«Ռոբերտ Բոշ» հիմնադրամի (Robert Bosch Stiftung) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստոֆ Բոշը, ողջունելով 2017 թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումների մասնակիցներին, ընդգծեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շարժիչ ուժը դարձած «Երախտագիտությունն ի գործ» կարգախոսի կարեւորությունը՝ զուգահեռներ անցկացնելով Գերմանիայի պատմական փորձի հետ. «Մենք շնորհակալ ենք, քանի որ Գերմանիան ունի պատմություն՝ ցեղասպանության առումով դժվարին պատմություն, իսկ «Ավրորան» մի հնարավորություն է, որով բոլորս, թեեւ տարբեր դերերում, կարող ենք արդյունավետ եւ դրական կերպով աշխատել այդ ահավոր հիշողության հետ»։
Շարունակելով՝ նա կարեւորեց փախստականների համաշխարհային ճգնաժամում համատեղ պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ Aurora Dialogues քննարկումների պես երկխոսությունները կօժանդակեն հրատապ հիմնախնդիրների լուծմանը։ «Հույս ունեմ, որ այս քննարկումները ոչ միայն արդյունավետ կլինեն մեզ համար, այլեւ հնարավորինս կարեւոր՝ շարժման մեջ գտնվող միլիոնավոր մարդկանց՝ փախստականների համար, որոնք չունեն այս դահլիճի պես լավ ջեռուցվող տներ»,- ասաց նա։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը նշեց, որ Aurora Dialogues բեռլինյան քննարկումների հիմնական թեման միգրացիան է, որն ինքնին առանձնահատուկ կարեւորություն ունի «Ավրորայի» համահիմնադիրների համար, քանի որ 100 տարի առաջ նրանց նախնիները եւս եղել են հարկադիր միգրանտներ։
Խոսելով միգրացիայի դրական ազդեցության մասին՝ բանախոսն ասաց. «Նորարարության մեջ Միացյալ Նահանգների գերազանցության հասնելու պատճառն ինտելեկտուալ ներգաղթն է։ Նորարար տնտեսության համար ամենաիդեալականն այն ներգաղթյալներն են, որոնք փորձառություն ունեն թողնելու հարմարավետ միջավայրը, սովորելու նոր լեզու, նոր օրենքներ, ոչինչ չեն ընդունում ի վերուստ տրված, ոչ ոքից ոչինչ չեն սպասում, այլ գտնում են փոփոխություն ստեղծելու սեփական ուղիներ»։
Նուբար Աֆեյանն ընդգծեց երախտագիտություն արտահայտելու կարեւորությունը՝ ասելով. ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ինքնին ծնվել է երախտագիտության զգացումից. հայերի երախտագիտությունից՝ ուղղված հարյուր տարի առաջ մեր կյանքը փրկած մարդկանց։ Այժմ հավաքվելով՝ մենք փորձում ենք հատուկ ուշադրություն հրավիրել նրանց վրա, ովքեր նույն գործն են անում այսօր։ Մեզ օգնության ձեռք մեկնած մարդիկ այլեւս չկան, բայց, ցավոք, այսօր առավել քան երբեւէ աշխարհն ունի նրանց գործի կարիքը։ Հուսով ենք մեր գործունեությամբ կքաջալերենք մարդկանց «դառնալ հերոս»»։
2017 թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումների առաջին օրվա գլխավոր զեկուցողն էր Գերմանիայի Ավետարանչական Եկեղեցու Հոգեւոր Խորհրդի նախկին նախագահ Վոլֆգանգ Հուբերը, որը «Կարեկցանքն ու հստակությունը համաշխարհային միգրացիայի օրերում» խորագրով իր ելույթում կենտրոնացավ միգրացիայի ճգնաժամի շուրջ համաշխարհային երկխոսության եւ բանավեճի բարոյական կողմի վրա։