«Ես հատուկ վերաբերմունք ունեմ «Ավրորայի»` այս մարդասիրական նախաձեռնության նկատմամբ, եւ լինել այստեղ՝ այս անհավանական համախոհների [մարդասերների] հետ, որոնք այդքան դժվար վիճակում են եղել. ես անտարբեր չեմ սրան, սա իմ ճանապարհն է», - ասաց Matrix Capital Management ընկերության համահիմնադիր եւ կառավարող գլխավոր գործընկեր Դեյվիդ Գոելը «Կորպորացիաների դերը մարդասիրական ջանքերի առաջխաղացման գործում» խորագրով քննարկմանը՝ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում։ Քննարկման ընթացքում մի քանի առաջատար ձեռնարկատերեր, որոնց որոշումները կարող են ազդել մոտ կես միլիոն աշխատակիցների վրա, ներկայացրեցին իրենց տեսակետները մոլորակի բարօրության, սոցիալական բարեփոխումների եւ համայնքների զարգացման համար ներդրումների մասին։
Քննարկումը վարում էր Քրիստին Հինան՝ Flagship Pioneering ընկերության Հաղորդակցության գծով գլխավոր տնօրենը, եւ գործընկերը: Որպես բանախոսներ հանդես էին գալիս «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը, Matrix Capital Management ընկերության համահիմնադիր եւ կառավարող գլխավոր գործընկեր Դեյվիդ Գոելը, Johnson & Johnson ընկերության նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն, Apple, IBM, JPMorgan Chase ընկերությունների Խորհուրդների անդամ Ալեքս Գորսկին եւ Analog Devices ընկերության գլխավոր տնօրեն Վենսան Ռոշը:
«Այնտեղ՝ վերջին շարքում նստած, ես արագ որոնում ու հաշվարկներ էի անում. այս բեմում նստած են մարդիկ, որոնք կառավարում են կորպորացիաներ եւ բազմաթիվ խորհուրդների անդամներ են, եւ որոնց կայացրած որոշումներն ազդում են կես միլիոն աշխատակիցների վրա ամբողջ աշխարհում: Այսպիսով, անհամբեր եմ իմանալու ձեր տեսակետները, թե ինչ դեր կարող են ունենալ կորպորացիաները մարդասիրական ջանքերի առաջխաղացման գործում»,- քննարկումն սկսեց Flagship Pioneering ընկերության Հաղորդակցության գծով գլխավոր տնօրեն եւ գործընկեր Քրիստին Հինանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանն ընդգծեց սոցիալական պատասխանատվության եւ սոցիալական դաշտում վարկանիշի կարեւորությունը խոշոր բիզնեսների համար, ինչը կարեւոր է բիզնեսը զարգացնելու համար, բայց հաճախ անտեսվում է: «Կորպորացիաները պետք է հոգան այս հարցերի մասին, որովհետեւ կա ընդհանուր գաղափար՝ «գործելու լիցենզիա»: Կորպորացիաները ռիսկի են ենթարկում ուրիշների կապիտալը, որպեսզի ստեղծեն լուծումներ, որոնք ընդհանուր առմամբ դրական են, ոչ միայն ազդեցության, այլ նաեւ շահույթի առումով, բայց նրանք կարող են դա անել միայն այնքան ժամանակ, քանի դեռ վավեր է գործելու լիցենզիան»,- ասաց դոկտոր Աֆեյանը: «Սկզբում օրենքն է ձեզ տալիս գործելու լիցենզիա, հետո՝ ձեր սոցիալական պատասխանատու դիրքը համայնքում, աշխարհում: Եվ ես կարծում եմ, որ շատ ղեկավարներ իրականում մեծ ներդրումներ են անում այս ուղղությամբ»:
Analog Devices ընկերության գործադիր տնօրեն Վենսան Ռոշը հայտարարեց, որ մարդկանց եւ մոլորակի առողջության համար պատասխանատու նորարարությունը մի բան է, առանց որի ընկերություններն այլեւս չեն կարող գործել, քանի որ այն ավելի ու ավելի էական է դառնում աշխատուժի համար: «Ընկերությունում մենք ունենք արժեքներ: Մենք ուզում ենք լավ բաներ անել մարդկանց, բարի գործ անել մոլորակի համար: Այս մոլորակը պահպանելու համար խիստ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկել, քանի որ ժամանակն այստեղ է ընթանում, բայց մենք նաեւ մեր կապիտալը դնում ենք այնտեղ, որտեղ մեր պարտավորություններն են»,- բացատրեց պարոն Ռոշը: «Ընկերությունում մենք կառուցել ենք կայունության բաժին: Այն կենտրոնացած է խոշոր եւ ամենահրատապ տեխնոլոգիական կարիքներից մեկի վրա, որը պետք է լուծվի՝ ինչպե՞ս ապահովել էլեկտրական էներգիա, որը խթանում է տնտեսական աճը եւ շատ կարեւոր է մեր կյանքի համար»:
Դեյվիդ Գոելը՝ Matrix Capital Management ընկերության համահիմնադիրը եւ կառավարող գլխավոր գործընկերը, նշեց, որ ձեռնարկատերերի մասնագիտական պարտականությունները եւ անձնական շահերը երբեմն դժվար է համադրել՝ ասելով. «Իմ թիվ մեկ նպատակն է առաջ տանել կապիտալիզմը։ Դա այն է, ինչ անում եմ Ամերիկայի համար։ Ինձ համար կարեոր է այն ճանապարհը, որն Ամերիկան ինձ տվել է՝ հնարավորություն կրթություն ստանալու, հնարավորություն սովորելու եւ բարելավելու իմ սիրելի մարդկանց կյանքի որակը՝ իմ ընտանիքինն այստեղ, իմ ազգականներինը՝ Ֆիլիպիններում, Հնդկաստանում»:
Johnson & Johnson ընկերության նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն, Apple, IBM, JPMorgan Chase ընկերությունների Խորհուրդների անդամ Ալեքս Գորսկին խոսեց Միացյալ Նահանգներում The Business Roundtable կազմակերպության հետ աշխատելու մասին, որը կոմիտե է, որն էլ միավորում է շուկայական կապիտալիզացիայի առումով մոտ 250 լավագույն ընկերություններ։ «Մենք իրականում ստացել էինք մի քանի ՀԿ-ների քննադատություն, եւ դա արդարացի էր, քանի որ եթե այցելեիք մեր կայքը, այնտեղ նշված էր, որ կորպորացիայի նպատակը բաժնետերերի կապիտալն ավելացնելն է։ Նրանք ասում էին՝ «Բոլորդ՝ գլխավոր գործադիր տնօրեններդ, խոսում եք այն հրաշալի բաների մասին, որոնք անում եք, բայց եթե այցելում ենք ձեր կայք, սա է գրված այնտեղ»,- նշեց պարոն Գորսկին, ում խնդրել էին շտկել իրադրությունը։
Ի վերջո, մեծ քանակությամբ հետազոտություններ անելուց եւ շատ ավելի լայն համայնքի բազմաթիվ շահառուների հարցնելուց հետո, նա կարողացավ «վերաձեւակերպել կորպորացիայի նպատակը շատ հստակ՝ հաճախորդների նկատմամբ պարտավորությունների, աշխատակիցների նկատմամբ պարտավորությունների, համայնքների նկատմամբ պարտավորությունների եւ՝ այո, բաժնետերերի նկատմամբ պարտավորությունների շուրջ»:
Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի շրջանակում տեղի ունեցած «Կորպորացիաների դերը մարդասիրական ջանքերի առաջխաղացման գործում» թեմայով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ.