logo
ՓԱԿԵԼMenu
Եղիշե (Սողոմոնյան) Չարենց` արեւելահայ մեծ բանաստեղծ

Եղիշե (Սողոմոնյան) Չարենց` արեւելահայ մեծ բանաստեղծ

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»։

Նրա մասին

Եղիշե Չարենցը հայ ժողովրդի խոսափողը դարձավ այն ժամանակներում, երբ ազգն սկսեց գիտակցել, որ Խորհրդային Միության հովանու ներքո փրկություն գտնելու հույսն իրականում վերածվել է կեղեքման ու բռնաճնշումների մի նոր ձեւի։

Ծնված լինելով Կարսում՝ Չարենցը 1915 թվականին զինվորագրվել է Ռուսական կայսերական բանակի հայկական կամավորական ջոկատներին եւ իր մարտական ուղին անցնելիս ականատես դարձել Հայոց ցեղասպանությանը։

 Երիտասարդ տարիներին Չարենցը եղել է նախանձախնդիր բոլշեւիկ։ Նա մեծ խանդավառությամբ է ընդունել հեղափոխության գաղափարն ու հավատով սպասել կեղեքված ժողովուրդների ազատագրմանը։ Նրա վաղ շրջանի բանաստեղծությունների մեծ մասը, թեպետեւ հայկական թեմատիկայով շաղախված, տոգորված էին այն գաղափարով, որ հիմնախնդիրների լուծումը կոմունիզմի մեջ է։ Ինչեւէ, նրա ուղղափառ նվիրումը կոմունիզմի սկզբունքներին խորապես անհամահունչ էր իրական պետական քաղաքականությանը, ինչը հանգեցրեց նրան, որ Չարենցի անհամաձայնությունն իր շուրջը տիրող կեղծավորության հետ գնալով աճեց։

Նրա հեղափոխական խանդավառությունը զգալիորեն մարեց Խորհրդային Միության ռեալպոլիտիկի հետեւանքով, երբ վերջինս Հայաստանի եւ հայության հաշվին գործարքի գնաց Թուրքիայի հետ։ Իր հիասթափությունը նա ուղղեց հայրենասիրական զգացմունքների ասպարեզ։

Նա մի հանճար էր, որի սերն առ մարդկությունը ներքին մեծ տառապանքի պատճառ դարձավ եւ հարկադրեց նրան ամբողջ կյանքում արդարություն որոնել հռետորների արտաբերած, սակայն այդպես էլ կյանքի չկոչած բարձր իդեալների միջոցով։ Սրտում ամբարած հուրն անմնացորդ հորդեց թղթի վրա՝ ի վերջո կլանելով նրան։ Չարենցը բանտարկվեց, խոշտանգվեց ու անհետացավ՝ ըստ երեւույթին սպանվելով խորհրդային իշխանությունների հրահանգով։

Չարենցն ասես հետեղեռնյան տարիների հայ ժողովրդի մարմնավորումը լիներ՝ դժոխքից հառնած, կոմունիզմի խոստացած առաջընթացի նկատմամբ լիահույս, սակայն ի վերջո՝ դժբախտ նահատակ դրա իսկ ձեռքերում։

 

Հետաքրքիր փաստ

Չարենցն ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին կինը մահացել է ծննդաբերելիս։ Երկրորդ կնոջից ունեցած առաջին դստեր անունը դրել է Արփենիկ՝ ի պատիվ իր առաջին կնոջ։