Հեղինակ՝ Քրիստոֆեր Ադամյան
Պատկերները ցնցող են ու չափազանց անցողիկ: Սովորական դիտողի համար դրանք նման են պատերազմի կամ մի ահավոր բնական աղետի հետեւանքների, սակայն հայերի հիշողության մեջ ակնթարթորեն արթնացնում են հենց այն, ինչ կան՝ հայ մանուկներ, ամենայն հավանականությամբ՝ որբեր, որոնց Կոստանդնուպոլսի թուրքական նավահանգիստը լքող նավերի վրա են քշում: Հրմշտոցի մեջ երեխաները հետ են ընկնում, երբ նրանց նավ բարձրացնելու համար թեքահարթակով վեր են հրում: Քամին նրանց թղթե տիկնիկների պես դեսուդեն է ճոճում: Հաջորդ կադրում հյուծված հայերն են, որոնց գնացքի վագոններն են լցնում՝ տանելով մահվան: Նրանք ամենուր են՝ մեքենաների տանիքներին, երկաթգծի մոտ սպասելիս, տաքանալու համար փոքր, խղճուկ կրակ վառելիս. hույսն իսպառ ջնջվել է նրանց դեմքից: Իսկ հետո, ի վերջո, գալիս են բոլորին հայտնի տեսարանները, երբ հայերը քայլում են տարագրության ճամփաներով:
Այդ ողբերգական տեսարանների արանքում կան նաեւ ժպտացող դեմքեր: Հենց նավերը հետեւում են թողնում Թուրքիան, պատանեկան լավատեսությունն սկսում է գերիշխել, ու որոշ ուղեւորներ, թվում է, ըմբոշխնում են իրենց սպասվող արկածները, որոնք հեռու են այն բռնությունից, որը հենց նոր վերապրել են: Հույս կա, որ նրանց դեպի ազատություն են առաջնորդում:
Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանից մնացած այս հազվագյուտ տեսաշարը վերջերս ցուցադրվել է Բոլոնիայի Cinema Ritrovato 29-րդ ամենամյա կինոփառատոնին: Շվեյցարացի համադրող, արխիվագետ եւ կինոռեժիսոր Մարիան Լեւինսկին, որը հայտնաբերել էր տեսանյութը, նախկինում էլ էր նման ուշագրավ բացահայտումներ արել: Օգտագործելով իր` խուզարկուին բնորոշ հմտություններն ու բնազդները՝ Cinema Ritrovato («Հայտնաբերված կինո») փառատոնի համր ֆիլմերի բաժնի այս համադրողը նոր գաղափար ուներ՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նայել հարյուր տարի հետ: «1915/2015-ի առիթով ես հայկական համր ֆիլմերին (մեծ մասամբ՝ խորհրդային ժամանակների) առնչվող հատուկ մի ծրագրի համադրող էի: Սակայն նաեւ ուսումնասիրել եմ 1915 թվականին նախորդող տարիները եւ, գործընկերներիս հետ միասին, մի ծրագիր ի մի բերեցի, որը ներառում է գիտահանրամատչելի նյութեր նաեւ 1911-ից 1919 թվականներն ընկած ժամանակահատվածից»,- պատմում է Մարիանը:
Նրա ամենավերջին բացահայտումը, որն արել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում: «Ես այն հայտնաբերեցի «Հայաստան. մարդկության բնօրրան» խորագրի ներքո»,- պատմում է Լեւինսկին: «Ակնհայտորեն, սա ոչ թե տեսաշարի վերնագիրն էր, այլ ինչ-որ ուրիշ ֆիլմի, որն ավելի ուշ էր կցվել»: Բոլոնիայի տեսադարանը (Cineteca di Bologna) վերականգնել է 70 մետր երկարությամբ (կամ 4 րոպե տեւողությամբ) տեսաշարի որակը փառատոնում ցուցադրելու համար: «Նրանցից ոմանք կարող են հայ որբեր լինել, որոնք 1918-ին նավով դեպի Ստամբուլ են ուղեւորվում, մյուսներն, ըստ ամենայնի, «բնակչության փոխանակմանն» առերեսված հույներ են»,- պատմում է Լեւինսկին: Կադրերի հետին պլանում Ստամբուլի պալատական շինությունը ճանաչած փորձագետները հաստատում են, որ Հայոց ցեղասպանությունից հետո բրիտանական զորքերն օգտագործել են այդ շինությունը, մասնավորապես, հայ որբերին հավաքագրելու եւ տարհանելու նպատակով: Լեւինսկին շարունակում է. «Սա փախուստի, փախստականների, պատերազմի հետեւանքով բռնի տեղահանման վաղեմի մի պատկեր է»:
Լեւինսկու հայտնաբերած տեսաշարերի թվին է պատկանում նաեւ «Հնոցապանը Տրապիզոնում. 1915թ.», որը նա գտել է Gaumont Pathé ընկերության արխիվում, եւ 1918թ. մի ֆիլմ՝ Մուսա լեռան ջարդերը վերապրած փախստականների` Եգիպտոսի Պորտ Սաիդի ճամբարի մասին, որը նա գտել էր ֆրանսիական բանակի արխիվներում: Հենց Պորտ Սաիդում էր, որ, ՀԲԸՄ-ի ֆինանսավորմամբ, վերապրածների համար նախատեսված մի իսկական վրանային քաղաք ստեղծվեց, որտեղ նրանց ոչ միայն կերակուր ու հագուստ էին տրամադրում, այլեւ օգտակար արհեստներ էին սովորեցնում, որպեսզի կարողանան նոր կյանք սկսել Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում կամ Ամերիկայում: Փրկվածների ժառանգների եւ ցեղասպանության հարցն ուսումնասիրող գիտնականների համար այս տեսաշարերն անհավանական մի պատուհան են դեպի սարսափազդու, կորուսյալ աշխարհ:
Երբ «Բնօրրանի» տեսաշարը վերջապես ընկավ Լեւինսկու ձեռքը, նա պարզեց, որ այն 1923 թվականին է ստեղծվել: Նա ասում է. «Պատկերներն արտասովոր էին՝ երեխաներով լի նավակներ, գնացքներ»: Բայց
Փիթեր Բալաքյանը՝ «Ճակատագրի սեւ շունը» եւ «Այրվող Տիգրիս» գրքերի հեղինակը, հարցականի տակ է առնում այդ հայտնագործության պատմական նշանակությունը: «Ի՞նչ նշանակություն ունեն փրկվածներին պատկերող տեսանյութերն այս պատմությունն առավել լայն իմաստով հասկանալու համար»,- հարցնում է նա: Քոլգեյթ համալսարանի պրոֆեսորը մտահոգություն է հայտնում, թե տեսաշարն ինչ է ավելացնում արդեն առկա գիտելիքին եւ փաստերի մեկնաբանմանը, նաեւ՝ այն ինչպես կարող է խորացնել կատարվածի գիտակցումը մարդկության կողմից: Առանց մանրակրկիտ վերլուծության՝ նոր տեսանյութը հակաժխտողական ապացույցի եւս մեկ դրվագ է, եւ ոչ ավելին:
Հապճեպ եզրահանգումներ
Թեպետ նոր կադրերն, անկասկած, հետաքրքիր տարր են ավելացնում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործին, սակայն հարկավոր է զգուշանալ ենթադրություններից, թե «հում» տեսաշարն ապացուցում է այն, ինչն, ի վերջո, ապացուցման ենթակա չէ՝ 1.5 միլիոնից ավելի մարդկանց մահը: Ինչպես Լեւինսկին է նշում՝ «Ժխտողներին հնարավոր չէ համոզել, իսկ մյուսները նոր ապացույցների կարիք չունեն»:
Այնուամենայնիվ, այս բացահայտումը շատ դրական կողմեր էլ ունի: Ուեսլիի համալսարանի պրոֆեսոր, «Սփյուռք. վերազգային հետազոտությունների պարբերականի» հիմնադիր Խաչիկ Թոլոլյանը կարծում է, որ բացահայտումն ինքնին խորհրդանշական է. «Հայոց ցեղասպանությանը վերաբերող այս համր տեսահոլովակի բացահայտումը հարյուրամյա անտեսման եւ ժխտողականության մի ահավոր նմուշ է եւ խորհրդանիշ: Ֆիլմը համր է, ինչպես եւ ցեղասպանության մասին բազմաթիվ վկայությունները, որոնք սկզբում չպատմված մնացին, իսկ երբ, վերջապես, պատմվեցին, մնացին չլսված: Ֆիլմն անհայտ էր, սակայն իրականում թաքնված չէր՝ պարզապես անտեսված էր հետազոտողների կողմից, ԱՄՆ-ի արխիվներում տեսանելի էր, սակայն չդիտված»: Թոլոլյանին նաեւ հետաքրքրում է, թե ով է ստեղծել ֆիլմը եւ ինչ նպատակով: Խիստ կարեւոր է, թե ինչ պայմաններում են նկարահանվել փրկվածները եւ մեկնաբանման ինչպիսի շրջանակ է ընտրվել ուսումնասիրելու եւ վերլուծություն կատարելու համար:
Լեւինսկին հետաքրքիր մոտեցում ունի հայտնաբերված տեսաշարի՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների վրա հնարավոր ազդեցության առումով. «Այստեղ ամեն ինչ այլ է: Ես մտածում եմ ոչ թե այն մասին, թե ինչպես ֆիլմը կնպաստի Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններին, այլ որ ֆիլմն ինքնին ուսումնասիրության կարիք ունի, որպեսզի ճիշտ մեկնաբանվի: Պատկերները վկայություններ չեն. դրանք համր են մնում այնքան ժամանակ, քանի դեռ դուք չգիտեք, թե որտեղ են նկարահանվել, երբ եւ ում են պատկերում... Սակայն խորհրդավոր պատկերներն ուսումնասիրելու ընթացքում դուք, անշուշտ, շատ բան կիմանաք»:
Գրող եւ ցեղասպանագետ
Դընի Դոնիկյանը, որը վերջերս հեղինակավոր Le Monde բլոգում ավարտին է հասցրել 550 գրառում պարունակող մի հատոր՝ «Հայոց ցեղասպանության համառոտ հանրագիտարան» վերնագրով, Լեւինսկու հայտնագործությունը կարեւորում է դրա հազվագյուտ լինելու համար: «Պարզ ասած, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915 թվականին, հրեաների եւ գնչուների Հոլոքոստից 30 տարի առաջ: Տեսաշարն այնքան հազվագյուտ էր այն ժամանակվա համար, որ այն, անգամ եթե այլ դեպքերում կարող էր անհետեւանք լինել, հիմա կարեւոր է դառնում»: Սակայն Տոնիկյանը նաեւ զգուշացնում է, որ ուրախությունից թռչկոտել պետք չէ, մինչեւ տեսաշարի իսկությունը պատշաճ կերպով չհաստատվի. «Դուք գիտեք, որ կմախքանման մանկահասակ հայ երեխաներին պատկերող հայտնի լուսանկարների շարք գոյություն ունի։ Այդ երեխաներին հաճախ նշում են որպես «ցեղասպանությունը վերապրածներ», երբ իրականում դրանք որբերի՝ տարիներ անց Երեւանում սաստիկ սովի ժամանակ արված լուսանկարներ են... չեմ կարող պատշաճ գնահատական տալ»,- ասում է նա:
Սակայն ինչպես Թոլոլյանն է իրավացիորեն նշում, այն, ինչ այս չորս րոպեները նկարագրում են, թերեւս ոչ այլ ինչ է, քան «համայնքի վերջ՝ ցեղասպանության միջոցով, բայց միաժամանակ նաեւ՝ վերապրածների համայնքի սկիզբ։ Վերապրածներ, որոնք ծնունդ պիտի տային սփյուռքին, որի ակտիվ գործիչները, համագործակցելով վերածնված հետկոմունիստական հայրենիքի հետ, բազում մեծ գործեր արեցին»:
Պատկերներ. համր կադրերը վերցված են «Հայաստան. քաղաքակրթության բնօրրան» տեսաշարից, որը բարյացակամորեն տրամադրել է Fondazione Cineteca di Bologna-ն: