորհիվ Ջբեյլում հիմնվել է «Թռչնոց բույն» որբանոցը։
Հայ գաղթականության համար ապահով հանգրվան դարձավ նաեւ Եգիպտոսը։ Այսպես, 1915թ. սեպտեմբերին Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից տարհանված մուսալեռցիների համար Պորտ Սաիդում հիմնվեց փախստականների հսկայական ճամբար, ինչի շնորհիվ Մուսա Լեռից փրկվեց 4,058 հայ, այդ թվում՝ 1,563 երեխա։ Նմանապես, երբ 1917թ. Պաղեստինն անցավ բրիտանական վերահսկողության տակ, այնտեղ եւս որբանոցներ բացվեցին հայ երեխաների համար, որոնց թվում 5,300 երեխա կար Խարբերդից։ Երուսաղեմը նույնպես հայ որբերի փրկության կարեւոր կենտրոն է եղել. 1923թ. Երուսաղեմից 250 որբ ուղարկվում է Խորհրդային Հայաստան, իսկ 40-ը տարվում են Ադիս Աբեբա եւ հետագայում կազմում արքայական նվագախումբը։ Այս շարքը կարելի է երկար շարունակել։
100 տարի անց, հայությունն իր երախտագիտությունն է հայտնում Մերձավոր Արեւելքի արաբ եւ մյուս ժողովուրդներին։ 100 LIVES-ի եւ Near East Foundation-ի համատեղ այս կրթաթոշակային ծրագիրը (որի ընդհանուր ֆոնդը կազմում է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար) հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած երեխաներին հնարավորություն կընձեռի ուսանելու աշխարհով մեկ սփռված UWC քոլեջներում՝ ներառյալ Հայաստանում գործող UWC Դիլիջան քոլեջը։ Վերջինս միջազգային գիշերօթիկ դպրոց է եւ ներկայումս աշակերտներ ունի աշխարհի մոտ 60 երկրից։
UWC Դիլիջան քոլեջը Դիլիջանում, Հայաստան |
Ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ Մերձավոր Արեւելքում ընթացող վայրիվերումների ամենախոցելի զոհերը երեխաներն են։ Պատերազմների եւ աղքատության հետեւանքով տեղահանված երեխաների մեծամասնությունը զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից։ Ըստ UNECEF-ի ԱՄՆ ֆոնդի նախագահ եւ գործադիր տնօրեն Քերիլ Սթերնի՝ «ներկայումս ավելի շատ տեղահանված երեխա կա, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ»։ UNICEF-ի գնահատականներով՝ Սիրայում այժմ կա դպրոցից կտրված ավելի քան երկու միլիոն երեխա՝ չհաշված հարեւան երկրներում ապաստանած մոտ 700,000 սիրիացի փախստական երեխաներին։
«Մենք հպարտ ենք, որ կարող ենք աջակցել դժվարին կացության ու անորոշության մեջ հայտնված ծնողներին եւ երաշխավորել նրանց երեխաների ավելի լավ ապագան, ինչպես մեր ծնողներն են արել մեզ համար,– ասել է 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,-մենք մեծագույն հպարտությամբ ազդարարում ենք Near East Foundation-ի հետ մեր համագործակցության սկիզբը եւ սպասում կրթաթոշակառուների անունների հրապարակմանը»։
«Կրթության անչափ կարեւոր հնարավորություն ընձեռելով՝ մենք լիահույս ենք, որ հաջողակ ապագայի հնարավորություն ենք բաց անում այս արժանի երեխաների առջեւ։ Սա շարունակությունն է այն բացառիկ եւ անձնվեր գործունեության, որը NEF-ն իրականացնում է վերջին հարյուր տարիներին»,– ասել է Արմինե Աֆեյանը՝ 100 LIVES-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի դուստրը։
NEF-ն աշխատել է փախստականների հետ 1915թ.-ից՝ Հայոց ցեղասպանության հետեւանքով դժվարությունների առաջ կանգնածներին օգնելով եւ կազմակերպելով նպաստամատույց։ Այն հումանիտար օգնության ու զարգացման ծրագրեր է իրականացրել մոտ 50 երկրներում: « Near East Foundation-ը հպարտությամբ է նշում իր հարյուրամյա հոբլեյանը՝ փախստական եւ կարիքավոր 100 աշակերտի առջեւ բաց անելով միջազգային կրթություն ձեռք բերելու դուռը,– ասել է հիմնադրամի տնօրեն դոկտոր Չարլզ Բենջամինը,- մենք հպարտ ենք, որ միանում ենք 100 LIVES-ի՝ տաղանդավոր երեխաներին ու ապագա առաջնորդներին գերազանցության եւ հաջողության հասնելու հնարավորություն շնորհելու առաքելությանը»։
Ծրագիրը կառավարելու է Scholae Mundi բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է երիտասարդներին տալ միջազգային հանրությանը նպաստող եւ սոցիալական փոփոխություններ խթանող գիտելիք, հմտություններ եւ դաստիարակություն։
NEF-ը տեղական կազմակերպությունների սեփական ցանցի միջոցով UWC համակարգի ընտրող հանձնաժողովներին կտրամադրի հնարավոր թեկնածուների ցուցակը:Կրթաթոշակ ստացած առաջին երիտասարդները UWC դպրոցներ կհաճախեն 2016 թվականից։