Դժվար է կառավարել բիզնես, երբ քո ենթակայության տակ գրեթե 1000 հոգի կա, բայց Մարկ Հոպլամազյանը հաջողում է։ Արդեն տաս տարի է նա ղեկավարում է աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ցանցերից մեկը՝ «Hyatt Hotels Corporation»-ը, որը 573 հյուրանոց ունի աշխարհի 5 մայրցամաքի 58 երկրներում։
Ձեռնարկատիրական ջիղը Հոպլամազյանը ժառանգել է պապից, որը հայերի զանգվածային ջարդերից անմիջապես առաջ Կեսարիայից (Կենտրոնական Անատոլիա) գաղթել է Ամերիկա եւ փոքրիկ շուկա հիմնել Ուոթերթաունում (Մասաչուսեթսի նահանգ)։
«Հայերն անգամ այլ քաղաքներից գալիս էին նրա մոտ՝ գնումներ կատարելու, քանի որ Ամերիկայում ամենալավ բաստուրման պապիս մոտ էր վաճառվում,- պատմում է Մարկը,- հայերը պապիս սիրում էին նաեւ այն բանի համար, որ օգնում էր նրանց։ Եկամտի զգալի մասը փոխանցում էր մի հիմնադրամի, որը ֆինանսավորում էր հայ փախստական ընտանիքների վերամիավորումը»։
Ընտանեկան բիզնեսի շնորհիվ Մարկի ծնողները կարողացել են նրան լավ կրթության տալ։ Մարկը բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Հարվարդի բիզնես դպրոցում, որից հետո վերապատրաստվել է Չիկագոյի համալսարանում։ Նյու Յորքի ներդրումային բանկերից մեկում մի քանի տարվա աշխատանքի արդյունքում խոստումնալից հայ երիտասարդին նկատեցին միլիարդատեր Ջեյ Պրիտցկերի բիզնեսը կառավարող մենեջերները։ Մարկը 25 տարեկան էր, երբ աշխատանքի անցավ Ամերիկայի ամենահարուստ ընտանիքների տասնյակում գտնվող Պրիտցկերներին պատկանող ընկերություններից մեկում ( «Forbes»-ը նրանց կարողությունը 29 միլիարդ դոլար է գնահատում)։ Սկզբում Հոպլամազյանն ընտանիքի ֆինանսական հարցերն էր վարում, այնուհետեւ նրան ներգրավեցին հյուրանոցային բիզնեսում։
Պրիտցկերներին պատկանող «Hyatt» հյուրանոցային ցանցում Հոպլամազյանի մասնագիտական կտրուկ առաջընթացը հանգեցրեց այն բանին, որ 2006թ. նա ընկերությունը գլխավորելու առաջարկ ստացավ: Դա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բուռն շրջանն էր: Հոպլամազյանի արհեստավարժությունն օգնեց ընկերությանն առանց բացասական հետեւանքների վերապրել հյուրանոցային բիզնեսի համար դժվար ժամանակները: Մինչդեռ հիմնական մրցակիցները` «Marriott»-ն ու «Hilton»-ը, շատ տուժեցին: Մարկի գլխավորությամբ «Hyatt» ցանցն արագ ձերբազատվեց նախորդներից ժառանգած խնդիրներից եւ կտրուկ առաջ մղվեց:
Հոպլամազյանի ղեկավարմամբ՝ «Hyatt» բրենդն արդեն ունեցել է 230 նոր հյուրանոց, ինչը հյուրանոցների ընդհանուր թվի գրեթե կեսն է կազմում: Միայն վերջին երկու տարվա ընթացքում նա ներկա է եղել 65 նոր հյուրանոցի բացմանը:
Հոպլամազյանը հարյուրավոր միլիոն դոլարի շահույթ է բերել Պրիտցկերների ընտանեկան բիզնեսին: Ներկայում ԱՄՆ ֆինանսների նախարար Փեննի Պրիտցկերը երջանիկ է, որ իր զարմիկը` Թոմ Պրիտցկերը, ժամանակին ընտրել է հենց Մարկին: Սակայն սկզբում այդ ընտրությանը ընտանիքում ոչ բոլորն էին հավանություն տալիս: Ընտանիքի որոշ անդամներ համարում էին, որ հրեական ընտանիքի բիզնեսը չպետք է հայ ղեկավարի: Արդյունքում Մարկին այնպիսի առաջարկ էր արվել, որից, թվում էր, նա չէր կարողանա հրաժարվել: «Պրիտցկերներից ավագն ինձ ասաց, որ իմ ազգանունը շատ դժվար է արտասանել, եւ այդ պատճառով բոլորի համար ավելի լավ կլինի, եթե ես փոխեմ ազգանունս ու դառնամ Շտեյնբերգ: Իբր՝ դա կօգնի ե՛ւ բիզնեսին, ե՛ւ իմ անձնական կարիերային,- պատմում է Մարկը,- դա ինձ համար անսպասելի էր: Վերջնական պատասխանս տալուց առաջ որոշեցի գրավոր բացատրել իմ զգացմունքները: Հակիրճ շարադրեցի ընտանիքիս պատմությունը, նկարագրեցի, թե ինչի միջով են անցել կոտորածից փրկված Հոպլամազյանները: Հասկացրեցի, որ տրամադրված եմ հավատարիմ մնալ արմատներիս: Իսկ նամակի վերջում ամեն ինչ կատակի վերածեցի...»:
Հետգրությունում Հոպլամազյանը գրել էր, որ եթե այդ ամենից հետո Պրիտցկերները շարունակեն պնդել իր ազգանվանափոխությունը, ապա նրանք պետք է Մարկին հրավիրեն հրեական Զատկին: Թոմ Պրիտցկերը նման դիվանագիտական պատասխան չէր սպասում:
Մարկն այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ անբարեկիրթ կլիներ պնդել ազգանվան փոփոխություն:
Պատմությունը հայտնի էր դարձել ամերիկյան մամուլին: «Նա չափազանց բարեկրթորեն մերժեց: Երբեք չեմ մոռանա դա»,- The Chicago Tribune-ի հետ հարցազրույցում ասել էր Թոմ Պրիտցկերը: Այս դեպքից հետո Հոպլամազյանն ազգային ինքնության հետ կապված խնդիրներ այլեւս չի ունեցել:
Մարկ Հոպլամազյանը սոսկ հայկական ազգանունով մարդ չէ: Նա իսկական հայ է: Ծնողները մանկուց սեր էին սերմանում հայրենիքի հանդեպ: Առաջին անգամ Մարկը Հայաստան է այցելել դեռ մանուկ հասակում: 1977 թվականին նրան` հայկական դպրոցի 14-ամյա աշակերտին, ծնողներն ուղարկել էին Խորհրդային Հայաստան` ամառային ճամբար: «Հիանալի հիշում եմ այդ հրաշալի ուղեւորությունը: Մի ամբողջ ամիս անկացրեցի Կիրովականի (ներկայում` Վանաձոր) մոտակայքում գտնվող պատանեկան ճամբարում: Ընկերացա տեղացի հասակակիցներիս հետ եւ ինձ լիարժեք հայ զգացի: Այդպիսին ինձ զգում եմ նաեւ այժմ»,- ասում է «Hyatt Hotels Corporation»-ի նախագահը:
Չնայած կարգավիճակին եւ նրա կառավարած բիզնեսի սեփականատերերի հանդեպ որոշակի պարտավորություններին` Հոպլամազյանը չի խուսափում Հայոց ցեղասպանության թեմայով խոսակցություններից: Հարցազրույցներում նա բազմիցս արտահայտվել է երիտթուրքական ռեժիմի հանցանքի դատապարտման անհրաժեշտության մասին: Նրա այդօրինակ դիրքորոշումն առաջացրել է թուրքական եւ ադրբեջանական լոբբիստների դժգոհությունը: 2012 թվականին Ամերիկա-թուրքական ասոցիացիաների միությունը դիմել է «Hyatt» ընկերության խորհրդին՝ բացահայտ ակնարկելով, որ Հոպլամազյանի արտահայտությունները կարող են անհամատեղելի լինել Ստամբուլում եւ Բաքվում հյուրանոցային ցանցի բիզնեսի ընդլայնման հետ: Չնայած դրան` «Hyatt» հյուրանոցները հաջողությամբ գործում եւ բարգավաճում են Թուրքիայում ու Ադրբեջանում, ինչպես եւ աշխարհի 56 այլ երկրում: 2013 թվականին «Hyatt» բրենդի առաջին հյուրանոցը բացվեց վերջապես եւ Հայաստանում: «Հյուրանոցի բացումը Երեւանում ինձ համար նաեւ նախնիների հայրենիքում նորից լինելու հիանալի առիթ էր։ Երեւանը շատ է փոխվել: Ավելի գեղեցիկ է դարձել: Երջանիկ եմ տեսնել, որ հայրենիքս զարգանում է՝ ի հեճուկ 100 տարի առաջ տեղի ունեցածի»,- ասում է Մարկ Հոպլամազյանը:
Արտյոմ Երկանյան
Արտյոմ Երկանյան. լրագրող, հեռուստամեկնաբան, վավերագրող: Նա հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող վավերագրական ֆիլմաշարի հեղինակ է, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, «Աշխարհի հայերը» հաղորդաշարի հեղինակ, «Նովոյե վրեմյա» թերթի քաղաքական մեկնաբան: