«Պարզ ուժն ունակ է հասնելու անկախության, սակայն բավարար չէ այն պահելու համար։ Ուժին զուգահեռ՝ քաղաքական անկախությունը պահում են կայուն եւ որակյալ ղեկավարությունը, լավ դիվանագիտությունն ու տնտեսական անկախությունը»։
Նրա մասին
Վահան Քարտաշյանն ապրել է Միացյալ Նահանգներում եւ մշտապես գործել հանուն Հայաստանի անկախության։ Ի սպաս հայկական անկախ պետականության՝ նա միանձնյա լոբբիստական գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում։
Քարտաշյանը ծնվել է 1883 թվականին Կեսարիայում (ներկայիս Կայսերի քաղաքը), ապա տեղափոխվել Միացյալ Նահանգներ եւ ամուսնացել ամերիկուհու հետ։ Ընդունվել է Եյլի իրավունքի դպրոց, որտեղ ուսանելու տարիներին սկսել է գրել։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Վաշինգթոնում Օսմանյան կայսրության դեսպանատանը, սակայն շուտով տեղեկացել է, որ մայրն ու քույրը զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը։ Իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ փորձել է ուրիշներին գաղտնի զգուշացնել սպասվող վայրագությունների մասին, սակայն թուրք դեսպանը հայտնաբերել է դա եւ Քարտաշյանին հեռացրել աշխատանքից։
Վահան Քարտաշյանն ստեղծել է Հայաստանի անկախության ամերիկյան հանձնախումբը եւ լոբբիստական գործունեություն ծավալել Միացյալ Նահանգների իշխող շրջանակներում՝ ի նպաստ Հայաստանի անկախության։ Հանձնախմբում ընդգրկվել են բազմաթիվ ճանաչված ամերիկացիներ՝ օգնելով հասցնելու հիմնահարցերը ամերիկյան իշխանությունների վերին օղակներին։
Նույնիսկ երբ Հայաստանը 1918 թվականին հռչակեց իր անկախությունը, Քարտաշյանը շարունակեց լոբբիստական գործունեությունը, որպեսզի երաշխավորի ամերիկյան մանդատի տարածումը Հայաստանի եւ կործանված Օսմանյան կայսրության հայկական նահանգների վրա։ Իր եւ շատ ուրիշների կարծիքով դա թույլ կտար կանխել ռուսական եւ թուրքական ապագա հարձակումը։ Դժբախտաբար, Միացյալ Նահանգները ոչ մի քայլ չկատարեց իր մանդատը հաստատելու եւ նախագահ Վուդրո Վիլսոնի նախանշած ընդարձակ սահմաններում, այսպես կոչված, «Վիլսոնյան Հայաստանի» անկախացումը երաշխավորելու ուղղությամբ։
Արեւմուտքից Մուստաֆա Քեմալի գլխավորած թուրքական բանակի, իսկ հյուսիսից ռուսական բանակի հարձակման հետեւանքով Հայաստանն ընկրկեց եւ հարկադրված եղավ ընդունել խորհրդային գերիշխանությունը՝ մտնելով նորաստեղծ պետության կազմի մեջ։ Մինչեւ իր կյանքի վերջը, սակայն, Քարտաշյանը շարունակեց իր ողջ եռանդը ծառայեցնել հանուն անկախ Հայաստանի։
Հայաստանի անկախության ամերիկյան հանձնախումբը դարձավ ամերիկահայերի հաջորդ սերունդների կողմից մինչ օրս շարունակվող լոբբիստական գործունեության հիմք՝ հետագայում վերածվելով ներկայիս ամենաազդեցիկ ամերիկահայ կազմակերպություններից մեկին, որը հայտնի է որպես Ամերիկայի հայ ազգային կոմիտե (Ամերիկայի հայ դատի հանձնախումբ, ANCA)։
Հետաքրքիր փաստ
Ամերիկա գալուց Քարտաշյանն անգլերեն չգիտեր, սակայն իր ջանասիրության շնորհիվ կարճ ժամանակ անց կարողացավ տիրապետել գրավոր ու բանավոր անգլերենին։
Ավելին