logo
ՓԱԿԵԼMenu
Վարդուհի Վարդերեսյան

Վարդուհի Վարդերեսյան

Ռոդոսթո-Բուխարեստ-Գյումրի-Երեւան. դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի ընտանիքն այս ճանապարհն է անցել: Երեք կին՝ երեք ճակատագիր կորուստներով ու զրկանքներով լի:
 

«Ես երջանիկ եմ, որ վերադարձա Հայաստան: Եթե մնայի Ռումինիայում, ի՞նչ իմանամ, կվերադառնայի՞ երբեւէ եւ ի՞նչ կլիներ ինձ հետ: Այս դժվար կյանքը, գիտե՞ս, ինձ շատ բան է սովորեցրել: Ես իմ երջանկությունը դրսից չեմ քաղում: Ես փնտրում եմ իմ մեջ: Եվ այս տարիքիս ես երեւի ավելի շատ սիրում եմ մենակ մնալ, որովհետեւ ինքս ինձ հերիքում եմ, ես ինքս եմ ինձ խնամում, չեմ անտեսում: Նույնը հայրենիքն է. այսքան ցավ, որ մենք ենք տեսել, պիտի աչքի լույսի պես պահպանենք եղածը: Որ գաղթի ճանապարհներին ընկածները գոնե երկնքում հանգիստ ննջեն»,- ասում է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:

Վարդուհին 14 տարեկանում ավարտել է Բուխարեստի Հայկական վարժարանն ու, քանի որ ընտանիքը գումար չուներ, ուսումը չի շարունակել: Բուխարեստում հայ տղամարդիկ հիմնականում կոշիկ էին կարում, իսկ կանայք՝ կոշիկի երեսներ: Վարդուհին նույնպես սովորում է կոշիկի երես կարել: Մայրը Վարդուհու համար վարպետ է գտնում, ով երիտասարդ աղջիկ էր եւ ուներ իրենց բակում ապրող կոշկակար մորեղբայր, որն էլ ուներ մեծ գրադարան: Այդ գրադարանն է դառնում Վարդուհու պատուհանը դեպի մեծ աշխարհ: Ու նա, երբեւէ թատրոնում չլինելով,  որոշում է դերասանուհի դառնալ:

Վարդուհի Վարդերեսյանը՝ Կեկելի դերում Խորեն Աբրահամյանի (Պեպո) հետ (Գ.Սունդուկյանի «Պեպո»)

Վարդուհի Վարդերեսյանը կինոյի եւ թատրոնի վաստակաշատ դերսանուհի է. Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանեւսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի, «Պաղդասար Աղբար»՝ Անույշ եւ այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» եւ այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում նա ունի ավելի քան 100 ձայնագրություն: Արժանացել է ժողովրդական արտիստի կոչման, պարգեւատրվել բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով: 87-ամյա տիկին Վարդերեսյանը հայ բեմի ավագ սերնդի եզակի ներկայացուցիչներից է:

Ռոդոսթոյից Բուխարեստ

Վարդուհի Վարդերեսյանի հայրը՝ Կարապետ Վարդերեսյանը դեռեւս 1912 թվականին, զգալով հնարավոր վտանգները, թողնում է Մարմարա ծովի ափի իր բնակավայր Ռոդոսթոն, որին թուրքերը Թեքիրդաղ են նաեւ կոչում, ու տեղափոխվում Ռումինիա: Կարապետի հայրը՝ Վարդերես Վարդերեսյանը կոշկակար էր եւ իր արհեստը փոխանցել էր որդուն: Կարապետն ընտանիքի միակ զավակն էր, հավանաբար ծնվել էր 1860-ականներին: Երբ Կարապետը տեղափոխվում է Ռումինիա, հայրն արդեն մահացած էր, ու նա օտարության մեջ է հայտնվում միակ հարազատի՝ մոր հետ: Կարապետը 54 տարեկան էր եւ դեռեւս ամուրի: Որոշ ժամանակ անց նա մոր հետ գնում է Պոլիս՝ հարսնացու գտնելու: Հանդիպում է բնիկ պոլսեցի Աղավնի Մոմջյանին: Ատաղձագործ հորն Աղավնին վաղուց էր կորցրել, Կարապետի պես նա էլ չուներ քույր ու եղբայր, մոր հետ ապրում էր Պոլսի Սամաթիա եւ Քումկապու թաղամասերում: Աղավնին ձեւավար- դերձակուհի էր, նրա արհեստանոցը Պոլսի Բերա բանուկ փողոցում էր: «Մայրս քմահաճ աղջիկ էր: Բայց հորս շատ էր հավանել եւ հանուն այդ գեղանձն տղամարդու համաձայնվեց թողնել Պոլիսն ու իր մոր՝ Մարիամ Մոմջյանին իր հետ վերցնելով՝ Կարապետի հետ հաստատվել Ռումինիայում»,- պատմում է Վարդուհի Վարդերեսյանը:

Բուխարեստում մի հարկի տակ ապրում էին ռոդոսթոցի ու պոլսեցի մայրերը եւ նրանց զավակները՝ ընտանիք դարձած Աղավնին ու Կարապետը: 

Նրանք ունենում են որդի ու դուստր՝ Վարդերեսն ու Արմենուհին: 12 տարեկանում Վարդերեսը հիվանդանում է ոսկրախտով, ու ընտանիքն իր ամբողջ կարողությունները վաճառելով հանդերձ՝ չի կարողանում փրկել տղային: Այդ ժամանակ Կարապետը 68 տարեկան էր, Աղավնին՝ 43: Տղայի կորուստի ու ընտանեկան խնայողությունների սպառման պատճառով վրա հասած աղքատությունը ծանր օրեր են բերում նրանց: Չհամակերպվելով կորստի հետ՝ Աղավնին, որ բնավորությամբ ուժեղ ու կամային կին էր, որոշում է նորից որդի ունենալ: Կարապետն ամեն կերպ փորձում է կնոջը հետ պահել զավակ ունենալու մտադրությունից՝ պնդելով, որ զավակ ունենալու տարիքից արդեն անցել են եւ որ չեն էլ կարող այս պայմաններում եւս մեկի մասին հոգ տանել: «Մայրս ընդդիմանում է, ասելով՝ տղայիս տեղը նոր տղա մը պիտի ունենամ: Հղիության ընթացքում մայրս շատ նշանակալի երազ է տեսնում: Իմ մահացած եղբայր Վարդերեսը Աստվածամոր նկարը բերում, տալիս է իրեն: Մայրս հասկանում է, որ աղջիկ է ունենալու: Եվ շատ է տխրում: Նա ուզում էր տղա ունենալ: Ես ծնվում եմ 1928 թվականի մարտի 19-ին, Մոլդովայի Ֆոքշան քաղաքում: Ծնողներս գործով այնտեղ էին»,-պատմում է Վարդուհի Վարդերեսյանը:

Աղավնին խնդրում է ընտանիքի գոնիացի քավորին նորածին աղջնակին կնքել Վարդուհի անվամբ, որ գոնե հնչողությամբ նման լինի իր կորցրած զավակի՝ Վարդերեսի անվանը: «Մայրս միշտ ինձ ասում էր՝ դու եղբորդ նվերն ես»,-ասում է վաստակաշատ դերսանուհին:

Վարդուհի Վարդերեսյանը հորը՝ Կարապետին, կորցնում է, երբ ընդամենը  6 ամսական էր: Ընտանիքում մնացին միայն կանայք՝ Կարապետի մայրը, Աղավնու մայրը՝ Մարիամ Մոմջյանը, Աղավնին, Աղավնու դուստրերը՝ Արմենուհին եւ նորածին Վարդուհին: Բուխարեստում մահանում է նաեւ ռոդոսթոցի տատը՝ Կարապետի մայրը, երբ Վարդուհին 3 տարեկան էր:

Վարդուհին հաճախում է հայկական վարժարան, որն անմիջապես հայկական եկեղեցու կողքին էր՝ ճիշտ Էջմիածնի Մայր Տաճարի մակետով կառուցված:

«Հայկական 7-ամյա վարժարանում ունեցել եմ ընտիր ուսուցիչներ: Առաջին Հանրապետության փլուզումից հետո հայ բարձրաստիճան անձինք, որոնք Եվրոպայում էին կրթություն ստացել, աշխարհով մեկ ցրվեցին, ոմանք եկան նաեւ Ռումինիա եւ քանի որ ռումիներեն չգիտեին, անցան ուսուցչության՝ հայկական վարժարանում: Կյանքիս ամենակարեւոր հանդիպումներից մեկն իմ ուսուցիչներից Վազգեն Ա Կաթողիկոսի հետ է եղել: Ռումինիայում ծնված մի խելացի հայ երիտասարդ էր, որն այն ժամանակ մեզ դասավանդում էր Ռումինիայի աշխարհագրություն եւ պատմություն: Դրանք 37-38 թվականներն էին:  Ես մինչեւ օրս անասելի տպավորված եմ իմ ուսուցչի վառ կերպարով»,- պատմում է Վարդուհի Վարդերեսյանը:

Ժամանակ առ ժամանակ ընտանիք այցելող սեւ հագած կանայք իրենց հետ շշուկներով լի դառը զրույցներ էին բերում անցած գաղթի, աքսորի ճանապարհներից:

«Նրանք չէին մոռացել աքսորը, դառնացած դեմքեր ունեին ու միշտ սեւ էին հագնում:  Նրանք աքսորի սարսափը հիշում ու պատմում էին շշուկով: Թեեւ կարողացել էին ողջ մնալ, բայց  տառապանքները չէին մոռանում: 6-7 տարեկան երեխա էի ու հասկանում էի, որ այդ մարդիկ  շատ կարեւոր բան են կորցրել: Հիշում եմ, նրանցից մեկը պատմում էր,  որ իրենք  հարուստ են եղել, գաղթի ժամանակ կարողացել են իրենց  ոսկիներով կառք վարձել եւ մի կերպ փախչել, սկզբում Պոլիս, հետո՝ Ռումինիա: Ես վերջերս կարդացի Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը»: Ու հասկացա, թե ինչու էին մեր տուն եկող կանայք շշուկով խոսում...: Գիտե՞ս՝ ինչու. Թուրքիայից են բերել այդ սովորույթը, այնտեղ նրանք այդպես են խոսել՝ զգալով իրենց սպառնացող վտանգները»,- պատմում է Վարդուհի Վարդերեսյանը:

Աղավնի Մոմջյանը Պոլսո հայկական եկեղեցում տեսել ու լսել էր Կոմիտասին ու կյանքի ընթացքում հաճախ էր հիշում այդ մասին. «Մայրս հիացած ու զարմացած ասում էր՝ Վարդուհի, գիտե՞ս, որ Կոմիտասի  կոկորդեն  չորս ձայն միանգամից կելներ»,- պատմում է դերասանուհին:  

Վարդուհի Վարդերեսյանը՝ իր մեծարման երեկոյի ընթացքում
Երեւան, Ապրիլի 10, 2014թ.

Վերադարձ հայրենիք

1946 թվականին, երբ հայրենիքի դռներն այլեւս բաց էին, լսելով Սովետական Հայաստանի լավ պայմանների մասին, Վարդուհին մորն ու մեքենագրուհի քրոջը, որն արդեն ամուսնացած էր կոշկակար Գրիգորի հետ ու քիչ թե շատ բարեկեցիկ էր ապրում, համոզում է գնալ-ապրել հայրենիքում:

Վարդուհին դեռեւս դերասանուհի դառնալու մասին  մտածելու ժամանակ չուներ: Ցերեկներն աշխատում էր, հետո՝ գնում գիշերօթիկ դպրոց, որպեսզի արեւելահայերեն սովորի: Մայրը տրիկոտաժի ֆաբրիկայում բանվորուհի էր: Տնօրենը երբեմն կտոր էր տալիս, որ սեւ շուկայում վաճառեն, ուտելիք գնեն:

«18 տարեկան էի, երբ Ռումինիայից Հայաստան եկանք: Ինձ ու մորս տարան Նուբար Փաշայի կառուցած ավան՝ Նուբարաշեն, որն այդ ժամանակ արդեն Սովետաշեն էր կոչվում, իսկ քույրս ամուսնու հետ տեղավորվեց Լենինականում (այժմ՝ Գյումրի):  Իմ ուժեղ բնավորությունը գալիս է մեր դժվար կյանքից: Հայրենական պատերազմի տարիներին Ռումինիայում էինք  ու զրկանքներ շատ էինք կրել: Մեզ Սովետական Հայաստանի մասին լեգենդներ էին պատմել,  կարծում էինք՝ հրաշքներով լեցուն երկիր է ու հեշտ պիտի ապրենք: Բայց եթե իմանայի էլ  զրկանքներով լի այդ պայմանների մասին, էլի էի ուզելու գալ: Մեզանից առաջ դեռ 32-34 թվականներին ներգաղթ էր եղել: Կիսասոված էինք ապրում: Մեր Սովետաշենի հարեւանները, ում տանն ապրեցինք, վաղուցվա հայրենադարձներ էին: Նրանք էլ շատ դժվար էին ապրում: Կորկոտ էին խաշում ու մի պնակ էլ մեզ էին տալիս: Ես ու մայրս կիսասոված ապրեցինք 6 ամիս: Հետո քույրս մեզ տարավ Գյումրի»,- պատմում է Վարդերեսյանը:

Գյումրին փակ քաղաք էր, եւ այնտեղ գրանցում ստանալը գրեթե անհնար. «Քույրս էլ ապրում էր ամուսնու ու որդու հետ 9քմ բնակարանում: Քույրս գնաց Քաղսովետ, խնդրեց-աղաչեց Գյոդակյան անունով պաշտոնյային ու մենք տեղափոխվեցինք  Լենինական ու ապրեցինք բոլորով մի փոքրիկ հարկի տակ»,- հիշում է Վ.Վարդերեսյանը:

Կյանքը կամաց-կամաց ընկնում է հունի մեջ ու 1947 թվականին, Ժան Էլոյանի խորհրդով, Վարդուհի Վարդերեսյանն արդեն սովորում էր Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիայում եւ խաղում էր նույն թատրոնում: 1958 թվականից տեղափոխվում է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ կերտում է բազմաթիվ դերեր։

«Մայրս ինձ շատ խորհուրդներ էր տալիս, որ ես ականջիս օղ եմ դարձրել: Հյուրերին ընդունելու մի յուրահատուկ ձեւ ունեինք: Ամեն հյուրի մենք ասում էինք՝ «բարի եկար», հյուրը պատասխանում էր՝ «բարի տեսանք»: Դա ձեւական արարողակարգ չէր, այլ՝ հեռու անցյալից, մի շատ կարեւոր տեղից եկող թանկ մի բան, որն ասես միավորում էր բոլորիս: Նայե, Վարդուհի, ասում էր, դուն քեզմե վարին նայե, քեզմե վերին չնայես,-մոր խոսքերն է հիշում 87-ամյա տիկին Վարդուհին՝ ու ափսոսում մոր պատգամը չկատարելու համար,- ես չկատարեցի մորս պատգամը, նա ասում էր՝ Վարդուհի, նայե, որ Պոլիս անգամ մը երթաս»:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: