«Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ»:
Նրա մասին
Զապել Եսայանը հայկական զարթոնքի ժամանակաշրջանի կարեւորագույն կին ներկայացուցիչն էր եւ բացառիկ դեր է ունեցել հայ հասարակության մեջ նոր մտածողության արմատավորման գործում։
Զապել Եսայանը ծնվել է Ստամբուլում եւ ստացել է բազմակողմանի կրթություն՝ շնորհիվ իր հոր, որը մեծ հավատ էր ընծայում կրթությանը կարեւորությանը․ հարկ է նշել, որ այդ ժամանակներում հազվադեպ կարելի էր հանդիպել աղջիկների նկատմամբ նման դիրքորոշման։
Զապելը եղել է 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվելու ենթակա հայ մտավորականների երիտթուրքական ցուցակի միակ կին անդամը, եւ սա վկայում է այն մասին, թե ինչ մեծ ազդեցություն ուներ նա որպես գրող եւ մտավորական։ Նրան հաջողվել է փախչել եւ հասնել Կովկաս, իսկ ապա Փարիզ, որտեղ էլ հաստատվել է՝ դառնալով կոմունիստ։ Տարիներ անց հրավիրվելով Խորհրդային Հայաստան՝ որոշել է մշտական բնակություն հաստատել այնտեղ։
Ժամանակակից գրաքննադատների կողմից հաճախ ֆեմինիստ անվանված Զապել Եսայանն ինքը ժխտում էր այդ որակումը։ Նրա խոսքով իր հիմնական մտահոգությունը եղել է սոցիալական անարդարությունը, այդ թվում՝ գործադրված նաեւ կանանց նկատմամբ։
Թեեւ Զապելը կարողացավ փրկվել Հայոց ցեղասպանությունից, նա դարձավ իրեն պատուհասած մեկ այլ չարիքի՝ ստալինյան բռնաճնշումների զոհը։ Իր շատ ժամանակակիցների պես նա մեղադրվեց լրտեսության համար, ձերբակալվեց եւ մահացավ անհայտ հանգամանքներում։
Հետաքրքիր փաստ
Եսայանը համոզված սոցիալիստ էր եւ մեծ հավատ էր տածում Խորհրդային Հայաստանի նկատմամբ։ Հայաստան տեղափոխվելուց հետո, երբ նրան հարցրին, թե ինչպես կարողացավ փոխել Փարիզի հարմարությունները Երեւանի հետ, Զապելը պատասխանեց. «Այս բոլոր անհարմարություններն իմ աչքում անիմաստ են երեւում, քանի որ ես եկել եմ իմ ակտիվ մասնակցությունը բերելու երկրիս ապագայի կառուցմանը։ Սա պատասխանե՞ց ձեր հարցին»։
Ավելին