Վահագն Հայրապետյան

Վահագն Հայրապետյան

Պապը  քաղաքների անուններ էր թվում, թոռանը խնդրում նշել դրանք աշխարհի քարտեզի վրա ու միացնել գծերով: 8-ամյա թոռը դեռ չէր հասկանում, որ ցեղասպանությունը վերապրած պապն իր փրկության ճանապարհն է ուղեգծում:

Վահագն Հայրապետյանի պապը՝ Պետրոս Հայրապետյանը, 1914թ.-ին 10 տարեկան էր, երբ սկսվեցին ջարդերը: Հայրը զինվորական էր, վաղուց չէին տեսել իրար: Էսքիշեհիր քաղաքի  եւ շրջակա բնակավայրերի հայերին թուրքերը քշում էին դեպի անապատ: Պետրոսը Էսկիշեհիրից 120 կմ հյուսիս-արեւելք գտնվող Նալլուխան գյուղից էր (այժմ՝ Անկարայի գավառ): Նա մորը, երկու եղբայրներին ու մորաքույրներին կորցնում է գաղթի ճանապարհին:

Վահագն Հայրապետյան, դաշնակահար, կոմպոզիտոր, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոք խմբի հիմնադիր-ղեկավար, ©PAN Photo / Հրանտ Խաչատրյան

«Կոնյա չհասած՝ գաղթի ճանապարհին, գյուղերից մեկում մի թուրք ինձ վերցրեց ու պահեց մի քանի ամիս. աշխույժ, սիրուն երեխա էի, թուրքը լավ վերաբերեց ինձ: Հետո գաղթի երկրորդ շարքի հետ ինձ էլ տարան՝ խաբար էր հասել, որ հայի երեխա կա գյուղում»,- պապի պատմածն է հիշում ջազմեն Վահագն Հայրապետյանը:

Զրկանքների ճանապարհը տանում է դեպի Դեր Զոր: Պապը պատմել է թոռներին, որ անասելի ծարավ էր, երբ ջրափոս էր տեսնում, վազում էր, մի թաշկինակ-կտոր գցում ջրափոսի վրա ու ջուրը քաշում-խմում թաշկինակի վրայից, հետո երբ շրջում էր թաշկինակը, վրան ամբողջը կարմիր որդեր էին:


Պետրոսը գաղթականների հետ քայլում է մինչեւ Դեր Զոր: Հասնում են անապատ, լուր է տարածվում, որ ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը, եւ հրահանգ կա հայերին ուղղակի թողնել անապատում. Պետրոսը ողջ է մնում:

 

Պետրոսը՝ կոշկակարի սեղանի առաջ, գործընկերներով, 1924թ. Կ. Պոլիս (այժմ՝ Ստամբուլ) 
                                            Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից                        

Հայտնի չէ թե ինչպես, Պետրոսը հասնում է Ստամբուլ: Ստամբուլում կարողանում է իր գլխի ճարը տեսնել՝ կոշիկ է մաքրում, հետո սովորում  կոշկակարություն ու մնում այնտեղ մինչեւ 1923թ.: Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկում մի օր տեսնում է  հորը՝ գետնին պառկած:

«Հայրը զինվորական էր, ջարդից առաջ նրան արդեն տարել էին թուրքերը:  Ստամբուլում երբ հանդիպում են, ճանաչում են իրար, բայց ասում էր՝ հայրս արդեն ցնորված էր, վատառողջ էր: Չգիտենք ինչ է լինում, բայց Ստամբուլում այլեւս չի տեսնում հորը, հետագայում Բուլղարիայում է գտնում իր երկու եղբայրներին՝ հոր հետ»,- պատմում է Վահագնը:

Թուրքիայից Հունաստան գնացող նավերից մեկում թաքնվելով՝ Պետրոսը 1923թ.-ին հասնում է Հունաստան: Հունաստանում սկսում է զբաղվել լուսանկարչությամբ ու  որոշում է գնալ Ֆրանսիա, սովորել լուանկարչություն ու նորից վերադառնալ Հունաստան:

 

                                   Պետրոս Հայրապետյանն ու իր ընկերը՝ լուսանկարչական սարքի մոտ
                                          Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից

1932թ. նա մեկնում է Ֆրանսիա. սկզբում Մարսել, ապա Փարիզ՝ արվարձանային Ալֆորվիլ քաղաք: Պետրոսը Ֆրանսիայում սիրահարվում է և մոռանում լուսանկարչության դասերի ու Հունաստան վերադառնալու մասին:

«Կարծես կինո լինի՝ Փարիզում տատս հեծանիվ քշելիս է լինում, ճանճ է մտնում աչքը, կանգնում է, որ աչքի միջից հանի: Այդտեղով անցնող պապս օգնում է նրան. այսպես են ծանոթանում»,- ընտանեկան «կինոյից» մի դրվագ է ներկայացնում  Վահագնը:

1933թ. Ֆրանսիայում ամուսնանում են ծնունդով նալլուխանցի Պետրոսն ու անկարացի Հռիփսիմեն: 

 

        Պետրոս Հայրապետյանի եւ Հռիփսիմե Վարդանյանի հարսանիքի օրը, 1933թ. Ֆրանսիա՝ Ալֆորվիլ
                                         Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից


Հռիփսիմե Վարդանյանը նորածին է եղել, երբ ընտանիքը գաղթել է Անկարայից դեպի Ֆրանսիա: Նրա  մայրը, գաղթի ճանապարհին ուժասպառ լինելով, բարուրով Հռիփսիմեին թողել է անտառում: Մի քանի ժամ փոքրիկը մնացել է այնտեղ, հետո մայրը չի հաշտվել իր արածի հետ՝ վերադարձել ու վերցրել է երեխային:

Պետրոսն ու Հռիփսիմեն երկար տարիներ սպասում էին իրենց առաջնեկին, բայց նրանց երեխան պիտի ծնվեր ոչ Ֆրանսիայում:

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Պետրոսը զբաղվում է մսավաճառությամբ. ընկերների հետ մսի խանութ են բացում: 

                                    Պետրոսը՝ ընկերների հետ, մսավաճառի գոգնոցով, 1932թ. Ֆրանսիա
                                            Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից

Պետրոսի փաստաթղթային խնդիրների պատճառով ընկերները չեն կարողանում իրեն էլ գրանցել՝ որպես խանութի համասեփականատեր: Պետրոսը շատ է վրդովվում. այդ զայրույթի պահին տան ճանապարհին տեսնում է շենքի առջեւ խմբված մարդկանց՝ «Սովետական Հայաստան մեկնող ցանկացողների են հավաքագրում»: Պետրոսը ցասումով ասում է ՝ «գրի՛, ես գնում եմ»:

Ու 1936թ. Ֆրանսիայից Հայաստան ներգաղթողների առաջին նավով Պետրոսն ու Հռիփսիմեն գալիս են Հայաստան: Այս մասին փաստագրությունը պահպանվել է Հայաստանի ազգային արխիվում: Եկել են Հայաստան, Երեւանի Սովետաշեն թաղամասում են մնացել: Հայաստանում Պետրոսը հրշեջ մեքենայի վարորդ է աշխատել, Սախարովի հրապարակում՝ հրշեջ ծառայության շենքի տանիքում տեղ են հատկացրել ապրելու: 

1936թ. Ֆրանսիայից Հայաստան ներգաղթածների ցուցակը, որտեղ նշված է 36-ամյա Պետրոս եւ 21-ամյա Հռիփսիմե Հայրապետյանների անունները
 Աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվ

1942 թ. ծնվում է նրանց առաջնեկը, ում կնքում են Պետրոսի հոր՝ Կարապետի անունով: 

«Տատս պատմում էր, որ մի անգամ ջութակահարի մասին մի ֆիլմ են նայել Ֆրանսիայում, էնքան էին տարվել գլխավոր հերոսով, որ մտածել են՝ երեխա ունենան, անպայման ջութակի պիտի տանեն»,- հիշում է Վահագնը: Այս ֆիլմով է որոշվել նրանց տղայի՝ հայտնի ջութակահար Կարո Հայրապետյանի ճակատագիրը:  

 

                                                    Կարո Հայրապետյան, ջութակահար
                          © Հայրապետյանների ընտանեկան արխիվ / PAN Photo Archive

Նալլուխանցի Պետրոսի ժառանգները՝ 2 զավակները, 5 թոռները, 9 ծոռները, այլեւս երեւանցի են, իսկ ջութակահարի մասին ֆիլմի ազդեցությունն էլ՝ Հայրապետյանների երաժշտական սերնդի սկիզբը: Պետրոսի որդին ջութակահար Կարո Հայրապետյանն է, թոռները՝ դաշնակահար Վահագն Հայրապետյանը եւ շեփորահար Լեւոն Պուչինյանը, իսկ ծոռն արդեն 11 տարեկանում հայտնի դաշնակահար, մրցանակակիր Արմեն Պուչինյանն է:

                                                             Կարո եւ Վահագն Հայրապետյաններ
                                  © Հայրապետյանների ընտանեկան արխիվ / PAN Photo Archive

Վահագնի ընտանեկան հուշերի լավագույն օրերը Հռիփսիմե տատիի «մանթիի օրերն են». «Մանթին մեր ամենասիրած ուտեստն է, փոքր բյորակները՝ ով ոնց սարքի, տատուս սարքածի համը չունի. մանթիի օրեր էին անում՝ բոլորին հավաքում իրար գլխի,-հիշում է Վահագն Հայրապետյանը,- իսկ պապս իսկապես մսից գլուխ էր հանում. աչքերը փակ կարող էր խիստ վարպետորեն, առանց որեւէ մաս վնասելու քերթել գառան կաշին: Թե ի~նչ բաստուրմա էր սարքում՝ հալչում էր բերանումդ. էլ չեմ կերել էդպիսի համով ու ճիշտ բաստուրմա»:

 

                                                             Վահագն Հայրապետյան եւ Դանիել Կրամեր, Երեւան 2013թ.

Պետրոս պապը ծերության տարիներին տետր է պահել-ժառանգել, որտեղ գրել է, թե աշխարհի որ ծայրում իրենց որ բարեկամն է ապրում, ու տետրի վրա էլ, ինչպես իր կյանքի բոլոր գրառումներում, ստորագրել՝ Հայրապետյան Պետրոս Նալլուխանցի:

*Գլխավոր լուսանկարում. Պետրոս Հայրապետյանի եւ Հռիփսիմե Վարդանյանի հարսանիքի օրը, 1933թ. Ֆրանսիա՝ Ալֆորվիլ
Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: