2023 թ. դեկտեմբերի 18-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը The New Humanitarian հարթակի հետ համատեղ անցկացրեց «Փնտրել ելք՝ վերաիմաստավորելով համընդհանուր մոտեցումն ահագնացող մարդասիրական կարիքներին» խորագրով Aurora Dialogues առցանց քննարկում:
Բացման խոսքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության զարգացման գծով տնօրեն Սելի Լինչն անդրադարձավ ՄԱԿ-ի կողմից հրապարակված 2024 թ. Համաշխարհային մարդասիրական զեկույցին, որն արտացոլում է այն մարտահրավերները, դժվարությունները եւ բազմակողմանի կարիքները, որոնց աշխարհում բախվում է շուրջ 300 միլիոն մարդ, եւ որոնք պահանջում են մարդասիրական օգնություն եւ պաշտպանություն: Ըստ այդ զեկույցի՝ ավելի քան 73 միլիոն մարդ անհապաղ աջակցության կարիք ունի Աֆղանստանում, Սուդանում եւ ԿԴՀ-ում՝ ամենախիստ կարիքի մեջ գտնվող երեք երկրներում: Սրանք այն երկրներն են, որտեղ աջակցություն եւ օժանդակություն են տրամադրում «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Ջամիլա Աֆղանին, Թոմ Քաթինան եւ Ջուլիեն Լուսենգեն: «Մարդասիրական քայլերը պետք է ուղղված լինեն համայնքային եւ ազգային գործիչների դերը գնահատելուն եւ բարձրացնելուն՝ կիրառելով բազմասեկտոր համագործակցություն եւ ապահովելով մարդակենտրոն, հաշվետու ու ներառական արձագանք: Միաժամանակ առաջնահերթություն պետք է տալ մարդասիրական դիվանագիտությանը՝ գնալով ավելի ու ավելի բարդ միջավայրերում գործելու համար»,- ասաց Սելի Լինչը, մինչ խոսքը կփոխանցեր քննարկման մոդերատոր, The New Humanitarian հարթակի գլխավոր տնօրեն Հեբա Ալիին: Բանախոսներն էին ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Դեմիեն Լիլին, «Հագարլա» ինստիտուտի հիմնադիր եւ նախագահ Դեքո Մոհամեդը, «Ադեսո» կազմակերպության գործադիր տնօրեն Դեգան Ալին, Crisis Action կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Ջանա Նքուբեն:
Քննարկման մոդերատոր Հեբա Ալին խոսեց մարդկային տառապանքի եւ տարիների ընթացքում դրա աճի մասին: Նա մատնանշեց, որ լուրերը նայելիս պատմությունից պատմություն դուք կհանդիպեք այդ տառապանքին եւ կարիքներին, որոնք անընդհատ եւ ամենուր են աշխարհում՝ Հարավային Սուդանից մինչեւ Հայիթի, Եմեն կամ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Եվ տարեցտարի ճգնաժամերի ցուցակը համալրվում է: «Ամեն տարի կարիքների եւ այդ կարիքները բավարարելու աշխարհի կարողության միջեւ բացն աճում է: Թեեւ ֆինանսավորումն ավելանում է, ամեն տարի օգնության կարիք ունեցողների մոտ կեսը չի ստանում անհրաժեշտ աջակցություն: […] Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ մեզ համար հրամայական է հասկանալը, թե արդյոք մարդասիրական օգնությունը շարունակո՞ւմ է մնալ արձագանքման լավագույն գործիքն այս միջավայրում եւ, այսպես կոչված, բազմաճգնաժամային պայմաններում, թե՞ կա տառապանքը մեղմելու ավելի լավ մոտեցում»,- հարց բարձրացրեց Հեբա Ալին՝ հրավիրելով բովանդակային քննարկման:
Քանի որ դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ը հայտարարեց 2024 թվականին մարդասիրական կարիքների համար 46 միլիարդ դոլար հատկացնելու մասին, ինչն ավելի քիչ է, քան նախորդ տարի, մինչդեռ մարդասիրական կարիքներն իրականում աճել են: Սա ստիպում է ավելի մանրազննին դիտարկել թե ինչպես է աշխատում կամ ինչպես պետք է աշխատեր այդ համակարգը՝ նշեց ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Դեմիեն Լիլին. «Ինչ վերաբերում է մարդասիրական կարիքներին ու թե ինչպես է այդ ամենը իբր գործում՝ մենք ունենք ռեսուրսների ծայրահեղ անհավասար բաշխում: Մենք արդեն այս խնդիրը բարձրաձայնել ենք եւ գիտենք, որ ֆինանսների բաշխումը լինելու է քաղաքական որոշում: Ամենեւին պարտադիր չէ, որ ֆինանսներն ուղղվեն այնտեղ, որտեղ ավելի խիստ կարիք կա: Եվ ես կարծում եմ, որ այս մոտեցումը պետք է փոխել: Նվիրատուները, որոնք տալիս են այդ գումարները՝ առյուծի բաժինը նվիրաբերում են փոքր թվով մարդիկ, գումարը տրամադրում են Ուկրաինայի, Գազայի, այլ վայրերի համար, որոնք ակնհայտորեն խիստ կարիք ունեն, բայց մենք ունենք այլ վայրեր, [օրինակ՝] Մյանման, որը գրեթե մոռացվել է, որը ոչ մի կերպ չի արժանանում նույնպիսի ուշադրության»:
Crisis Action կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Ջանա Նքուբեն խոսեց ՄԱԿ-ի կամ Համաշխարհային բանկի նման կառույցների բարեփոխման անհրաժեշտության մասին: Ըստ նրա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված նորմերն ու կանոններն այլեւս չեն գործում, եւ համակարգը պետք է թարմացվի։ «Եթե դիտարկում ենք մարդասիրական աշխատանքը, ապա այն իսկապես շատ արագ է արձագանքում: Մենք արձագանքում ենք ճգնաժամերին, բայց ժամանակ չենք հատկացնում մտածելու համար, թե ինչպես կանխել ճգնաժամերը։ Ես կցանկանայի տեսնել, թե ինչպես է պաշտպանության համակարգի համար մեծ բյուջեի հատկացումից անցում կատարվում խաղաղության համար ներդրմանը: Եթե մենք կարող ենք ունենալ երկրներ, որոնք ունեն Երջանկության նախարարություն, ինչո՞ւ չենք կարող ունենալ Խաղաղության նախարարություն: […] Մենք գիտենք, որ զարգացումը, տնտեսական աճը, նորարարությունը, բարեկեցությունն այնտեղ են, որտեղ խաղաղություն է, բայց մեր բոլոր երկրները, երկրների մեծ մասը հիմնական ներդրումներն անում են պաշտպանության ոլորտում»,- մատնանշեց Ջանա Նքուբեն:
«Ադեսո» կազմակերպության գործադիր տնօրեն Դեգան Ալին համակարծիք չէր, որ խնդիրը կարող է լուծվել պարզապես համակարգի բարեփոխմամբ: Նրա համոզմամբ՝ այն իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք, միտումնավոր քաղաքական է եւ նախատեսված։ «Երկրները պետք է ընտրեն կամ մնալ գործող համակարգում, իսկ նրանք գիտեն, թե դա ինչ է նշանակում, կամ կարող են օգտվել հնարավորությունից եւ հավատալ ու հույս ունենալ՝ ստեղծելու ավելի արդար մի բան: […] Կարծում եմ՝ շատ բան կախված է այն բանից, թե ինչ կլինի առաջիկա մի քանի տարիներին, ու ինչպես Արեւմուտքը կընդունի իր ձախողումը, կընդունի որ այլեւս ղեկին չէ, ու մեքենայի կառավարմանն այլ մարդիկ էլ պիտի ներգրավվեն: […] Մենք համաշխարհային ճարտարապետության փոքրիկ մասնիկն ենք, բայց մենք պարզապես շարունակում ենք խոսել մարդասիրական քայլերի մասին, կարծես, տարանջատված լինենք այս ընդհանուր ճարտարապետությունից, իսկ դա այդպես չէ», - նշեց Դեգան Ալին:
«Հագարլա» ինստիտուտի հիմնադիր եւ նախագահ Դեքո Մոհամեդն ուշադրություն հրավիրեց տեղական հասարակական, միջազգային կազմակերպությունների եւ կառավարության միջեւ սխալ հաղորդակցության վրա: «Եթե ցանկանում եք կատարել հստակ փոփոխություն, դա միայն օգնությունը չէ: Առաջին արագ արձագանքման համար մարդասիրական օգնությունը բավարար է։ Բայց հետո մենք պետք է մտածենք, թե ինչպես ավելի լավ զարգանալ եւ ինչպես կարող ենք ավելի շատ [տեղական դերակատարների] ներգրավել: Խոսքը միայն տեղական հասարակական կազմակերպություններին որոշակի գումար հատկացնելու մասին չէ, այլ նաեւ նրանց հմտությունները զարգացնելու, որպեսզի վստահ լինենք, որ նրանք կարող են ինքնուրույն շարունակել իրենց ճանապարհը: [...] Մենք պետք է թույլ տանք, որ մարդիկ տեղում զբաղվեն իրենց խնդիրներով: [...] Մենք պետք է դրդենք մեր կառավարություններին՝ ունենալու կայուն համակարգ, որը կարող է աջակցել ինձ եւ ավելի լավ համակարգ ստեղծել տեղում: Հակառակ դեպքում ես չեմ կարող միայնակ գործել, որքան էլ լավ բժիշկ լինեմ»,- ասաց Դեքո Մոհամեդը:
Ամփոփելով քննարկումը՝ Հեբա Ալին շնորհակալություն հայտնեց մասնակիցներին եւ բոլորին մաղթեց, որ 2024 թվականը լինի խաղաղ տարի, քանի որ 2023-ը բարդ տարի էր: «Եվ թող այս քննարկումը եւս մեկ քայլ լինի տառապանքը կրճատելու եւ առաջ շարժվելու ճանապարհին»,- ասաց նա:
Ամբողջական քննարկումն անգլերենով կարող եք դիտել ստորեւ.