«Զարգացում» հասարակական շարժման ղեկավար Վահան Եղիազարյանը 100LIVES-ին պատմել է իր ընտանիքի փրկության պատմությունը:
Մորական կողմի նախնիներս Մարմարա ծովի ափին գտնվող Իզմիթ քաղաքից էին։ Ջարդերի սկսվելու օրը մեծ պապս՝ Գրիգորը, եղբոր հետ խաղում էր ձեղնահարկում, ինչն էլ փրկեց նրանց։ Բայց տեսածից խուսափել չստացվեց՝ գերանների ճեղքերից նրանք տեսան, թե ինչպես թուրք զինվորները ներխուժեցին տուն ու սպանեցին ծնողներին, տատին, պապին։ Երեխաները վախենում էին դուրս գալ փողոց։ Զինվորների գնալուց հետո հավաքվեցին հարեւանները, եւ միայն այդ ժամանակ էր, որ նրանք համարձակվեցին թողնել իրենց թաքստոցը։ Եղբայրներին թաքցրեցին եւ հոգ տարան նրանց մասին, մինչեւ նրանց Աթենք ուղարկելու հնարավորություն ստեղծվեց։ Աթենքում այդ տարիներին ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայ գաղթականներ կային։ Բարեգործական մի կազմակերպություն նրանց վերցրեց իր խնամքի տակ եւ գրանցեց Հայոցյան ազգանվամբ, քանի որ նրանք գաղափար չունեին սեփական ազգանվան մասին։
Ես չգիտեմ մեծ պապիս ու նրա եղբորը փրկողների ո՛չ անունները, եւ ո՛չ ազգությունը, եւ չեմ ժխտում, որ այդ մարդիկ կարող էին եւ թուրք լինել։ Կարեւորը դա չէ, այլ այն, որ ատելությամբ ու սարսափով լցված այդ օրերին գտնվեցին մարդիկ, ովքեր չվախեցան եւ օգնության ձեռք մեկնեցին փոքրիկներին։
Մնացածն ասես կինոնկարից լինի. եղբայրները հասակ առան եւ հաստատվեցին Բուլղարիայի թագավորության Յամբոլ քաղաքում։ Այստեղ Գրիգորը հանդիպեց ապագա տատիս՝ Մարի Դամաթյանին, որը հարուստ հայ ընտանիքից էր։ Նրանք եւս գաղթականներ էին, մինչեւ ցեղասպանությունն ապրում էին Բանդըրմայում, ապա՝ Կոստանդնուպոլսում, որտեղ մի քանի ֆաբրիկա ունեին։ Մարիի ընտանիքը 1915 թվականին՝ կոտորածից մի քանի օր առաջ, հասցրել էր դուրս գալ երկրից եւ մեկնել Բուլղարիա։ Մնացած ազգականները կամ չհասցրեցին փախչել, կամ էլ չցանկացան թողնել իրենց ունեցվածքը։ Հնարավոր է անգամ, որ այդքան էլ չէին հավատում մոտալուտ վտանգին, դրա համար էլ մնացին։ Նրանցից շատերն սպանվեցին հենց տանը, մնացածին ենթարկեցին այսպես կոչված «խաղաղ տեղահանության»՝ ուղարկեցին Միջագետքի անապատները՝ ոտքով, անհաց ու անջուր։ Նրանց մեջ էր նաեւ տատիս զարմուհին՝ Լուսաբերը՝ շատ գեղեցիկ մի աղջիկ։
«Խաղաղ տեղահանվածների» մեծամասնությունը, ինչպես հայտնի է, տեղ չհասած զոհվեց։ Բայց Լուսաբերը հասավ ներկայիս հյուսիսային Իրաք։ Այնտեղ՝ Սուլեյմանիե քաղաքի մերձակայքի կայաններից մեկում, պահակախմբի զինվորները նրան բառիս բուն իմաստով վաճառեցին մի արաբի։ Այդտեղ էլ նրա հետքը կորավ։ Իսկ մի քանի օր անց զինվորները կոտորեցին նրանց քարավանը։
Վահան Եղիազարյանի նախատատիկի՝ Մարիի ընտանիքը
Լուսանկարը՝ Եղիազարյանների ընտանեկան արխիվից
Մարիի ընտանիքը հասցրել էր որոշ միջոցներ դուրս բերել, ինչի հաշվին նրանք հետագայում կարողանում են վարսավիրանոցների ցանց ստեղծել եւ ապրել լիության մեջ։ Հիմնականում դա էր պատճառը, որ Հակոբն ու Թագուհին երկար ժամանակ չէին համաձայնվում իրենց դստերը կնության տալ իմ աղքատ պապին։ Բայց այն տարիներին Յամբոլում փեսացուների մեծ ընտրություն չկար, առավել եւս, որ Մարիի ծնողները նրան միայն հայի հետ էին ուզում ամուսնացնել։ Ի վերջո, Գրիգորն ու Մարին ամուսնացան։ Նրանք ակտիվորեն մասնակցեցին Հայաստանի օգնության կոմիտեի աշխատանքներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պարտիզանական ջոկատի կազմում կռվեցին ֆաշիստների դեմ, իսկ 1946 թ. հայրենադարձվեցին Խորհրդային Հայաստան՝ պատմական հայրենիք։
Վահան Եղիազարյանի նախնիները՝ Գրիգոր եւ Մարի Հայոցյանները
Լուսանկարը՝ Եղիազարյանների ընտանեկան արխիվից
Մի անգամ «Սպասսկայա բաշնյա» միջազգային ռազմա-երաժշտական փառատոնի ընթացքում ես ուղեկցում էի Հայաստանից ժամանած պատվիրակությանը, եւ ինձ հաջողվեց շփվել Իզնիկի «Մեհթեր» նվագախմբի եւ պարի համույթի թուրք անդամների հետ։ Խոսք գնաց նախնիների մասին եւ ես պատմեցի, որ մեծ պապս ու տատս Օսմանյան Թուրքիայից էին։
«Նրանք ապրում էին այնտեղ մինչեւ ցեղասպանությունը»,- ասացի ես ու դադար առա՝ սպասելով, որ երաժիշտներից մեկը, ով իր վրա էր վերցրել թարգմանչի պարտականությունը, թարգմանի ասածս։ Նա, սակայն, հայտարարեց, որ չգիտի, թե թուրքերենով ինչպես են ասում «ցեղասպանություն» բառը։ Ես մի քիչ գիտեի լեզուն (շնորհակալություն իմ համալսարանին), ուստի հուշեցի՝ «սոյկըրըմ» (soykırım), եւ մի քանի անգամ կրկնեցի։ Դրանից հետո մեր խոսակցության անհարմար բնույթն այլեւս չհաջողվեց թաքցնել։
Վահան Եղիազարյանը
Երաժիշտներին ես պատմեցի նաեւ Գրիգորի, Կարապետի եւ Մարիի մասին, ինչից հետո թուրքերից մի քանիսը դադարեցին շփվել հետս։ Բայց կային նաեւ այնպիսիք, որ հակառակը՝ ավելի ջերմ ու բարյացակամ դարձան, իսկապես կիսեցին իմ ցավը։ Աչքերից դատելով՝ կարող եմ ասել, որ անգամ զղջում էին նախնիների հանցագործության համար։ Սա էր, որ ինձ իսկապես ուրախացրեց։
* Գլխավոր նկարում՝ Մարի Հայոցյանը՝ ՀՕԿ-ի տարբերանշանը ձեռքին
Լուսանկարը՝ Եղիազարյանների ընտանեկան արխիվից
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: