Լոս Անջելեսում կայացած «Ավրորայի» միջոցառումներից ամենագլխավորը՝ 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, տեղի ունեցավ 2024 թ. մայիսի 9-ին: Արարողությունը վարում էին «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի սյունակավար, լրագրող եւ նովելիստ Դեյվիդ Իգնաթիուսը եւ UWC Դիլիջանի դպրոցի շրջանավարտ, Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու Դալյա Աթալլահը: Այս հատուկ միջոցառումը համախմբել էր աշխարհի առաջատար մարդասերներին, գիտնականներին, բարերարներին, գործարարության ոլորտի առաջնորդներին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին:
«2024 թ. «Ավրորայի» միջոցառումները Լոս Անջելեսում վկայում են այն մասին, թե ինչերի կարող ենք հասնել, երբ միավորում ենք ուժերն իրական, նվիրված եւ ալտրուիստ մարդկանց հետ, ինչպիսին դուք բոլորդ եք այստեղ եւ շատ ուրիշներ, որոնք աշխատում են ձեզ հետ կուլիսներում»,- ասաց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանը «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանն իր ելույթի ժամանակ:
«Բազմաբեւեռ ճգնաժամերի այս ժամանակաշրջանում աշխարհի մեծագույն ճգնաժամերից շատերը մնում են աննկատ կամ անտեսվում են: Մարդիկ ծանրաբեռնվում են։ Կարեկցանքը չի աշխատում: Այս երեւույթն ունի անուն, այն կոչվում է հոգեկան թմրություն: Ու թեեւ սա հասկանալի է, բայց լավ չէ: Դա է հիմնական պատճառը, որ մենք ստեղծեցինք «Ավրորան» այնպես, ինչպես որ կա: <…> «Ավրորան» մոռացվածի կողքին է, դա մեր ԴՆԹ-ի մեջ է: Մոռացված մարդիկ, մոռացված ճգնաժամեր, մոռացված ցեղասպանություններ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Տնօրենների խորհրդի նախագահ եւ 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների համանախագահ Նուբար Աֆեյանը:
Մրցանակի շնորհման արարողության ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորեւ: