Հայտնի են 2023-2024 թթ. «Երիտասարդական Ավրորա» մրցանակի հավակնորդները

Հայտնի են 2023-2024 թթ. «Երիտասարդական Ավրորա» մրցանակի հավակնորդները

Մանրամասն դիտարկումից հետո 2023–2024 թթ. «Երիտասարդական Ավրորա» մրցույթի եզրափակիչ փուլ են անցել մասնակից դպրոցների՝ UWC Փիրսոն քոլեջի, UWC Չանգշու Չինաստանի եւ UWC Մահինդրա քոլեջի թիմերն իրենց ներկայացրած նախագծերով:

«Երիտասարդական Ավրորան» իրականացվում է 2017 թվականից ի վեր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC միջազգային գրասենյակի, Teach For All (Կրթություն բոլորի համար) համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի համագործակցությամբ: «Երիտասարդական Ավրորայի» նպատակն է ոգեշնչել երիտասարդներին՝ լուծելու հրատապ մարդասիրական խնդիրներն իրենց համայնքներում: Այս տարի մրցույթին նախագծեր են ներկայացրել UWC տասնչորս դպրոցների եւ քոլեջների թիմեր՝ ցույց տալով իրենց հանձնառությունը՝ դիմագրավելու առկա մարտահրավերները:

UWC միջազգային խորհրդի անդամ դոկտոր Էնդրյու Մաքդոնալդը, որն առաջին անգամ է նախընտրական հանձնաժողովի կազմում, նշեց. ««Երիտասարդական Ավրորայի» հանձնաժողովում լինելն ինձ հնարավորություն տվեց անձնամբ զգալու, թե ինչ ազդեցություն ունի UWC կրթությունն ուսանողների վրա: Ներկայացված նախագծերն արտացոլում էին աշխարհի տարբեր անկյուններից հավաքված մեր հրաշալի ուսանողներին եւ նրանց գիտելիքները, ըմբռնումը, հոգատարությունը եւ խանդավառությունն աշխարհի ու հատկապես նրանց նկատմամբ, ովքեր առավել կարիքավոր են: Նախագծերից յուրաքանչյուրը ներկայացնում էր ուսանողների խումբ, որոնց համար կարեւոր է ճիշտ եւ բարի գործեր անել այս աշխարհում: Յուրաքանչյուր թիմ ներկայացնում էր լավ մտածված, մանրամասն պատրաստված եւ ուսումնասիրված նախագիծ: Չնայած այն բոլոր մարտահրավերներին եւ բացասական նորություններին, որոնց առնչվում ենք, հուսադրող է այն, որ ունենք նման երիտասարդ առաջնորդներ, որոնք առաջ են շարժվում՝ բոլորի համար ավելի լավ աշխարհ ստեղծելու նպատակով: Ինձ համար պատիվ էր լինել դրա մի մասը»:

Ներկայացված էին բազմազան նախագծեր, որոնք ներառում էին հասարակական խնդիրների լայն շրջանակ, ինչպես օրինակ՝ մշակույթի պահպանումը եւ բնապահպանական խնդիրները: Երեք նախագծեր շեշտը դրել էին տեւական աղքատության վրա՝ ցույց տալով, թե ինչպես են հաճախ փոխկապակցված տեղական եւ գլոբալ խնդիրները: Նրանք մեծ ուշադրություն էին դարձրել կրթության եւ հիմնական ռեսուրսների հասանելիության վրա: Բացի այդ, որոշ նախագծերում մեծ դերակատարում ունեին տեխնոլոգիական լուծումները: Թիմերից մեկը մշակել էր հագուստի փոխանակման հավելված, որը նպաստում է նորաձեւության «շրջապտույտի» զարգացմանը տնտեսության մեջ՝ նվազեցնելով տեքստիլ թափոնները: Մեկ այլ թիմ ստեղծել էր չաթբոտ աղբի կառավարման համար՝ հաշվի առնելով լոկալ էթնիկ տարանջատումները:

Եզրափակիչ փուլ հասած UWC Փիրսոն քոլեջի, UWC Չանգշու Չինաստանի, UWC Մահինդրա քոլեջի երեք թիմերը հանձնաժողովի անդամներին տպավորեցին ներկայացված խնդիրների մասին իրենց համապարփակ ընկալմամբ եւ նորարարական մոտեցումներով: Այժմ նրանք հնարավորություն ունեն կատարելագործելու իրենց նախագծերը մինչեւ դրանք եզրափակիչ փուլում ներկայացնելը, որը տեղի կունենա մարտին: Հաղթող թիմը կստանա ֆինանսավորում՝ նախագիծն իրագործելու համար: UWC միջազգային խորհրդի անդամ եւ փորձառու հանձնաժողովական Իվանա Սիթումն ընդգծեց. «Ամեն օր, լինի UWC քոլեջում, թե մեկ այլ վայրում, որտեղ ունենք շրջանավարտ, կյանքի է կոչվում տեղական եւ համաշխարհային մարտահրավերներին առնչվող գաղափար: «Երիտասարդական Ավրորա» մրցանակի միջոցով գաղափարն անհրաժեշտ ճանաչում է ձեռք բերում եւ ռեսուրսներ՝ կայուն նախագիծ դառնալու համար, իսկ որոշները նույնիսկ շարունակվում են՝ գրանցվելով որպես կազմակերպություններ»: 

Եզրափակիչ հասած երեք թիմերը

UWC Չանգշու Չինաստան. «Լուսավորչություն»

«Լուսավորչություն» նախագծի նպատակն է զորացնել անապահով գյուղաբնակ երիտասարդներին՝ նրանց տրամադրելով ռեսուրսներ եւ աջակցություն իրենց նպատակներն իրագործելու համար: Քննարկումը որպես ուսուցման մեթոդ կիրառելով՝ ուսանողները բացահայտում են եւ լուծում անձնական ու համայնքային խնդիրներ, որոնք ի վերջո վերաճում են համայնքակենտրոն նախաձեռնությունների՝ նպաստելով դրական փոփոխություններին: 

«Լուսավորչության» թիմի անդամ Աննիկան մեկնաբանում է. ««Լուսավորչությունը» պարզապես ուսումնական ծրագիր էր՝ խթանելու քննադատական միտքը: Ինչեւէ, դաշտային աշխատանքի ընթացքում ես հասկացա, թե որքան մեծ ազդեցություն այն կարող է թողնել գյուղաբնակ ուսանողների կյանքի վրա: Մի աղջիկ ինձ ասաց. «Դու միակ մարդն ես այստեղ, որն ինձ հարցրեց, թե ինչն է ինձ հետաքրքիր, եւ հավատաց, որ կարող եմ ցանկացած բանի հասնել կյանքում»: Ես հասկացա, որ «Լուսավորչությունն» ավելին է տալիս այս ուսանողներին, քան պարզապես հմտությունների զարգացումը. այն հույս էր սերմանում: Այս գիտակցումը շրջադարձային էր նախագծի համար. ես հասկացա, որ մեր տված կրթությունը գերազանցում է զուտ բովանդակությունը, այն ինքնին հենց փորձառություն է»:

 

UWC Մահինդրա քոլեջ. «Ջուրը՝ որպես սկիզբ» (AquaRoots)

«Ջուրը՝ որպես սկիզբ» նախագիծն ուղղված է Մահարաշտրա նահանգի գյուղական համայնքների պարենային անապահովության եւ տնտեսական խոցելիության հաղթահարմանը՝ բանջարանոցների եւ ջրի զտման համակարգերի ստեղծմամբ: Այս կայուն նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ընտանիքներին դառնալու ինքնաբավ՝ արդյունքում բարելավելով նրանց կյանքի որակը: 

Թիմի անդամ Կարման բացատրում է տեղական նախաձեռնությունների կարեւորությունը. «Իմ նվիրումը «Ջուրը՝ որպես սկիզբ» նախագծին բխում է աղքատության շղթան կոտրելու՝ համայնքային նախաձեռնությունների փոխակերպող ազդեցության նկատմամբ ունեցած  հավատից: Մուլշիի հովտում ընտանիքների չարչարանքին ականատես լինելն ամրապնդեց համապարփակ լուծումների անհրաժեշտությունը: Այս նախագիծն ավելին է, քան պարզապես անհապաղ օգնության տրամադրումը. այն աջակցություն է անհատներին փոքրիկ բանջարանոցների եւ ջրի զտման միջոցով: Այս մոտեցումը ոչ միայն անդրադառնում է պարենային անապահովությանը, այլեւ առնչվում է ջրի հետ կապված մարտահրավերներին՝ նպաստելով առողջության բարելավմանը եւ տնտեսական կայունությանը: Այսպիսի փոքրածավալ նախագծերն օրինակ են այն հիմնարար փոփոխությունների, որոնք կարող են իրականացնել համայնքային նախաձեռնություններն անապահով համայնքներում»:

 

UWC Փիրսոն քոլեջ. «Օջախ»

«Օջախ» նախագիծն աջակցում է ալկոհոլի եւ թմրամիջոցների չարաշահումից տուժած անհատներին՝ համայնքային մակարդակում իրականացվող քայլերի եւ պատմությունների միջոցով: Երիտասարդական ցանց ստեղծելով եւ իրազեկությունը բարձրացնելով՝ նախագիծը նպատակ ունի խթանելու կարեկցանքն ու համերաշխությունը Վիկտորիայի երիտասարդության շրջանում: 

Թիմի անդամ Չարվին կարեւորում է երիտասարդներին ներգրավելու անհրաժեշտությունը. «Ես հավատում եմ մեր նախագծին, որովհետեւ զգում եմ, որ այն ունի մեծ ներուժ՝ դրականորեն ազդելու ափիոնային ճգնաժամի վրա: Երիտասարդներին ներգրավելն այն կարեւոր բաղադրիչն է, որն ինձ ստիպում է հավատալ նախագծի հաջողությանը: Երիտասարդությունը ձգտում է փոփոխության, ինչն էլ կիրառում է եւ ինչին աջակցում է այս նախագիծը: Նրանց ներգրավվածությունն այս ծրագիրը դարձնում է կայուն եւ տեւական՝ օգնելով երկարաժամկետ դրական փոփոխություններ իրականացնել շրջակա համայնքում: Այս մոտեցումը քննարկելիս ես հասկացա, թե որքան կարեւոր է երիտասարդների ներգրավումը: Ես հասկացա, թե որպես երիտասարդ ինչ ազդեցություն կարող եմ ունենալ իմ համայնքում»: