«Ավելի քան 110 միլիոն մարդ բռնի տեղահանվել է իր տնից, այսինքն՝ աշխարհի յուրաքանչյուր 74 մարդուց մեկը բռնի տեղահանված է: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության հրապարակած «Գլոբալ միտումներ» զեկույցը ուշադրություն է հրավիրում հսկայական եւ աճող հարկադիր տեղահանման վրա: Սակայն այս դեպքում էլ կան հույսի եւ լույսի բազմաթիվ փարոսներ՝ փախստականների եւ հակամարտությունից տուժած համայնքների ձայնը լսելի դարձնելը», - նշեց Aurora Dialogues առցանց քննարկման վարող , RefugePoint կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սաշա Չանոֆն իր բացման խոսքում: 2023 թ. հունիսի 20-ին «Համախմբելով մարդկությանը` Փախստականների համաշխարհային օրը» քննարկումը նախաձեռնել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ RefugePoint կազմակերպության եւ Ներգրավված միջազգային դոնորների ցանցի հետ:
Բանախոսներն էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Flagship Pioneering-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Հանուն խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ Ջամիլա Աֆղանին, 2019 թ. Ավրորա մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը: Զրույցը կենտրոնացած էր մարդասիրության ժողովրդավարացման կարեւոր միտումի վրա, երբ տեղի փորձառու առաջնորդներն աջակցություն են ստանում՝ օգնելու իրենց համայնքների կարիքավոր մարդկանց:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը խոսեց այն մարդասեր հերոսների մասին, որոնք ոգեշնչում են նախաձեռնության համահիմնադիրներին: «Ավրորան գոյություն ունի, որպեսզի լույս սփռի այն մարդկանց պատմությունների վրա, որոնք իրենց զոհում են ուրիշներին աջակցելու համար: Այսպիսի դեպքեր հիմնականում պատահում են այնպիսի վայրերում, որտեղ բռնությունը հանգեցնում է բնակչության տեղահանման՝ դարձնելով մարդկանց փախստական: «Ավրորան» ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգների կողմից՝ իրենց նախնիներին փրկողների հանդեպ ունեցած երախտագիտությունից: Այս փրկվածները դարձան փախստականներ, որոնք հետո հաստատվեցին աշխարհով մեկ՝ ստեղծելով սփյուռք: Եվ սա մի պատմություն է, որը կրկնվում է ժամանակ առ ժամանակ եւ հիմա»,- ասաց Արմինե Աֆեյանը:
«Ավրորա» մրցանակը զգալի ազդեցություն է գործել փախստականների կյանքի վրա ողջ աշխարհում՝ զորակցելով մարդկանց, որոնք օգնում են փախստականներին տեղում՝ իր խոսքում նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը. ««Ավրորա» մրցանակի դափնեկիրներն իրենց ստացած մրցանակի ֆոնդի կեսից ավելին ուղղել են փախստականներին եւ ներքին տեղահանվածներին աջակցելուն այնպիսի երկրներում եւ տարածքներում, ինչպիսիք են՝ Բանգլադեշը, Կոնգոյի ԴՀ-ն, Եթովպիան, Իրաքը, Մալայզիան, Մյանմարը, Ռուանդան, Սուդանը, Եմենը, իսկ վերջին շրջանում՝ Արցախն ու Հայաստանը: Մեր դափնեկիրները գործում են ծայրահեղ իրադրություններում եւ ընդդեմ աշխարհի վայրագությունների, ու հաճախ նրանք ուղղակիորեն աշխատում են նրանց հետ, ովքեր տեղահանվել են եւ հարկադրված լքել իրենց տները»:
Երբեմն, իրենք՝ ուրիշներին օգնող հերոսները, հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ իրենց երկիրը լքելն անվտանգության միակ տարբերակն է: Ոչ ոք այնքան ծանոթ չէ այդ իրավիճակին, որքան Ջամիլա Աֆղանին՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ու Աֆղանստանում Հանուն խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահը, որն արդեն մի քանի անգամ ստիպված է եղել կատարել այդ ընտրությունը: Թալիբների՝ Աֆղանստանում իշխանության գալուց հետո, նա ստիպված էր տեղափոխվել Կանադա, սակայն մինչեւ հիմա էլ շարունակում է օգնել կանանց, որոնք մնացել են այնտեղ: «Իշխանությունն ստանձնելուց հետո թալիբներն ամեն ամիս հայտարարում են կանանց նկատմամբ [նոր] արգելք կամ սահմանափակում կիրառելու մասին: Այսօր Աֆղանստանը միակ երկիրն է, որտեղ աղջիկներին արգելվում է դպրոց գնալ, կանանց արգելվում է գործի գնալ, կանանց արգելվում է հայտնվել հասարակական վայրերում, քայլել փողոցում։ Ես կարող եմ ասել, որ կանայք բանտարկված են իրենց տներում կին լինելու հանցանքի համար»,- բացատրեց Ջամիլա Աֆղանին:
Չնայած նման մարդասիրական աշխատանքը մեծ ջանքեր եւ խիզախություն է պահանջում, մարդասերներն ընտրում են այդ ճանապարհը եւ շարունակում հավատալ աշխարհի բարեփոխմանը: Նրանցից շատերի հոգեկան առողջությունը տուժում է վայրագությունների վկայություններին ծանոթանալիս, հատկապես ահաբեկչական ռեժիմների գործողությունների, ինչպիսին է «Իսլամական պետությունը»: Միրզա Դինային՝ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիրը, բախվել էր այս խնդրին, երբ օգնում էր ծայրահեղ դաժանություններ տեսած, սեռական ստրկությունից փրկված եզդի կանանց: «Իմ անձնական փորձից ելնելով, երբ ես զրուցեցի 2015-ին գերության մեջ գտնվող առաջին 200 կանանց հետ, ես լուրջ տրավմայի ենթարկվեցի: Ես չէի կարողանում քնել: Ամեն օր մի քանի անգամ լաց էի լինում։ Բայց ինչ-որ պահի ես պետք է որոշեի՝ հեռանալ եւ գնալ բուժման, թե մնալ եւ օգնել այս կանանց` հետամուտ լինել իմ նպատակներին», - հիշեց Միրզա Դինային: Ավելորդ է ասել, որ նա ընտրել է վերջին տարբերակը։
Ամփոփելով քննարկումը՝ Սաշա Չանոֆը նշեց, որ յուրաքանչյուր մարդ կարող է աջակցել փախստականներին. «Այսօր ունենալով այսքան շատ տեղահանված մարդիկ աշխարհում եւ հաշվի առնելով, որ ըստ կանխատեսումների՝ մինչեւ 2025թ. նրանց թիվը կհասնի միլիարդի՝ կլիմայի փոփոխության եւ այլ գործոնների պատճառով, մեզ պետք են ավելի շատ ջամիլաներ, մեզ պետք են ավելի շատ միրզաներ, մեզ պետք են «Ավրորա» մրցանակի ավելի շատ դափնեկիրներ: Բայց ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուրս այսօր կարող ենք ինչ-որ բան ձեռնարկել՝ աջակցելու նրանց, ովքեր բռնի տեղահանվել են»:
Քննարկման ամբողջական տեսանյութը (անգլերեն) կարող եք դիտել ստորեւ.