««Երիտասարդական Ավրորան» հիշեցնում է մեզ դրական փոփոխությունների կարեւորության եւ այն փոքր քայլերի մասին, որոնք մենք կարող ենք ձեռնարկել՝ ամենահրատապ մարտահրավերներին լուծումներ գտնելու համար», - ասաց UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրեն Ֆեյթ Աբիոդունը` «Առերեսվել իրականությանը` հասկանալու համայնքի խնդիրները» խորագրով Aurora Dialogues առցանց քննարկմանը, որը տեղի ունեցավ 2024 թ. մարտի 18-ին: Միջոցառման ընթացքում 2023–2024 թթ. «Երիտասարդական Ավրորա» մրցույթի հաղթող ճանաչվեց UWC Չանգշու Չինաստան քոլեջի թիմի «Լուսավորչություն» նախագիծը: Այս տարվա հաղթող թիմը կստանա 10.000 ԱՄՆ դոլար մրցանակ՝ ընդլայնելու իրենց նախագիծը, որն ուղղված է գյուղաբնակ անապահով երիտասարդների կարողությունների զարգացմանը:
Ավելի վաղ նախընտրական հանձնաժողովի ընտրությամբ 2023–2024 թթ. «Երիտասարդական Ավրորա» մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել UWC Փիրսոն քոլեջի, UWC Չանգշու Չինաստանի եւ UWC Մահինդրա քոլեջի թիմերը: Մինչ նրանք առցանց կներկայացնեին իրենց նախագծերը մրցույթի եզրափակիչ փուլում, Ֆեյթ Աբիոդուն ողջունեց Ընտրող հանձնաժողովի կազմին, որում ընդգրկված են «Աֆեյան» հիմնադրամի համահիմնադիր Աննա Աֆեյանը, UWC Դիլիջանի միջազգային դպրոցի շրջանավարտ Դալյա Աթալլահը, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Kashim Ibrahim Fellowship կրթաթոշակային ծրագրի խորհրդի նախագահ Դելե Օլոջեդեն, «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ, «Սոցիալական փոփոխություն բերողներ եւ նորարարներ» կազմակերպության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Բոնիտա Շարման:
Այնուհետեւ Ֆեյթ Աբիոդուն խոսքը փոխանցեց UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր գործընկեր եւ Կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդին: «Այսօր, երբ մենք հավաքվել ենք այստեղ, ես երախտագիտության մեծ զգացում ունեմ՝ նվիրումի, նորարարության եւ կարեկցանքի այս յոթ ուշագրավ տարիների համար: <…> Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ «Երիտասարդական Ավրորան», որը հույսի փարոս է եւ փոփոխությունների խթան, սկիզբ է առել 2017 թվականին մի ազնիվ նպատակադրմամբ, այն է՝ խթանել ստեղծագործական միտքն ու կարեկցանքի զգացումը երիտասարդների մեջ՝ ուժ տալով նրանց խիզախորեն դիմակայելու աշխարհի ամենահրատապ մարդասիրական մարտահրավերներին: Եվ այսօր ակնհայտ է, որ այս առաքելությունը շարունակում է առաջ շարժվել»,- ասաց Վերոնիկա Զոնաբենդը՝ հաջողություն մաղթելով եզրափակիչ հասած բոլոր մասնակիցներն:
Նախագծերից յուրաքանչյուրի մասին պատմող կարճ տեսանյութը դիտելուց հետո մրցույթի հանձնաժողովի անդամները հնարավորություն ունեցան լսելու թիմերին, որոնք առավել մանրամասն ներկայացրին իրենց նախագծերը: Դրանից հետո ժյուրին հեռացավ որոշում կայացնելու, իսկ մոդերատորը ներկայացրեց բանախոսներին, որոնք քննարկելու էին մարդասիրական խնդիրները հաղթահարելու միասնական մոտեցումները: Քննարկման բանախոսներն էին 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանի Հանուն խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ Ջամիլա Աֆղանին, 2018 թ. «Ավրորայի» հերոս, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր Սունիտա Քրիշնանը, Միջազգային քրեական դատարանի դատախազ, «Մորենո Օկամպո» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուիս Մորենո Օկամպոն եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գործարար-առաջնորդ Փոլ Փոլմանը:
Երբ հարց ուղղվեց արդի մարդասիրական ճգնաժամերի դաժան իրականության, այդ թվում՝ նաեւ կրթություն ստանալու հնարավորության մասին, Ջամիլա Աֆղանին պատմեց Աֆղանստանում ընդհատակյա դպրոցների ցանցի ստեղծման եւ դրանց կառավաման մասին, աշխարհի միակ երկրում, որտեղ արգելված էր 11 տարեկանից բարձր աղջիկների կրթությունը: Նա պատմեց նաեւ այն հույսի մասին, որ ներշնչում էր իր աշխատանքը. «Հույսն ու պայքարն այն երկու շարժիչ ուժերն են, որոնք ստիպում են առաջ գնալ: Ու երբ հանդիպում եմ մեր ընդհատակյա դպրոցներում կրթություն ստացող երիտասարդներին, երբ խոսում եմ նրանց հետ, տեսնում եմ, թե նրանք որքան տաղանդ ու եռանդ ունեն՝ եթե նրանք դառնան ապագայի առաջնորդները, միգուցե մեր հասարակությունն այլ լինի»,- նշեց Ջամիլա Աֆղանին։
Սունիտա Քրիշնանը, որի ակտիվ գործունեությունն սկիզբ է առել անձնական ողբերգությունից, խոսեց իր ցավն օգտակար գործածելու մասին: «Իմ ճանապարհին ինձ օգնեց երկու ըմբռնում: [Առաջինը]՝ կյանքի յուրաքանչյուր դժբախտության մեջ կա հնարավորություն: Պարզապես մենք պետք է բացենք մեր աչքերը եւ տեսնենք այն: Երկրորդ բանը, որ ես հասկացա հետեւյալն էր՝ չփնտրել աջակցություն եւ ուժ այլուր, դուք պետք է հասկանաք, որ ամեն ինչ ձեր մեջ է: Դա հենց ձեր ներսում է, եւ դուք պետք է արթնացնեք այդ ուժը», - պարզաբանեց Սունիտա Քրիշնանը:
Խոսելով համայնքները զորացնելու արդյունավետ ռազմավարությունների մասին՝ Լուիս Մորենո Օկամպոն նշեց, որ անհրաժեշտ է ավելի նորարար լուծումներ կիրառել նաեւ մարդասիրության համատեքստում, հատկապես երբ ներգրավված են երիտասարդները: «Մենք պետք է ուղիներ գտնենք՝ ներգրավվելու գլոբալ խնդիրների մեջ։ Ցեղասպանության դադարեցում, պատերազմների դադարեցում. դրանք այն երկու համաշխարհային խնդիրներն են, որոնց մենք պետք է անդրադառնանք: Եվ քանի որ մենք աշխատում ենք երիտասարդների հետ, իմ առաջարկն է՝ արդյոք կարո՞ղ ենք «TikTok» արշավներ իրականացնել: <…> Ես ներգրավում եմ տարբեր դպրոցներ, սկսում եմ ծրագիր՝ կոչ անելով «TikTok»-ի օգտատերերին՝ օգնելու դադարեցնել ցեղասպանությունը, դադարեցնել պատերազմները: Եվ ես հավատում եմ, որ «Ավրորան» կարող է շատ օգնել այս գործում՝ առաջարկելով ցանկացողներին միանալու այս արշավին»,- ասաց Մորենո Օկամպոն:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի եւ հավասարության ջատագով Փոլ Փոլմանն ավելի մանրամասն խոսեց այս մասին՝ մատնանշելով, որ համաշխարհային մարդասիրական ճգնաժամերի այս փուլում, իրոք, պետք է ներգրավել բոլոր ուժերը՝ ներառյալ մասնավոր հատվածը: «Ես միշտ մտածել եմ, որ բիզնեսը կարեւոր դեր ունի հասարակության մեջ՝ գտնելով լուծումներ, ներմուծելով նոր տեխնոլոգիաներ։ Այն ունի մարդկային եւ այլ ռեսուրսներ: Խնդիրները, որոնց մենք բախվում ենք այսօր, այնքան բարդ բնույթ են կրում, որ անհրաժեշտ է բոլորի ներգրավումը: Ես միշտ կենտրոնանում եմ կայուն զարգացման վրա՝ նպատակ ունենալով անդառնալիորեն արմատախիլ անել աղքատությունն ու դա անել ավելի կայուն եւ արդար եղանակով: Եվ սա հստակ կոչ է, որ ոչ ոք չմնա լուսանցքում», - ընդգծեց Փոլ Փոլմանը:
Մինչեւ հաղթողների անունները հայտարարելը՝ «Երիտասարդական Ավրորա» մրցույթի հանձնաժողովի անդամ Դելե Օլոջեդեն դիմեց բոլոր թիմերին. «Սա այն առավոտներից է, երբ ես շատ ավելի լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ ձեր եռանդը եւ ձեր բացահայտումները, ձեր նորարարությունը, նվիրվածությունը եւ կյանքի հանդեպ խանդավառությունն ապացույցն են այն բանի, որ մենք պետք է վստահ լինենք, որ ապագան շատ ավելի լավն է լինելու, քան այն աշխարհը, որը մենք այս պահին փոխանցում ենք ձեզ», - ասաց Դելե Օլոջեդեն:
Աննա Աֆեյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին եւ գովասանքի խոսքեր ուղղեց երիտասարդներին՝ խնդիրների վերաբերյալ ունեցած լավատեսական հայացքների համար։ «Սա հիանալի փորձ էր՝ հնարավորություն ունենալ ծանոթանալու այս նախագծերին: Սա մեզ հույս է տալիս մի աշխարհում, որը սովորականից ավելի քիչ հույս է ներշնչում: Այս նախագծերի օրինակով մենք տեսնում ենք, թե ինչպես է մեկ անձը եւ ինչպես են երիտասարդները համոզված, որ իրենք կփոխեն աշխարհը՝ անկախ այն բանից, թե ինչ կանեն մեծերը»,- նշեց Աննա Աֆեյանը՝ նախքան UWC Չանգշու Չինաստան քոլեջի թիմի «Լուսավորչություն» նախագիծը 2023-2024 թթ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող հայտարարելը: Նա նաեւ նշեց, որ ժյուրին այնքան տպավորված է բոլոր նախագծերով, որ մյուս երկու թիմերը եւս կստանան փոքր դրամաշնորհ, որպեսզի սկսեն միջոցներ հայթայթել իրենց նախագծերի համար:
Հաղթող թիմի «Լուսավորչություն» նախագծի նպատակն է զորացնել գյուղաբնակ անապահով երիտասարդներին՝ նրանց տրամադրելով ռեսուրսներ եւ աջակցություն իրենց նպատակներն իրագործելու համար: Քննարկումը որպես ուսուցման մեթոդ կիրառելով՝ ուսանողները բացահայտում են եւ լուծում անձնական ու համայնքային խնդիրներ, որոնք ի վերջո վերաճում են համայնքակենտրոն նախաձեռնությունների՝ նպաստելով դրական փոփոխություններին:
Ամփոփելով քննարկումը՝ մոդերատոր Ֆեյթ Աբիոդունը շնորհավորեց ոչ միայն հաղթողներին, այլեւ այս տարի մրցույթին մասնակցած բոլոր թիմերին։ Նա շնորհակալություն հայտնեց ժյուրիի անդամներին եւ բանախոսներին՝ իրենց ժամանակի եւ տեսակետների համար՝ նշելով. «Ես մի շատ զորեղ ճշմարտություն հիշեցի. համայնքի ուժը նրա անդամների ուժն է: Այսօր մենք իսկապես հասկացանք էությունն այն բանի, թե ինչ է նշանակում լինել համայնքի մաս, եւ մեր սերտած դասերն իսկապես անգնահատելի են»:
Լուսանկարում՝ UWC Չանգշու Չինաստան քոլեջի թիմն է, որի «Լուսավորչություն» նախագիծը ճանաչվեց 2023-2024 թթ. «Երիտասարդական Ավրորա» մրցույթի հաղթող