logo
ՓԱԿԵԼMenu
Պատերազմից՝ նոր հորիզոններ

Պատերազմից՝ նոր հորիզոններ

«Ավրորա երախտագիտության կրթաթոշակը կարեւոր պարգեւ էր ինձ համար: Այն ապագայի, նոր կյանքի եւ դեպի առաջնորդ դառնալու ճանապարհի նոր դռներ բացեց ինձ համար»,- ասաց Ահմադ Քոնաինահը՝ UWC Dilijan միջազգային դպրոցում սովորող եւ «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակ ստացած սիրիացի ուսանողներից մեկը:  

Ահմադը եւ Սիրիայից, Լիբանանից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից ու Եգիպտոսից ժամանած եւս ինը ուսանողներ ստացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակներ  աշխարհի տարբեր երկրներում գտնվող UWC դպրոցներում եւ քոլեջներում ուսանելու համար: Նրանցից վեցը սովորում են UWC Dilijan միջազգային դպրոցում:  

Արդեն երկու տարի է՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է նաեւ Ամալ Քլունիի անվան կրթաթոշակներ լիբանանցի ուսանողուհիներին՝ որպես Երախտագիտության կրթաթոշակների մի մաս: Կրթաթոշակը հնարավարություն է ընձեռում մասնակցելու UWC Dilijan-ի միջազգային բակալավրիատի երկամյա ծրագրին:   

«Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների արժանացած ուսանողները ոչ միայն ստանում են բարձրակարգ միջազգային կրթություն, այլեւ հնարավորություն եմ ձեռք բերում ակտիվ մասնակցելու համայնքային կյանքին: Նրանք իրենց գիտելիքներով եւ հմտություններով աջակցում են Դիլիջանի կրտսեր բնակիչներին՝ կրթական եւ սոցիալական  ծրագրերի միջոցով: Ծանոթացե՛ք ուսանողների պատմություններին:

Պամելա Թեբչրանի, 2015թ. Ամալ Քլունիի անվան կրթաթոշակի շահառու, Լիբանան 

«Մենք սովորություն ունենք ուռճացնելու մարդասիրական աշխատանքը եւ այն մարդկանց, ովքեր ունեն փող՝ զբաղվելու մարդասիրական գործունեությամբ, բայց այս նախաձեռնությունը (Ավրորան) փառաբանում է այն մարդկանց, ում մենք չենք ճանաչում եւ չգիտենք, թե ինչով են նրանք զբաղվում: Ես հանդիպել եմ «Ավրորա» մրցանակի  դափնեկիր կնոջը, նա չափազանց համեստ կին է, որը հոգ է տանում երեխաների մասին: Մենք պետք է ճանաչենք այդ մարդկանց»: 

Ահմանդ Քոնիանահ, Սիրիա

«Շատ դժվար էր հասնել այստեղ Սիրիայից, քանի որ չունենք բաց օդանավակայան եւ ստիպված ենք գնալ Լիբանան այստեղ գալու համար: Ես պատերազմի մեջ էի, ականատես եմ եղել շատ բարդ իրավիճակների. 10 օր շարունակ էլեկտրական հոսանք չունեինք, ջուր էլ չունեինք, երբ ձյուն էր գալիս, ստիպված էինք հավաքել ձյունը եւ հալեցնել այն: Ողջ օրը լսվում էին պայթյունների եւ հրթիռների ձայները: «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակը կարեւոր պարգեւ էր ինձ համար: Այն ապագայի, նոր կյանքի եւ դեպի առաջնորդ դառնալու ճանապարհի նոր դռներ բացեց ինձ համար»:

Դալյա Աթալահ, 2015թ. Ամալ Քլունիի անվան կրթաթոշակի շահառու, Լիբանան

«Մերձավոր Արեւելքում կանայք այնքան էլ զորեղ չեն: Մենք ապրում ենք չափազանց հայրիշխանական հասարակությունում, որտեղ տղամարդիկ կարծում են, որ առավելություն ունեն կանանց նկատմամբ: Այնտեղ կանանց եւ տղամարդկանց միջեւ հսկայական բաց կա: Կրթաթոշակը իրապես օգնում է ինձ շատ ավելի ներգրավված լինել: Ես իրականացրել եմ «Հանուն մեկ միլիարդի» իրազեկման նախագիծը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար: Սա համաշխարհային շարժում է, եւ ես որոշեցի Հայաստանում ստանձնել նախաձեռնության իրականացումը: Այս կրթաթոշակը նաեւ հատուցման մասին է: Հնարավոր չէ պարզապես ստանալ կրթաթոշակը, գալ այստեղ եւ չմտածել, թե ինչպես կարելի է օգնել հասարակությանը եւ համայնքին»:   

Էլանի Թեքլեհաիմոնաթ, Իսրայել 

«Ես ծնվել եմ Եթովպիայում եւ գաղթել եմ Իսրայել 2002 թվականին, քանի որ ազգությամբ հրեա եմ: Սովորել եմ արաբաիսրայելական դպրոցում. այն շատ լավ դպրոց էր եւ ամբողջովին ուղղված էր խաղաղության ամրապնդմանը: Վստահ եմ՝ ցանկացած ուսանող, որ սովորում է UWC միջազգային դպրոցում, տարբերվում է ու ավելի լիբերալ է: Այստեղ իմ լավագույն ընկերը Անին է. Նա Հայաստանից է: Միասին մենք նախաձեռնել ենք ակումբ Դիլիջանում, որտեղ անգլերեն ենք ուսուցանում 13-15 տարեկան պատանիներին: Մեր նախաձեռնությունն այստեղ իսկապես բացառիկ է: Մենք ունենք ուսանողների 20 հոգանոց խումբ եւ յուրաքանչյուր երկուշաբթի կեսօրից հետո ինչ-որ մի նոր բան ենք կազմակերպում նրանց համար»: 

