Լամպեդուզայի փարոսը

Լամպեդուզայի փարոսը

Ակտիվիստ, քաղաքական գործիչ, բժիշկ Պիետրո Բարտոլոն իտալական Լամպեդուզա կղզուց է, որը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հայտնի է որպես մուտքի կետ անօրինական միգրանտների եւ փախստականների համար, որոնք փորձում են հասնել Եվրոպա: Որպես Լամպեդուզայի առողջապահական կենտրոնի ղեկավար՝ տարիներ շարունակ նա բժշկական օգնություն է տրամադրել ծովով ժամանողներին: Այսօր, որպես Եվրոպական խորհրդարանի անդամ, նա պայքարում է նրանց իրավունքների համար միջազգային մակարդակում՝ մշակելով  միգրացիոն արդար քաղաքականություն, որը կստիպի Արեւմուտքի երկրներին պատասխանատվություն ստանձնել իրենց գաղութատիրական մութ անցյալի համար: 

Պիետրո Բարտոլոն ծնվել է 1956 թվականին ձկնորսի եւ տնային տնտեսուհու ընտանիքում: Երեխա ժամանակ Պիետրոն հաճախ էր օգնում հորը: Հենց այդ ժամանակ էլ նա սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել խորտակվող նավի զոհ. «Ես տասներեք տարեկան էի: Այդ ժամանակ GPS չկար, աստղերն էին առաջնորդում Լամպեդուզայի ձկնորսներին: Այդ նույն աստղերն էլ փրկեցին կյանքս, երբ ձկնորսական նավակը ծով վերադարձավ ինձ որոնելու: Չորս ժամ մեն-մենակ ես խարխափում էի խավարում: Դրանից հետո մեկ տարուց ավելի չխոսեցի: Այդ պահը փոխեց իմ ամբողջ կյանքը: Ու քանի դեռ ես ողջ եմ, կանեմ ամեն ինչ, որպեսզի ոչ ոք իրեն լքված չզգա բաց ծովում»,- ասում է բժիշկ Բարտոլոն:

Մարդկանց օգնելու նրա անհագ ցանկությունն էլ վճռորոշ եղավ կարիերայի ընտրության հարցում. նա որոշեց բժշկություն սովորել համալսարանում՝ մասնագիտանալով գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ոլորտում: «1960-70-ականներին Լամպեդուզայում կանայք դեռ տանն էին երեխա ունենում: Ոչ գինեկոլոգներ կային, ոչ էլ հիվանդանոցներ, որոնք կհոգային այն կանանց մասին, որոնց մոտ բարդություններ էին առաջանում»,- պարզաբանում է Պիետրո Բարտոլոն: Շատ կանայք, որոնց նա ճանաչում էր երեխա ժամանակ, մահացան կա՛մ ծննդաբերության ընթացքում, կա՛մ դրանից հետո: Ու նա վճռեց փոխել իրավիճակը: Կատանիայում ուսանելու ժամանակ նա հանդիպեց իր ապագա կնոջը, որը նույնպես բժիշկ է: Այսօր էլ նա շարունակում է իր մասնագիտական աշխատանքը Լամպեդուզայում: 

1990-ականներից բժիշկ Բարտոլոն առաջին օգնություն է ցուցաբերել մարդկանց, որոնք ավելի լավ կյանքի որոնումով ուժասպառ ու վտանգավոր ճամփորդությունից հետո հայտնվում են Լամպեդուզայի ափերին: Նա արդեն մոտենում էր վաթսունին, երբ եւս մեկ բեկումնային պահ ապրեց: 2013 թ. հոկտեմբերի 3-ին Պիետրո Բարտոլոն մի անասելի ողբերգության ականատես եղավ, երբ միգրանտներին տեղափոխող նավը խորտակվեց կղզու մոտ. «Նավաբեկությունը Լամպեդուզայի ափից 500 մետրից էլ պակաս հեռավորության վրա եղավ: 368 մարդ զոհվեց, որոնց մեջ կային շատ երիտասարդ մայրեր, որոնք նոր էին երեխա ունեցել: Որպես Լամպեդուզայի առողջապահության կենտրոնի ղեկավար, որի կառուցմանն անձամբ եմ օգնել, ես դիահերձեցի բոլորի մարմինները: Այդ պահից ես սկսեցի իմ պայքարը, որպեսզի նման ողբերգություններ այլեւս չկրկնվեն»:

Միգրանտների բեկված նավերի կտորներից պատրաստված փայտե խաչ Լամպեդուզայում © Էլ ՊանտերաCC BY-SA 4.0, Վիկիմեդիա

Լամպեդուզայի առողջապահության կենտրոնում իր երեսունհինգ տարվա աշխատանքի ընթացքում նա առաջին օգնություն է տրամադրել ծովով ժամանած ավելի քան 250.000 մարդու: Բայց բժիշկ Բարտոլոյի համար թվերը կարեւոր չեն: «Ես երբեք չեմ հաշվել իմ հիվանդներին: Նրանք թիվ չեն: Նրանք մարդկային էակներ են, որոնք ավելի լավ ապագա են փնտրում իրենց եւ իրենց երեխաների համար: Մեր աշխարհը քաղաքականապես պատասխանատու է այս արտագաղթի համար, ու մենք չենք կարող երես թեքել»,- ասում է նա: 

Ամենաշատը նրան հետապնդում է երեխաների տառապանքը: Մի անգամ նա միգրանտ աղջկա էր խնամում, հազիվ տասը տարեկան լիներ, որը բացարձակ միայնակ էր: Նա միայն գիտեր, որ մայրը «Եվրոպայում ինչ-որ տեղ է»։ «Մեզնից ամիսներ պահանջվեց Անիլայի մորը գտնելու համար, նույնիսկ  օգնություն խնդրեցինք Հռոմի պապից եւ Իտալիայի նախագահից: Նրան գտանք Ֆրանսիայում, որտեղ ստիպված էր մարմնավաճառությամբ զբաղվել: Մենք նրան դուրս բերեցինք այդ միջավայրից, աշխատանք գտանք նրա համար եւ վերամիավորեցինք դստեր հետ»,- ասում է բժիշկ Բարտոլոն: Մինչեւ հիմա կինն իր դստեր լուսանկարներն ուղարկում է Բարտոլոյին, ինչն ամեն անգամ մինչեւ հոգու խորքը հուզում է նրան:

Պիետրո Բարտոլոն այնքան մեծ աշխատանք է կատարել՝ մեղմելու մարդկային տառապանքը, որ քաղաքականություն մշակողները եւս սկսեցին դիմել նրա օգնությանը: 2019 թ. հուլիսին նա ստիպված էր թողնել իր սիրելի աշխատանքը, երբ ընտրվեց Եվրոպական խորհրդարանի անդամ, որտեղ շարունակում է իր պայքարը միգրանտների համար՝ արդեն որպես Բրյուսելի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ: Որպես «Սոցիալիստներ եւ դեմոկրատներ» քաղաքական խմբի զեկուցող՝ հիմա նա աշխատում է միգրացիայի վերաբերյալ նոր փաստաթղթի վրա, որը քննարկվում է Եվրոպական խորհրդարանում: 

Բժիշկ Բարտոլոն ամենից շատ ազդվում է միգրանտ երեխաների տառապանքից

Բժիշկ Բարտոլոն վստահ է, որ փոփոխություն անհրաժեշտ է բոլոր մակարդակներում․ «Ես հավատացած եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է անի, քանի որ միայն քաղաքական գործիչները չեն կարող լուծել բոլոր խնդիրները: Եվրոպայում եւ մնացած աշխարհում ռասիզմի եւ այլատյացության մակարդակն աճում է: Ցավոք, համավարակը սրեց նրանց վիճակը, որոնք մինչեւ այդ էլ ծանր պայմաններում էին ապրում: Հիմա առավել, քան երբեւէ պետք է այնպես անել, որպեսզի ավելի լավ ապագա կառուցելու ճանապարհին ոչ ոք չանտեսվի»: 

Ապագայի մասին խոսելիս Պիետրո Բարտոլոյի համար կարեւոր է, որ մարդկությունը հաղթահարի համավարակն ու կլիմայի փոփոխության հետ կապված էկոլոգիական մեծ խնդիրները: Միեւնույն ժամանակ նա սփոփանք եւ ներշնչանք է գտնում իր աշխատանքում, որտեղ նրան առաջնորդում է անձնական կապը մարդկանց հետ, որոնց օգնում է. «Երբ շատերի պատմություններն ունենում են «բարի ավարտ», դա ինձ ոգեշնչում է շարունակելու իմ աշխատանքը, որպեսզի արժանապատիվ կյանքի «բարի ավարտը» դառնա իրավունք, ոչ թե արտոնություն՝ դժոխքից փրկված մի քանիսի համար»: 

Բժիշկ Պիետրո Բարտոլոն շատ ողբերգություն եւ կորուստ է տեսել: Բայց նա նաեւ ականատես է եղել տոկունության, անձնազոհության եւ նվիրվածության այնպիսի արարքների, որոնք օգնում են նրան լինել լավատես եւ լի երախտագիտությամբ: «Ես երախտապարտ եմ իմ ծնողներին, որոնք, չնայած մեծ ընտանիքին եւ համեստ հնարավորություններին, ինձ սովորելու եւ բժիշկ դառնալու հնարավորություն տվեցին: Ես շնորհակալ եմ Քեբրաթին՝ հոկտեմբերի 3-ի ողբերգությունը վերապրած երիտասարդ աղջկան, որին սկզբում մահացած էին համարում, երբ զգացի նրա զարկերակը եւ օգնեցի նրան: Այժմ նա ուժեղ կին է: Ես շնորհակալ եմ իմ ծանոթին, որը վերջերս իր ընտանիք ընդունեց Միջերկրական ծովում անհամար նավաբեկություններից մեկի ժամանակ փրկված մի երիտասարդի»,- ասում է բժիշկ Բարտոլոն եւ ավելացնում. «Երախտագիտությունը հարգանքի բարձրագույն դրսեւորումն է միմյանց հանդեպ»: