Աշխարհահռչակ երաժիշտ Վալերի Գերգիեւը Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրենն է, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, Չայկովսկու անվան Միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպչական կոմիտեի համանախագահը եւ Էդինբուրգի միջազգային փառատոնի պատվավոր նախագահը։ Սըր Գեորգ Շոլտիի մահից հետո՝ 1997 թվականից, ղեկավարում է «Հանուն խաղաղության» համաշխարհային նվագախումբը։
Մարիինյան թատրոնում Գերգիեւն ունի համաշխարհային մակարդակի երգիչների մի ամբողջ բույլ։ Նրա ղեկավարությամբ՝ թատրոնի օպերային, բալետային եւ սիմֆոնիկ երաժշտության նվագացանկերը զգալիորեն հարստացել են եւ դարձել ավելի բազմազան՝ այժմ ընդգրկելով ինչպես XVIII-XX դարերի դասականների, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների լայն ընտրանի։ 2009թ. բացվել է Մարիինյան ձայնագրման ստուդիան, որը մինչ օրս թողարկել է ավելի քան 30 ձայնասկավառակ, որոնք գերազանց գնահատականի են արժանացել քննադատների եւ հանրության կողմից ամբողջ աշխարհում։
Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ՝ Մարիինյան թատրոնը վերածվել է աշխարհում համարժեքը չունեցող թատերահամերգային խոշորագույն համալիրի։ 2006թ. բացվել է Մարիինյան թատրոնի համերգասրահը, իսկ 2013թ.՝ թատրոնի երկրորդ բեմը (Մարիինսկի-2)։ 2016թ. հունվարի 1-ից գործում է Մարիինյան թատրոնի նոր մասնաճյուղը Վլադիվոստոկում (Պրիմորյեի բեմ), 2017թ. ապրիլից՝ Վլադիկավկազում (Հյուսիսային Օսիայի-Ալանիայի Հանրապետության Օպերայի եւ բալետի ազգային պետական թատրոն եւ Հյուսիսային Օսիայի-Ալանիայի Հանրապետության Պետական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբ)։
Վալերի Գերգիեւի միջազգային գործունեությունը նույնքան եռանդուն եւ ակտիվ է։ Մի քանի դեբյուտներից հետո, որոնք տեղի են ունեցել 1991թ. Բավարիայի պետական օպերայում (Մուսորգսկի, «Բորիս Գոդունով»), 1993թ.՝ Քովենթ Գարդենի արքունական օպերային թատրոնում (Չայկովսկի, «Եվգենի Օնեգին»), եւ 1994թ.՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում (Վերդի, «Օթելլո», գլխավոր դերում՝ Պլասիդո Դոմինգո), մաեստրոն հաջողությամբ շարունակում է համագործակցել աշխարհի խոշորագույն օպերային դահլիճների հետ։ Գերգիեւն աշխատում է «Հանուն խաղաղության» համաշխարհային նվագախմբի հետ (որը ղեկավարում է 1997թ. սկսած՝ նվագախմբի հիմնադիր Սըր Գեորգ Շոլտիի մահվանից հետո), Բեռլինի, Փարիզի, Վիեննայի, Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Չիկագոյի, Քլիվլենդի, Բոստոնի եւ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբերի, «Կոնսերտգեբաու» արքայական նվագախմբի (Ամստերդամ) եւ մի շարք այլ երաժշտական կոլեկտիվների հետ։ 1995-2008թթ. Վալերի Գերգիեւը եղել է Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը (եւ մինչ օրս շարունակում է մնալ իբրեւ պատվավոր դիրիժոր), իսկ 2007-2015թթ.՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։ 2015թ. աշնանից մաեստրոն գլխավորում է Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Վալերի Գերգիեւը հիմնել եւ մինչ օրս տնօրինում է միջազգային մի քանի հեղինակավոր փառատոններ, որոնցից են Սպիտակ գիշերների աստղերը (1993թ. ի վեր), Մոսկվայի զատկական փառատոնը (2002թ. ի վեր), Ռոտերդամի Գերգիեւյան փառատոնը, Միկկելիի փառատոնը, Մյունխենի 360 աստիճան փառատոնը, ինչպես նաեւ Վլադիվոստոկի Մարիինյան հեռավոր արեւելյան փառատոնը։ 2011 թվականից ղեկավարում է Չայկովսկու անվան Միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպչական կոմիտեն։ Վալերի Գերգիեւն իր ուշադրությունը հատկապես կենտրոնացնում է երիտասարդ երաժիշտների հետ աշխատանքի վրա։ Նրա նախաձեռնություններից մեկը հանգեցրել է համառուսական երգչախմբային ընկերության վերազարթոնքին։ Այդ թվում՝ վերագործարկվել է նաեւ Ռուսաստանի մանկական երգչախումբը, որը ելույթ է ունեցել Մարիինսկի-2 եւ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնների բեմերում, ինչպես նաեւ Սոչիում տեղի ունեցած XXII ձմեռային օլիմպիական խաղերի փակման ընթացքում։ 2013 թվականից մաեստրոն ղեկավարում է ԱՄՆ-ի Պետական երիտասարդական նվագախումբը եւ կանոնավոր կերպով հանդես է գալիս Շլյոզվիգ-Հոլշթայնի փառատոնի, Վերբյեի փառատոնի եւ Սապորոյի Խաղաղօվկիանոսյան երաժշտական փառատոնի երիտասարդական նվագախմբերի հետ։ 2015 թվականից Մարիինյան թատրոնը կազմակերպում եւ իրականացնում է «Мариинский NEXT» ամենամյա փառատոնը, որին մասնակցում են Սանկտ Պետերբուրգի մանկական եւ երիտասարդական նվագախմբերը։
Երաժշտական եւ հասարակական գործունեության ու տարիների վաստակի համար Գերգիեւը պարգեւատրվել է ՌԴ երեք պետական մրցանակներով (1993, 1998 եւ 2015թթ.), արժանացել է ՌԴ Ժողովրդական արտիստի (1996թ.) եւ Աշխատանքի հերոսի (2013թ.) կոչումների, Ալեքսանդր Նեւսկու շքանշանի (2016թ.), ՌԴ Պաշտպանության նախարարության Արվեստի եւ մշակույթի մրցանակի (2017թ.), ինչպես նաեւ այլ երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի պետական պատվավոր մրցանակների։
2018թ. Վալերի Գերգիեւը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին։