2024–2025 թթ. «Երիտասարդական Ավրորայի» հայտերի ընդունում

2024–2025 թթ. «Երիտասարդական Ավրորայի» հայտերի ընդունում

«Երիտասարդական Ավրորայի» հաջորդ մրցույթին մասնակցելու հայտերն արդեն ընդունվում են: Այս նախագիծն իրականացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ համագործակցելով «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC) հետ եւ «Կրթություն բոլորի համար» (Teach For All) համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի մասնակցությամբ, որի նպատակն է ոգեշնչել ապագա առաջնորդներին: Այսպիսով, «Միացյալ աշխարհի քոլեջների» եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի ուսանողական թիմերը հնարավորություն են ստանում ներկայացնելու նախագծային առաջարկներ, որոնք իրենց հերթին լուծումներ են առաջարկում իրենց համայնքների մարդասիրական հրատապ խնդիրներին: Նախագծի հետագա զարգացման համար մրցույթի մասնակիցները հնարավորություն են ստանում շահելու 10.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: 

Այս նախագիծն արդեն օգնել է բազմաթիվ ուսանողական նախագծերի դրական եւ երկարատեւ ազդեցության ծրագրեր իրականացնել տեղի համայնքներում: 2017-2024 թթ. ընկած ժամանակահատվածում «Երիտասարդական Ավրորան» դիտարկել է 19 գործընկեր դպրոցների ուսանողական 126 նախագիծ եւ տրամադրել 15 դրամաշնորհ, որոնք ընդհանուր կազմում են 40.000 ԱՄՆ դոլար: Բոլոր առաջարկները գնահատվում են ըստ իրենց ստեղծագործական մակարդակի, կայունության, հետազոտության որակի եւ ազդեցության ներուժի: Ամեն տարի եզրափակիչ փուլի համար ընտրվում է երեք թիմ, որոնք իրենց գաղափարներն ու նախագծերն են ներկայացնում ժյուրիին, որում ընդգրկված են ականավոր մարդասերներ, ձեռներեցներ եւ համաշխարհային առաջնորդներ: Բոլոր մասնակիցները հնարավորություն են ստանում նաեւ լսելու կարծիքներ իրենց նախագծի մասին՝ կատարելագործելու եւ զարգացնելու իրենց նախագծերը: 

2023-2024 թթ. «Երիտասարդական Ավրորայի» հաթող թիմի՝ UWC Չանգշու Չինաստան քոլեջի անունը հայտարարվեց «Առերեսվել իրականությանը` հասկանալու համայնքի խնդիրները» խորագրով Aurora Dialogues առցանց քննարկմանը, որին մասնակցում էր նաեւ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանին: Հաղթող թիմի «Լուսավորչություն» նախագծի նպատակն էր զորացնել գյուղաբնակ անապահով երիտասարդներին՝ նրանց տրամադրելով ռեսուրսներ եւ աջակցություն իրենց նպատակներն իրագործելու համար: 

«Մենք երախտապարտ ենք «Երիտասարդական Ավրորային»՝ ընձեռած հնարավորության համար: «Լուսավորչություն» նախագիծը ծնվել է մեր խորին համոզմունքից, որ կարող ենք արմատապես փոխել դիդակտիկ կրթական համակարգը: Առանց «Ավրորայի» աջակցության մենք չէինք ունենա այն ճանաչումը կամ խրախուսումը, որը թույլ է տալիս մեզ զարգանալ այնպես, ինչպես այսօր»,- նշեց UWC Չանգշու Չինաստան քոլեջի «Լուսավորչություն» թիմը: 

Նախկինում հաղթող ճանաչված նախագծերից են Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկա քոլեջի թիմի «Հույսի սերմերը» (2021 թ.), որի նպատակն էր աջակցել Մալինձա փախստականների ճամբարի երիտասարդներին՝ ստեղծելով երիտասարդական կենտրոն, որը միաժամանակ կծառայեր որպես առցանց կրթական կենտրոն եւ սոցիալական տարածք, UWC Արեւելյան Աֆրիկայի «Փեթակ-բաժանարար» նախագիծը (2020 թ.), որի նպատակն էր խաղաղ գոյակցություն հաստատել փղերի եւ Տանզանիայի Սիհա շրջանի Սանյա Հոյի գյուղի բնակիչների միջեւ: Եղել են նաեւ ուշադրության արժանի բազմաթիվ այլ նախագծեր, ինչպիսին Amaavasya նախագիծն է (2018 թ.), որը հնարավորություն է տալիս Հնդկաստանի Մահարաշտրա համայնքի կանանց մասնակցելու դաշտանին վերաբերող արգելված թեմաների մասին քննարկումների: 

«Ավրորան» եւ իր գործընկերներն անհամբերությամբ սպասում են ուսանողների նորարարական եւ ստեղծարար նախագծերին: Քանի որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը շարունակաբար աճում է, «Ավրորան» բաց է ակադեմիական հաստատությունների հետ նոր համագործակցությունների համար՝ աջակցելու երիտասարդ առաջնորդներին եւ օգնելու նրանց իրականություն դարձնել բարեփոխումների ուղղված նախագծեր: «Երիտասարդական Ավրորայի» մասին հարցումները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին: 

Լուսանկարում՝ UWC համայնք