13 տարեկանում Տաբասում Ադնանին բռնի ամուսնացրին իրենից 30 տարով մեծ տղամարդու հետ: Ցավոք, նրա դեպքը բացառություն չէր, քանի որ մանկահասակ ամուսնությունները դեռ ավանդույթի մաս են կազմում այն հասարակությունում, որտեղ նա ծնվել է: Աղջիկներին ստիպում են ամուսնանալ վաղ տարիքում՝ ակնկալելով նրանից լինել հնազանդ ու ենթարկվող կին: Նրանք պետք է հետեւեն այս նահապետական կարգուկանոնին, այլապես կարող են կյանքով վճարել:
Տաբասում Ադնանի ամուսնությունը լի էր տառապանքով եւ ցավով, ֆիզիկական եւ հոգեբանական բռնությամբ: Այն ավարտվեց 20 տարի անց, երբ նա վերջապես իր մեջ ուժ գտավ բաժանվելու, թեեւ կարող էր սպանվել պատվի համար կամ մեղադրվել արտամուսնական կապի մեջ: Սա սարսափազդու հեռանկար էր, բայց Ադնանն, այդուհանդերձ, ուժ գտավ իր մեջ՝ գնալու այդ քայլին: Նա վճռական էր տրամադրված՝ պայքարելու իր եւ մյուս կանանց համար:
«Ես դատարանում էի, երբ մի կնոջ դանակահարեցին ու սպանեցին ոստիկանների աչքի առաջ: Տղամարդը պարզապես հանձնվեց՝ գոռալով. «Պատի՜վ, պատի՜վ»: Նրան ձերբակալեցին, հետո որոշ ժամանակ անց բաց թողեցին»,- հիշում է տիկին Ադնանը: «Մեկ այլ կին դաժան ծեծի էր ենթարկվել, իսկ մեղավորը կրկին որոշ ժամանակ անց ազատության մեջ հայտնվեց: Ես գիտեի երկու աղջիկների, որոնք փորձել էին պայքարել իրենց իրավունքների համար եւ, ի վերջո, ինքնասպանություն էին գործել: Կարծում եմ՝ նրանց սպանել էին, բայց դատավարությունից խուսափելու համար ինքնասպանություն էր ձեւակերպվել: Իմ ու իմ շուրջ եղած կանանց վիճակն ինձ անասելի ցավ էր պատճառում: Ուր էլ գնայի, նրանք հետապնդում էին ինձ»:
Այդ ժամանակ Տաբասում Ադնանը կամավոր էր աշխատում մի կազմակերպությունում եւ տեղեկատվական բազա հավաքում թերթերից: Ուղղակի ապշեցուցիչ էր, յուրաքանչյուր հինգերորդ հոդվածը կանանց նկատմամբ բռնության կամ սպանության մասին էր: Միայն մեկ ամսվա ընթացքում նա երիտասարդ աղջիկների ինքնասպանության 164 դեպք արձանագրեց: Նա պարզեց, որ 164 դեպքից 162-ը սառնասիրտ սպանություն էր՝ պատվի համար, 3 սպանություն իրագործվել էր օժիտի պատճառով: Ադնանն արեց հաջորդ քայլը եւ 2013 թ. Պակիստանում հիմնեց կանանց առաջին ջիրգան:
Ջիրգաները ավադական, ոչ պաշտոնական խորհուրդներ են, որոնց որոշումները հարգի են հասարակության շրջանում եւ հաճախ իրենց ազդեցությունն են ունենում արդարադատության վրա: Ջիրգաների ընդունած որոշումները հիմնականում կանանց դեմ են՝ առանց հաշվի առնելու նրանց կարծիքը: Շատ հաճախ ընտանիքների միջեւ վեճերը լուծվում են՝ կողմերից մեկի աղջիկ երեխային ամուսնության տալով մյուս կլանի ավելի տարիքով տղամարդուն: Յուրաքանչյուր ջիրգայի ղեկավար հայտնի է «մաշրա» անունով, ինչն աֆղաներեն նշանակում է «ավագ» կամ «առաջնորդ»: Ադնանը դարձավ ջիրգայի առաջին կին «մաշրան» փուշտու տոհմազգի պատմության մեջ: Տիկին Տաբասումը եւ նրա «Խվենդո ջիրգան» (Քույրերի խորհուրդ) պաշտպանում է կանանց եւ աղջիկներին, փորձում վերջ տալ կանանց նկատմամբ բռնությանն ու հանցագործություններին:
«Մենք տարբեր դեպքեր ունենք՝ սեփականության վեճերից մինչեւ ընտանեկան բռնություն, դաժան բռնությունից մինչեւ սպանություն: Մենք մի դեպք ունեինք, երբ ամուսինը կտրել էր կնոջ քիթը, եւ մեր ջիրգան օգնեց բանտ նետել հանցագործին: Մենք նաեւ բժշկական օգնություն տրամադրեցինք կնոջը, որը ենթարկվեց մի քանի վիրահատությունների: Մեկ այլ դեպք ունեինք, երբ ամուսինը կտրել էր կնոջ ոտքը: Մենք ոչ միայն նրան բանտ նստեցրինք, այլեւ կարողացանք 6 միլիոն ռուփի փոխհատուցում ստանալ կնոջ համար»,- ասում է Տաբասում Ադնանը:
2014 թ. առաջին անգամ փուշտու իրականության մեջ Ադնանին խնդրեցին ներկա լինել տղամարդկանց ջիրգային: Ու դա փոխեց հասարակության ընկալումներն Ադնանի եւ նրա կատարած աշխատանքի վերաբերյալ: Դա տեղի ունեցավ, երբ բռնաբարված երեխայի գործով իշխանությունները ձախողեցին իրենց գործողություններում, իսկ «Խվենդո ջիրգան» քայլերթ կազմակերպեց՝ ի նշան բողոքի: Ի վերջո, կասկածյալները ձերբակալվեցին: Տղամարդկանց ջիրգայի հետ կապված առաջին հաջողությունից հետո Ադնանին ուրիշ գործերով եւս հրավիրեցին: Հասարակությունն ընդունեց «Խվենդո ջիրգան», եւ կանայք հասկացան, թե ուր կարող են դիմել իրենց խնդիրներով: Տարիների ընթացքում Ադնանի գլխավորած ջիրգան լուծում է տվել 2.043 գործի:
«Խվենդո ջիրգան» դարձել է արդարության փարոս շատ կանանց եւ նույնիսկ տղամարդկանց համար, որտեղ նրանք գալիս են իրենց հարցերով, ինչը եւս մեկ քայլ առաջ է Պակիստանի պատմության մեջ: Անկախ վտանգի աստիճանից՝ տիկին Ադնանը երբեք չի վարանել պայքարել իր հանրության յուրաքանչյուր անդամի իրավունքների համար` աջակցելով թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, պաշտպանելով սեռական, կրոնական եւ այլ փոքրամասնություններին: Նա օգնության ձեռք է մեկնում ցանկացածին, որը դժվարության մեջ է:
Պակիստանում կանանց ջիրգան կարեւոր դերակատարում է ունեցել նաեւ ոստիկանական բաժանմունքներում Վեճերի լուծման խորհուրդների ստեղծման հարցում՝ որպես արագ եւ անվճար արդարադատության ապահովման ու հասարակության մեջ խաղաղության պահպանման այլընտրանքային մեխանիզմ: Այդ խորհուրդները, այսպես կոչված՝ կառավարական ջիրգաները, կազմված են քաղաքացիական հասարակության անդամներից՝ իրենց կազմում ընդգրկելով առնվազն մեկ կամ երկու կին: Սա հերթական լուրջ առաջընթացն էր նահապետական հասարակարգում, ու դա հիմնականում Տաբասում Ադնանի եւ նրա գլխավորած ջիրգայի նվաճումն է:
Որպես կանանց իրավունքների պաշտպան՝ Տաբասումը հաճախակի է մահացու սպառնալիքներ ստանում, մի անգամ նույնիսկ մահափորձից է փրկվել, երբ փամփուշտը սանտիմետրի տարբերությամբ շրջանցեց նրան: Ինչեւէ, նա շարունակում է պայքարել յուրաքանչյուրի իրավունքների համար՝ հատկապես կանանց. «Մանկահասակ ամուսնությունները հիմա անօրինական են, դրա համար մարդը կարող է բանտում հայտնվել կամ տուգանվել, բայց, միեւնույն է, օրենքում դեռ կան բացեր, որոնք պետք է շտկել: Կորոնավիրուսի պատճառով վաղ եւ բռնի ամուսնությունների թիվն աճել է, ու հիմա առավել, քան երբեւէ պետք է խոսել այդ մասին եւ լուծումներ գտնել»,- ասում է տիկին Ադնանը՝ համավարակի հետ կապված դժվարությունների մասին խոսելիս։ «Ընտանեկան բռնությունն աճել է, ու ոչ ես եմ կարողանում իրենց [կանանց] մոտ գնալ, ոչ էլ իրենք՝ ինձ մոտ գալ: Աղոթում եմ եւ հույս ունեմ, որ համավարակը շուտով կնահանջի, կամ բոլորիս մոտ իմունիտետ կձեւավորվի»:
Տաբասում Ադնանը շնորհակալ է իր ջանքերով փրկված յուրաքանչյուր կյանքի համար, կանանց՝ մայրությունից չզրկվելու յուրաքանչյուր հնարավորության համար, ինչպես իր հետ եղավ: Երբ նա բաժանվեց ամուսնուց, չկարողացավ իր մոտ պահել երեխաներին, ստիպված էր նրանց թողնել նախկին ամուսնու մոտ․ «Երբ իմ ջանքերի շնորհիվ կանայք հասնում են արդարության, կարծես արդարությունն ինձ համար վերականգնվի: Իմ ներսում եղած մայրն անընդհատ լաց է լինում եւ ուզում է ետ բերել իր երեխաներին: Ես հանգստացնում եմ նրան՝ ասելով, որ մի օր մենք ետ կբերենք մեր երեխաներին եւ ես կկոտրեմ «նահապետական համակարգը», որ կանգնած է մոր եւ երեխաների միջեւ: Ես խոստանում եմ իմ մեջ ապրող մորը, որ ես ծնկի կբերեմ նահապետականությունը»: