logo
ՓԱԿԵԼMenu
Միասնական լինելու ժամանակը

Միասնական լինելու ժամանակը

Երբ Միացյալ Թագավորությունում բռնկվեց կորոնավիրուսի համավարակը, եւ վարչապետ Բորիս Ջոնսոնը մարտին հայտարարեց համապետական մեկուսացման մասին, գիտակցում էի, որ պետք է ինչ-որ բան անեմ հիվանդներիս ու գործընկերներիս օգնելու համար: Տեղի ունեցածը համազգային ու միջազգային առողջապահական արտակարգ դրություն էր՝ բազմատեսակ վախերով լեցուն: Ես ուզում էի օրինակ ծառայել՝ աշխատելով ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, թեեւ մասնագիտությամբ վիրաբույժ եմ: Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցի գործընկերներս ինձ մատնացույց արեցին մի քանի առցանց դասընթացներ, եւ ես, տագնապը սրտումս, հագա պաշտպանիչ հագուստը, դիմակը, երեսակալն ու ձեռնոցները եւ սկսեցի աշխատել նրանց հետ կողք-կողքի:

Սա այն դեպքն էր, երբ անհրաժեշտ էր բոլորի քրտնաջան աշխատանքը, քանի որ ջանում էինք խնամել մեր հիվանդներին եւ աջակցել միմյանց: Այս ամբողջը հիանալի փորձառություն էր հիվանդանոցի համար: Բուժքույրերը հերոսներ էին: Համավարակը զարհուրելի տառապանքներ է պատճառել ամբողջ աշխարհին: Բայց, ինչպես բոլոր ճգնաժամերը, այն միավորեց մեզ եւ հիշեցրեց մեր ընդհանուր մարդկայնության մասին:

Դա ճիշտ այն է, ինչ անում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը. հիշեցնում է մեր ընդհանուր մարդկայնության մասին՝ միավորելով մարդկանց եւ վերափոխելով կարիքի մեջ գտնվողներին մարդասիրական օգնություն հատկացնելու ձեւն ամբողջ աշխարհում: Այսօր առավել, քան երբեւէ, այդ ջանքերն անհրաժեշտ են կորոնավիրուսի համաշխարհային բռնկմանն արձագանքելիս, եւ ես հպարտ եմ, որ մաս եմ կազմում այդ նախաձեռնությանը։

Նախաձեռնությունն անվանվել է ի հիշատակ 1915 թ. Եղեռնը վերապրած պարմանուհի Ավրորա Մարդիգանյանի: Նա փրկվեց, որպեսզի իր պատմությունը ներկայացներ տպագիր, բեմից եւ իր ֆիլմով՝ օգնելով աշխարհին ահազանգել Ցեղասպանության մասին: Նրա եւ նրա բախտակից գաղթականների նմանօրինակ պատմություններն ու տեղի ունեցածը վկայելու վճռականությունը ոգեշնչեցին Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին եւ Ռուբեն Վարդանյանին 2015 թվականին մեկնարկելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին՝ 100 LIVES նախագիծը։

Վերապրողների ու կարիքի պահին նրանց օգնության ձեռք մեկնած խիզախ մարդկանց պատմությունները ներկայացնելու սկզբնական գաղափարը լույս է սփռել հարյուրավոր պատմությունների վրա, որոնք թարգմանվել են վեց լեզվով եւ աշխարհով մեկ ոգեշնչել ընթերցողներին: Այն նաեւ հանգեցրել է «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժմանը, որը ձգտում է զորացնել մարդկանց, որպեսզի կարողանան աջակցել մարդասիրական օգնության հրատապ կարիք ունեցողներին: Շնորհակալություն ասելը բավարար չէր. անհրաժեշտ էր ավելի մեծ հանձնառություն:

Սկզբից եւեթ «Ավրորայի» համահիմնադիրները ցանկացան այն դարձնել համաշխարհային նախաձեռնություն: Նրանց միացան մի խումբ Նոբելյան դափնեկիրներ, երկրների նախկին ղեկավարներ եւ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասերներ, այդ թվում նաեւ Հոլոքոստը վերապրած, երջանկահիշատակ Էլի Վիզելը: Նրանք կազմավորեցին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը, որի նպատակն է փառաբանել ու աջակցել մերօրյա հերոսներին եւ վստահեցնել, որ անցյալի ողբերգություններն այլեւս երբեք չկրկնվեն:

2019 թ. ես պատիվ ունեցա դառնալու Ընտրող հանձնաժողովի նախագահ, որի անդամների փորձառությունն անվիճելի է: Բազմաթիվ արժանավոր թեկնածուներից «Ավրորայի» հերոսներին եւ դափնեկրին ընտրելը մեզ համար պատիվ է եւ առավելություն, բայց նաեւ՝ հսկայական պատասխանատվություն: Ամեն տարի հարյուրավոր բացառիկ թեկնածուներ են առաջադրվում, մենք տեղեկանում ենք նրանց ահռելի խիզախության, նվիրվածության եւ դրանց ազդեցության պատմություններին:

Այսպես, 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիում քաղաքացիական պատերազմի ժամանակ իր խնամքի տակ է առել հազարավոր որբերի ու փախստականների: 2017 թ. դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան հազարավոր կյանքեր է փրկել՝ Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը:

Այս հերոսները ճանաչման չեն ձգտում, սակայն արժանի են դրան: «Ավրորան», Հայաստանում հատուկ միջոցառումներ կազմակերպելով, մեծարում է նրանց կյանքն ու աշխատանքը: 2018 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի ունեցավ Խոր Վիրապում՝ արշալույսին: Խորհրդանշական էին «Ավրորա՝ մարդկայնության զարթոնք» վերտառությամբ միջոցառման թե՛ ընտրված ժամանակը եւ թե՛ վայրը: Երբ արեւը ծագեց Արարատ լեռան վրա, հյուրերը շրջան կազմեցին՝ պարելով ժողովրդական քոչարի պարը, որը հնագույն ժամանակներից ի վեր Հայաստանում պարում են տոնակատարությունների ժամանակ:

Այս տարի նշում ենք «Ավրորա» նախաձեռնության հնգամյակը: Մինչեւ օրս այն 16 երկրում աջակցել է 28  ծրագրի, որոնցից օգտվել է 950.000 կարիքավոր մարդ, իսկ #AraratChallenge շարժումը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր դրա խիստ կարիքն ունեն: Նվազ շոշափելի, բայց հավասարաչափ կարեւոր է այն հանգամանքը, որ «Ավրորան» նպաստում է հայության մտածողության աննկատ փոփոխությանը: Փոխանակ ըստ սովորության մեզ զոհ համարելու, ինչպես վարվել ենք չափազանց երկար ժամանակ, այժմ մեզ տեսնում ենք մեզնից վատթար վիճակում հայտնվածներին օգնության ձեռք մեկնողի դերում, ինչն անում ենք՝ ի պատիվ մեր նախնիներին փրկողների:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մեկնարկին համահիմնադիրներն ութ տարվա հանձնառություն ստանձնեցին՝ 2015-2023 թթ., ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության: Բայց մեզնից է կախված, թե որքան կծավալվի եւ մնայուն կլինի այս ժառանգությունը։ Քայլ չանելը նահանջ է։ Ես կոչ եմ անում ամբողջ աշխարհի հայերին միանալ այս շարժմանը եւ աջակցել մեր ջանքերին: Միավորվելու եւ  այս առաքելությունն իրագործելու ժամանակը հիմա՛ է։

Դենհեմի լորդ, պրոֆեսոր Դարզին վիրաբույժ է, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենը: 2007-2009 թթ. եղել է Միացյալ Թագավորության առողջապահության պատասխանատուներից մեկը:

Այս հոդվածն առաջին անգամ հրապարակվել է «Armenian Mirror-Spectator» լրագրում: