2023 թ. սեպտեմբերի 19-ին 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ Աֆղանստանի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ Ջամիլա Աֆղանին ելույթ ունեցավ Նյու Յորքում «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառմանը: Նախաձեռնությունը համախմբում է պետական, մասնավոր եւ բարեգործական ոլորտների ղեկավարներին՝ քայլեր ձեռնարկելու ամենահրատապ գլոբալ մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:
Միանալով մարդասիրական այլ գործիչների՝ Ջամիլա Աֆղանին պատմեց համայնքային ակտիվիստների եւ տեղական կազմակերպությունների հետ իր աշխատանքային փորձի մասին, որոնք անհապաղ աջակցություն են տրամադրել վերջին ճգնաժամերի ընթացքում: Նա խոսեց նաեւ տեղում առավելագույն ազդեցություն ունենալու համար նոր ձեւավորվող ջանքերը մարդասիրական արդեն կայուն համակարգերի հետ միավորելու անհրաժեշտության մասին: Քննարկումը, որին մասնակցում էին նաեւ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Mercy Corps մարդասիրական կազմակերպության գլխավոր տնօրեն Թջեյդա դ՛Օյեն ՄքՔեննան եւ GoFundMe.org հարթակի գործադիր տնօրեն Ամանդա Բրաուն Լիերմանը, վարում էր The New Humanitarian հարթակի գլխավոր տնօրեն Հեբա Ալին:
Խոսելով արտակարգ իրավիճակներում տեղական կազմակերպությունների աշխատանքի մասին՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանին կարեւորեց հատկապես կանանց աջակցություն տրամադրող ցանցերի գոյությունը: Ըստ նրա՝ դրանք ամենաարդյունավետ գործիքներն են եղել, որոնք օգնել են իրեն եւ իր կազմակերպությանը թալիբներին արձագանքելիս: «Մենք հավատում ենք կանանց միասնական ուժին: Մենք հավատում ենք մարդկության ուժին։ Եվ դրա համար մենք ձեռք ենք մեկնում իրար եւ միմյանց վրա հույս դնում։ Աֆղանստանում նահապետական կարգեր են։ Դուք գիտեք թալիբների մասին ու թե ինչ արգելքներ են նրանք կիրառում կանանց նկատմամբ: Այդուհանդերձ, աֆղան աղջիկներն ու կանայք ընդհատակյա դիմադրություն են ցույց տալիս»,- ասաց Ջամիլա Աֆղանին։
Mercy Corps մարդասիրական կազմակերպության գլխավոր տնօրեն Թջեյդա դ՛Օյեն ՄքՔեննան համամիտ էր Ջամիլայի հետ համայնքային, ոչ պաշտոնական խմբերի կարեւորության հարցում՝ նշելով, որ այնպիսի գլոբալ կազմակերպության համար, ինչպիսին իրենցն է, դրանք մնում են ամենաարդյունավետ միջոցը տեղում մարդկանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու հարցում: «Մենք հայտնվում ենք այսպիսի իրավիճակներում՝ ունենալով բոլոր տեսակի աղետներին դիմակայելու փորձառություն ամբողջ աշխարհում, բայց յուրաքանչյուր տեղ պետք է գտնել յուրահատուկ լուծում, որը կհամապատասխանի տվյալ համայնքին տվյալ համատեքստում, ուստի տեղական դերակատարները կարեւոր են: Իրականում, մեր արձագանքն Ուկրաինայում 100%-ով իրագործվել է տեղական դերակատարների միջոցով»,- բացատրեց Թջեյդա դ՛Օյեն ՄքՔեննան՝ ավելացնելով, որ չնայած տեղական ոչ պաշտոնական ցանցերի աշխատանքին ծանոթ լինելուն, յուրաքանչյուր մեծ հասարակական կազմակերպություն պետք է նաեւ «համոզվի, որ իր որոշակի գործունեությունը տեղում չի խանգարում այդ ցանցերին»:
Հղում անելով մարդասիրական օգնության ոլորտում ավելի լավ համակարգման ընդհանուր անհրաժեշտությանը՝ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման անդրադարձավ այն ջանքերին, որոնք իր երկիրը վերջերս ձեռնարկում է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ: «Մենք փորձում ենք կյանքի կոչել մի հարթակ, որտեղ բոլոր դոնորները, հասարակական կազմակերպությունները, ընկերությունները եւ կամավորներն ամբողջ աշխարհից կարող են լիարժեք տեղեկատվություն ստանալ կարիքների մասին՝ թե ով ինչ է անում, որտեղ եւ երբ է անհրաժեշտ օգնություն, եւ, իհարկե, այս հարթակի միջոցով հասնել ավելի շատ ֆինանսական միջոցների մոբիլիզացման, քանզի այս ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ, ըստ էության, հումանիտար կարիքների մակարդակը գերազանցում է 55 միլիարդ դոլարը: Ես խոսում եմ այս տարվա մասին [միայն]»,- նշեց վարչապետը։
Անսովոր լուծումները կարող են լավ աշխատել ավանդական մարտահրավերների հաղթահարման դեպքում, պնդեց GoFundMe.org հարթակի գործադիր տնօրեն Ամանդա Բրաուն Լիերմանը: Նա հիշեցրեց լսարանին, որ թեեւ այդ հարթակն ի սկզբանե ստեղծվել է օգնելու անհատներին գումար հայթայթելու անձնական ճգնաժամերը հաղթահարելու համար, հետագայում այն ընդլայնվել է՝ վերածվելով ֆոնդերի հայթայթման առաջատար հարթակի: «GoFundMe հարթակն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների յուրօրինակ արտացոլումն է: Այսպիսով, երբ սկսվում են ճգնաժամերը, մենք տեսնում ենք այս հոսքը, մարդկանց այս ահռելի շարժը, որոնք պարզապես ցանկանում են քայլեր ձեռնարկել այսպիսի պահերին, ցանկանում են ինչ-որ անհապաղ օգնություն տրամադրել եւ մաս կազմել տվյալ պահին ծավալվող ավելի մեծ գործընթացների»,- ասաց Ամանդա Բրաուն Լիերմանը:
Եզրափակելով քննարկումը՝ The New Humanitarian հարթակի գլխավոր տնօրեն Հեբա Ալին շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին իրենց տեսակետները ներկայացնելու համար եւ ընդգծեց մարդասիրական արձագանքման ոլորտում անհանգստացնող առկա միտումը, որը, հուսով են, կհաղթահարվի: «Քանի որ կարիքները եւ ճգնաժամերն ավելանում են, մենք տեսնում ենք, որ տեղական համայնքային խմբերին աջակցելու միտումը նվազում է, չնայած դրա կարեւորության մասին բազմաթիվ խոսակցությունների, ուստի հուսով եմ, որ այսօր մենք որոշակի պատկերացում ունեցանք, թե ինչպես պետք է շրջել այդ ալիքը», - ասաց Հեբա Ալին:
Ամբողջական քննարկումն անգլերենով՝ ստորեւ.