Ահմադ Ադիբ Աբդ Ալքադեր, պաղեստինցի փախստական Լիբանանից 

«Ես սովորել եմ Լիբանանում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարում գործող դպրոցում: Լիբանանում են ծնվել նաեւ իմ ծնողները, բայց մենք քաղաքացիություն չունենք: Այնտեղ՝ տանը, չկան հնարավորություններ մեզ համար, դու չես կարող հասնել քո նպատակներին: Կրթաթոշակն ինձ համար շրջադարձային էր: Այն փորձը, որը ձեռք եմ բերել ապրելով այստեղ վերջին վեց ամիսների ընթացքում, փոխել է իմ կյանքը»:  

Նուռ Մուսա, Լիբանան

 «Ավրորա երախտագիտության կրթաթոշակը շատ կարեւոր է ինձ համար, քանի որ առանց դրա ես չէի կարողանա գալ այստեղ կրթություն ստանալու: Լիբանանում ես ունեի բազմաթիվ խնդիրներ, չունեի քաղաքացիություն, ես փախստական եմ: Այստեղ ես ինձ տանն եմ զգում: Հայստանում մարդիկ շատ հյուրընկալ են: Սուրբ Ծննդյան տոներին, երբ ես Վանաձորում էի, մի մարդ հրավիրեց ինձ իր տուն՝ ճաշի, ինչը տարօրինակ էր, բայց անչափ հաճելի»:  

Ֆարա Միղդադ, Պաղեստին 

«Ճանապարհորդելը սովորական բան չէ պաղեստինցի աղջկա համար, հատկապես, երբ նա տասնվեց տարեկան է: Ես իսկապես ուզում էի լինել այդ բացառիկ աղջիկը, ով առաջին անգամ ճանապարհորդում էր միայնակ: Այդ պատճառով վերջին պահին դիմեցի UWC դպրոց եւ չէի սպասում, որ կընդունվեմ: Մինչեւ մեկնելս երբեւէ իսրայելցի չէի տեսել: Ես անցել եմ երեք պատերազմի միջով, եւ դրանք այնքան են ազդել ինձ վրա, որ ես ատում էի ու մեղադրում նրանց, բայց երբ եկա այստեղ, բացահայտեցի, որ նրանք սովորական մարդիկ են, ովքեր ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ: Համայնքը լուրջ ազդեցություն է թողնում մեզ վրա, բայց մենք ենք որոշում՝ ինչպես ընդունել գաղափարները»: 

Յահիա Ալբաղդադի, Սիրիա 

«Ես Սիրիայից եմ՝ Դամասկոսից: Տեղափոխվել էի Թուրքիա, մտածում էի անօրինական ճանապարհով Եվրոպա անցնելու մասին, քանի որ չունեի այլ պլաններ Սիրիայում առկա իրավիճակի պատճառով: Երբ ես Թուրքիայում էի, մոտ ընկերս զանգեց եւ ասաց. «Ես նավ եմ վարձում վաղը Հունաստան գնալու համար, կցանկանա՞ս միանալ ինձ»: Մտքովս անցավ միանալ նրան եւ ես սկսեցի համոզել ծնողներիս, բայց հետո փոշմանեցի: Որոշեցի վերադառնալ Սիրիա, մնալ այնտեղ մի տարի եւ կառուցել իմ ապագան: Բարեբախտաբար ընդունվեցի UWC միջազգային դպրոց. դա իմ ամենաերջանիկ պահերից էր, քանի որ իսկապես ուզում էի փախչել իմ հարազատ քաղաքից, չէի տեսնում այնտեղ ապագա եւ ուզում էի, որ մի բան ինձ դուրս բերեր այդտեղից:  Հայկական հյուրընկալությունը լավագույնն է: Իհարկե, Սիրիայում մարդիկ նույնպես հյուրընկալ են, սակայն այստեղ տարբեր է: Տանը հյուրընկալության ես սպասում, որովհետեւ այնտեղ են հարազատներդ, իսկ այստեղ չգիտեի՝ ինչ սպասել: Բայց ես իսկապես ինձ տանն եմ զգում, ոչինչ ինձ օտար չէ»:

«Ավրորա» երախտագիտության նախագծերը մարդասիրական եւ կրթական ձեռնարկումներ են՝ օգնելու  աշխարհի տարբեր երկրների երեխաներին, փախստականներին եւ խոցելի խմբերին։ Տրամադրելով ուսման հնարավորություններ եւ կրթաթոշակներ, ինչպես նաեւ դրամաշնորհներ հատկացնելով մարդասիրական նախագծերին եւ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը մարդասիրական ջանքերի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգները ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել՝ ի հիշատակ այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են ցեղասպանությունից տուժածներին: 

Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Մերձավոր Արեւելքի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած պատանիների հատկացվելու է 100 կրթաթոշակ։ Կրթաթոշակային ծրագիրը տեւելու է 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) եւ առաջարկում է կրթություն «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC) միջազգային դպրոցների ցանցում, այդ թվում՝ Հայաստանում գործող UWC Dilijan քոլեջում, որն այժմ աշակերտներ ունի աշխարհի 72 երկրներից։ Բացի այդ, Scholae Mundi Armenia հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ կհատկացվեն Սիրայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի եւ Եգիպտոսի ուսանողներին, որոնք ուսանելու են Հայաստանի ամերիկյան համալսարանում: Երախտագիտության կրթաթոշակների ընդհանուր ֆոնդը մոտ 7 միլիոն դոլար է։