Վարուժան Փամբուկչյանը՝ Ռումինիայի խորհրդարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հանձնաժողովի նախագահը, ավելի քան 600 օրենսդրական փոփոխությունների հեղինակ է: Նա Հայոց ցեղասպանությունը վերապրած Մարգարոսի եւ Տիգրանուհու թոռն է եւ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը: Նա մշտապես հանրօգուտ գործունեություն է ծավալել՝ լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետ:
«Տատիկն ու պապիկը մեկամյա որդի ունեին՝ հորեղբայրս էր, եւ շուտով պետք է ծնվեր հայրս, երբ նրանց արտաքսեցին Դեր Զոր: Տատիկն ութ ամսական հղի էր»,- ընտանեկան պատմությունն է սկսում Փամբուկչյանը: Մարգարոսի հորը՝ Մեսիային, ով շատ ծեր էր եւ չէր կարողանում տեղաշարժվել, թուրքերը թողեցին, որ մահանա: Հուսահատության պահին Տիգրանուհին հրում է որդուն փոսը, որտեղ մահացած երեխաների դիակներ էին՝ այդպիսով փրկելով նրան: Քիչ անց տղային գտնում է թուրք հարեւանուհին, ում ընտանիքում նա ապրում է մի քանի տարի:
«Հայի փրկելով՝ նա վտանգում էր իր կյանքը: Դա հերոսական արարք էր»,- ասում է Փամբուկչյանը:
«Հետաքրքիր է, որ մի քանի տարի անց այդ հարեւանուհին կրկին հանդիպել է հորեղբորս՝ արդեն Ռումինիայի Կոնստանցա քաղաքում: Թուրք կինը գործով էր եկել երկիր եւ հանկարծ փողոցում հանդիպում են: Նա ճանաչել է հորեղբորս՝ աչքերից. միայն նա ուներ այդպիսի վառ կապույտ աչքեր»,- պարզաբանում է Վարուժանը:
Դեր Զորի ճանապարհին՝ արդեն Սիրիայում, ծնվել է Վահեն՝ Վարուժանի հայրը: «Դրանից հետո պապս հասկացել է, որ անհրաժեշտ է ինչ-որ բան ձեռնարկել: Չգիտեմ, թե ինչպես է կարողացել դա անել, բայց նրանք փախչել են «մահվան քարավանից» եւ հասել պապիկի ընկերոջ եւ միաժամանակ գործընկերոջ՝ քրիստոնեություն ընդունած արաբի տուն: Մեկ շաբաթ ընտանիքն ապրել է նրա մոտ,- պատմում է Ռումինիայի քաղաքական գործիչը,- բայց մի օր եկել են թուրքերը: Տանտերը հայերին թաքցրել է մահճակալի տակ, եւ երբ թուրքերը մտել են սենյակ եւ զենքը մոտեցրել մահճակալներին, որպեսզի համոզվեն, որ դրանց տակ ոչ ոք չի թաքնվում, փոքրիկը, ով այդ պահին ընդամենը մեկ ամսական էր, չի շարժվել եւ ոչ մի ձայն չի հանել: Դրանից հետո Փամբուկչյաններին հաջողվել է հայտնվել Կիպրոս ուղեւորվող ֆրանսիական նավի վրա»:
Մարգարոս Փամբուկչյանը երկար ժամանակ տուն վերադառնալու եւ ընդհատված կյանքը շարունակելու հույս ուներ, այնուամենայնիվ, հետագայում գիտակցեց, որ դա անհնար է: Ընտանիքն սկսեց մտածել, թե ուր գնալ. որպես վերջնակետ դիտարկվում էր նաեւ Եգիպտոսը: «Սակայն, ի վերջո, ընտրվել է Ռումինիան՝ առաջին երկրներից մեկը, որ պաշտոնապես ընդունել է գաղթյալ հայերի, իսկ Կոնստանցայում տատիկի ոչ հարազատ եղբայրն էր»,- պարզաբանում է Վարուժան Փամբուկչյանը:
Ռումինիայում հաստատվելով՝ ընտանիքը չի կարողացել շարունակել ընտանեկան ավանդույթը եւ զբաղվել բամբակի բիզնեսով: Այնուամենայնիվ, Փամբուկչյանները բոլոր երեխաներին լավ կրթություն են տվել:
«Տատիկն ու պապիկը շատ քիչ էին խոսում իրենց երիտասարդության ողբերգական իրադարձությունների մասին: Այդ թեմային բոլորից շատ անդրադառնում էր հայրս, որն ամենի մասին լսել էր ծնողներից: Հայրիկիս հետ շատ էինք ուզում գտնել նրանց (արաբ ընտանիքի) ժառանգներին եւ շնորհակալություն հայտնել, սակայն, ցավոք, դա մեզ չի հաջողվել»,- ասում է Փամբուկչյանը:
«Ո´չ հայրս, ո´չ ես այդպես էլ չենք իմացել այն մարդկանց անունները, ովքեր փրկել են մեր ընտանիքը: Պապս չէր հիշատակում նրանց անունները, որպեսզի չվնասի նրանց»,-ասում է Փամբուկչյանը:
Սառած գետը
Վարուժան Փամբուկչյանի մայրը՝ Նազլուն, եւ հայրը՝ Վահեն, ծանոթացել են Ռումինիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նազլուն Բուլղարիայի հայ էր։ Նրա ընտանիքի մորական կողմն ապրում էր Սիլիստրայում (Բուլղարիա), իսկ հորական կողմը՝ Կամախում (քաղաք ժամանակակից Թուրքիայում)։ Վարուժանի մորական կողմի պապը փրկվել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած եղեռնից՝ 16 տարեկանում փախչելով Ռումինիա։ Երիտասարդն արագ ընտելացել է նոր միջավայրին եւ շուտով սեփական բիզնեսը հիմնել այնտեղ։
Գործարարությամբ զբաղվելով՝ շատ մարդկանց հետ է շփվել, այդ թվում՝ նաեւ Բուլղարիայում։ Այնտեղ հանդիպել է ապագա կնոջն ու որոշել փախցնել նրան, քանի որ հարսնացուի հայրը դեմ էր նրանց ամուսնությանը։ Ձմեռ էր, սաստիկ ցուրտ․Փամբուկչյանի հայրը ձիով հատել է սառած Դանուբ գետը եւ կնոջը բերել Ռումինիա։ Այստեղ էլ երիտասարդ զույգը բնակություն է հաստատել։ Երբ Ռումինիայում կոմունիստներն են անցել իշխանության, Փամբուկչյանի հայրն աշխատանքի է անցել որպես հաշվապահ, իսկ մայրը տնտեսագիտական կրթություն է ստացել եւ ամբողջ կյանքի ընթացքում աշխատել բանկում։ Ինքը՝ Վարուժանն ամուսնացել է ռումինուհու հետ։ Վարուժանն ու Միրելլան ունեն Արամ եւ Վարդան անուններով երկու որդի եւ Վահան անունով մեկ թոռ։ Արդյո՞ք կինը դեմ չէր հայկական անուններին. «Իսկ ինչու՞ պետք է դեմ լիներ։ Միրելլան արդեն ինքն էլ գրեթե հայ է։ Ռումինացիներն ու հայերը մտածելակերպով մոտ են։ Մեզ սիրում են, հայերն այստեղ բարի համբավ ունեն»,- ժպտում է Վարուժանը։
Մարգարոս եւ Տիգրանուհի Փամբուկչյանները |
Պաշտոնական տվյալներով՝ Ռումինիայում այժմ բնակվում է մոտ երկու հազար հայ, սակայն Վարուժան Փամբուկչյանը վստահ է, որ էթնիկ հայերի թիվն ավելի մեծ է․«Այստեղ մոտ հինգ հազար հայ կա, սակայն մարդահամարի ժամանակ շատերն իրենց ռումինացի են կոչում։ Հիմա մեծ թվով հայեր, հույներ եւ հրեաներ չեն նշում իրենց ազգային պատկանելությունը»։
«1989թ. ռումինական հեղափոխությունից հետո ստեղծեցինք Ռումինիայի հայերի միությունը։ Մեր առաջին պատգամավորը Վարուժան Ոսկանյանն էր։ Մի քանի տարի անց նա որոշեց իր կուսակցությունը հիմնել եւ ինձ առաջարկեց ներկայացնել հայ համայնքը խորհրդարանում։ Այդպես ստացվեց, որ սկսեցի երկու հարցով զբաղվել՝ տեղեկատվական տեխնոլոգիաներով (ՏՏ) եւ ազգային փոքրամասնություններով,- հիշում է Փամբուկչյանն ու կատակով ավելացնում,- ՏՏ-ն էլ ինչ-որ չափով փոքրամասնություն է»։
Արդեն 19 տարի շարունակ նա երկրի խորհրդարանում ներկայացնում է ոչ միայն հայերի, այլեւ մյուս ազգային փոքրամասնությունների շահերը եւ գլխավորում է խորհրդարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովը։ Քաղաքական գործիչն ասում է, որ հայի ինքնությունը պահպանելու համար կարեւորագույն գործոններ են դպրոցն ու եկեղեցին, որտեղ հայերեն են աղոթում։ Կիրակնօրյա դպրոցը, ուր, Փամբուկչյանի խոսքով, մի օր կայցելի նաեւ նրա թոռը, երեխաներին սովորեցնում է հայերեն, պատմություն եւ կրոնի պատմություն։ «Կարեւոր է հասարակության մաս լինել։ Հիշել, որ դու հայ ես, բայց ինչ-որ բանի հասնել նաեւ ռումինական հասարակության մեջ»,- ընդգծում է նա։
Վարուժան Փամբուկչյանը |
Փամբուկչյանը մասնակցում է համայնքի նաեւ մշակութային կյանքին։ «Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսին մեզ մոտ տեղի է ունենում Հայկական փողոցի հայտնի փառատոնը, որը 2-5 օր է տեւում։ Մոտ երեսուն հազար մարդ է հավաքվում, նրանց շարքերում մեծ թվով ռումինացիներ կան։ Փառատոնի պարտադիր ծրագրում է հայկական դուդուկը։ Առաջին անգամ դուդուկ լսել եմ հինգ տարեկանում, այդ օրվանից հայկական երաժշտությունը հատուկ տեղ է գրավում իմ կյանքում։ Ինքս էլ եմ մի քիչ երգում»,- խոստովանում է Վարուժան Փամբուկչյանը։
Աշխարհի կենտրոնը
«Մեզ անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ դա ոչ միայն մարդկանց ոչնչացում էր, այլ նաեւ զարգացման մի ամբողջ դարի կորուստ։ Ճանաչմանը հասնելու համար անհրաժեշտ է համախմբված գործել։ Սակայն երբ շատ ենք սեւեռվում ցեղասպանության փաստի վրա, դա մեզ թույլ չի տալիս խոսել ներկայի եւ ապագայի մասին։ Մոռանում ենք ուշադրություն դարձնել մեր շուրջ տեղի ունեցողի վրա, իսկ դա անթուլատրելի է։ Հնարավոր չէ միայն անցյալ ունենալ»,- ընդգծում է Փամբուկչյանը։
Հարցին, թե ինչ է Հայաստանը դրա սահմաններից դուրս ապրող մարդու համար, Փամբուկչյանը իտալերենով բացականչում է. «L'ombelico del mondo»` աշխարհի կենտրո՜նն է։
Եթե տեղափոխվել Հայաստան, ապա միայն նոր գաղափարներով, վստահ է քաղաքական գործիչը, իսկ ներկայում նա Ռումինիայում շատ անելիքներ ունի՝ միաժամանակ աշխատում է երեք տարբեր ծրագրերի վրա։ Ծանր պահերին նրան օգնում են ընտանիքն ու հավատքը։
«Ինձ միշտ չէ, որ հաջողվում է ընտանիքիս այնքան ժամանակ հատկացնել, որքան կուզեի, բայց, բարեբախտաբար, հարազատներս միշտ հասկացել եւ սատարել են ինձ»,- խոստովանում է Վարուժան Փամբուկչյանը, ում առաքելությունն է դեպի լավը փոխել քաղաքացիների կյանքը, դրանով իսկ շնորհակալություն հայտնել այն երկրին ու մարդկանց, որոնք օգնել են վերապրել ու բարօրության հասնել շատերին, այդ թվում՝ նրա ընտանիքին։
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: