Բարեգործության դերը մարդասիրության եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում

Բարեգործության դերը մարդասիրության եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում

«Այժմ եզակի պահ է պատմության մեջ, քանի որ մենք բախվում ենք, ամենայն հավանականությամբ, ավելի շատ սպառնալիքների, իհարկե, ժողովրդավարության տեսանկյունից, քան երբեւէ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես նաեւ գոյաբանական ճգնաժամերի՝ կլիմայի փոփոխություն, բռնի տեղահանման խնդրի խորացում: Ներկայում 120 միլիոն մարդ լքել է իր տունը, եւ որոշ կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2050 թ. կլիմայի փոփոխության պատճառով, հավանաբար, մեկ միլիարդ մարդ ստիպված կլինի լքել իր տունը»,- որպես մոդերատոր իր բացման խոսքում նշեց «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ, RefugePoint կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Սաշա Չանոֆը «Բարեգործության դերը մարդասիրության եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում» թեմայով քննարկմանը: Այն տեղի ունեցավ 2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում՝ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում:

Քննարկման բանախոսներն էին Global Whole Being Fund հիմնադրամի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նեգար Թեյարը, Human Rights Watch կազմակերպության համանախագահ, «Դը Շմիդթ» ընտանեկան հիմնադրամի գործադիր փոխնախագահ Էմի Ռաոն եւ Ներգրավված միջազգային դոնորների ցանցի խորհրդի նախագահ Քերեն Անսարան: 

Human Rights Watch կազմակերպության համանախագահ եւ «Դը Շմիդթ» ընտանեկան հիմնադրամի գործադիր փոխնախագահ Էմի Ռաոն բացատրեց, թե ինչպես է իրենց հիմնադրամն աստիճանաբար ընդլայնել ծրագրերը՝ ներառելու մարդու իրավունքները, քանի որ նրանք հասկացել են, որ այն ամենը, ինչ անում են, ի վերջո կապված է այս կարեւոր հարցի հետ: «Ամեն օր ես արթնանում եմ եւ մտածում, թե ինչպես կարող եմ ավելի շատ մարդկանց ներգրավել՝ ֆինանսավորելու միջազգային պայքարը հանուն մարդու իրավունքների, քանի որ պետք է ստիպել մարդկանց ավելի շատ ջանք ներդնել, քանի որ  պետք է պատկերացում կազմել այն երկրների մասին, որոնց գուցե չեք էլ կարող գտնել քարտեզի վրա, ընկալել այն մշակույթներն ու պատմությունները, որոնց մասին տեղյակ չեք. շատ բարդ է: Երբ որոշում ես ֆինանսավորել մարդու իրավունքները, կարծես, պատրաստվում ես դոկտորական պաշտպանել այդ ոլորտում»:

 

Բազմաթիվ թյուր պատկերացումներ կան մարդասիրական աշխատանքի վերաբերյալ՝ ըստ Global Whole Being Fund հիմնադրամի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նեգար Թեյարիի: Նա նշեց, որ, չնայած սեփական փորձին, ինքն սկզբում նույնպես մտավախություն է ունեցել մարդասիրական օգնությանը ֆինանսներ ուղղելու հարցում՝ դիտարկելով այն որպես ցածր ազդեցությամբ, կարճաժամկետ լուծում: «Հիմնադրամի հետ աշխատանքի սկզբում ես շատ դժկամությամբ էի խորհուրդ տալիս իմ խորհրդին ֆինանսավորելու մարդասիրական աշխատանքը, քանի որ կարծում էի, որ մարդասիրական աշխատանքը պարզապես ծածկոցն է, ջուրը, ինչը պակաս կարեւոր չէ. իմ ընտանիքը եւս ապավինել է դրան, ես առանց այդ աջակցության այստեղ չէի լինի: <...> Մենք [ի վերջո] հասկացանք, որ համակարգային փոփոխությունների համար պետք է զբաղվել մարդասիրական օգնությամբ, իսկ մարդասիրական օգնությունն ավելին է, քան պարզապես ծածկոցներ, ջուր եւ վրաններ մատակարարելը»,- բացատրեց տիկին Թեյարը:

Ներգրավված միջազգային դոնորների ցանցի խորհրդի նախագահ Քերեն Անսարան  խոսեց ոչ թե պարզապես ֆինանսավորում գտնելու, այլ այն վճռորոշ փուլում ստանալու կարեւորության մասին: «Երբ վաղ փուլում հնչում են նախազգուշացումները, ֆինանսավորումը շատ քիչ է, իսկ աշխարհն ուշադրություն չի դարձնում դրա վրա: Օրինակ՝ 2011 թ. Սոմալիում վաղաժամ նախազգուշացումներ եղան կյանքի համար վտանգավոր սաստիկ երաշտի մասին, բայց բավարար ֆինանսավորում չեղավ, այսպես կոչված, կանխարգելիչ գործողությունների համար, որոնք կարող էին ձեռնարկվել լայնամասշտաբ ճգնաժամը կանխելու համար, եւ աշխարհն ասաց. «Այլեւս երբեք թույլ չենք տա, որ սա կրկնվի»: Բայց 2022-ին մենք կրկին նույն կերպ վարվեցինք»,- ասաց Քերեն Անսարան: 

«Բարեգործության դերը մարդասիրության եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում» խորագրով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ.