Բիսի Իդերաբդուլան եւ նրա «Իմանի տուն» (Imani House) կազմակերպությունն աջակցում են մարդկանց Բրուքլինում եւ Լիբերիայում՝ օգնելով մարգինալ խմբերի երիտասարդներին, ընտանիքներին եւ ներգաղթյալներին ստեղծելու միջավայր, որտեղ որոշում կայացնողը հենց տեղի բնակչությունն է, որը պատասխանատվություն է ստանձնում իր կյանքի եւ շրջապատի բարելավման համար։ Բիսի Իդերաբդուլան հավատում է, որ յուրաքանչյուր ոք կարող է հաջողել, եթե ունի առաջ շարժվելու ցանկություն եւ անհրաժեշտ հմտությունների, տեղեկատվության եւ հնարավորությունների հասանելիություն:
Իմանի պետք է լիներ նրա դստեր անունը, փոխարենն այդպես կոչեց կազմակերպությունը, որը դարձավ նրա կյանքի գործը: «Իմանի տուն» կազմակերպության համահիմնադիր (ամուսնու հետ) եւ գործադիր տնօրեն Բիսի Իդերաբդուլան հիշում է այն օրը, երբ կորցրեց երեխային: Դա տեղի ունեցավ 1982 թ., երբ նա եւ ամուսինը Հարավային Կարոլինայի Չառլսթոն շրջանում իրենց արձակուրդն էին վայելում: Երջանիկ Բիսին ու Մահմուդն սպասում էին իրենց երեխայի ծնունդին: Երկունքի ցավերը ժամանակից շուտ սկսվեցին, եւ ամուսինը Բիսիին հասցրեց մոտակա հիվանդանոց:
«Մենք չգիտեինք, որ այն մասնավոր հիվանդանոց է: Այնտեղ մի սպիտակամորթ կին կար: Նա ապահովագրություն պահանջեց, մենք չունեինք, ու նա մեզ դուրս արեց այնտեղից: Երբ դու երկունքի մեջ ես, նրանք պետք է ընդունեն քեզ, իսկ նա գիտեր, որ ես ծննդաբերում եմ: Նրա հետ մի աղջիկ կար, որն ասաց. «Մենք կարող ենք նրան անվասայլակով մեկ այլ հիվանդանոց ուղարկել»: Իսկ այդ կինը բարկացավ: Նրա դեմքն այլայլվեց ու ասաց. «Ո՛չ: Նա կարող է քայլել»: Իրականում, ես ի վիճակի չէի քայլելու, ես չպետք է քայլեի: Ես այնպիսի ցավեր ունեի: Մինչեւ կհասնեինք այլ հիվանդանոց, մենք կորցրինք երեխային: Դա բժշկական որոշում չէր, որ կայացրեց այդ կինը, այլ՝ ռասիստական: Ես ցնցված էի: Անսահման բարկացած էի ու հիասթափված Միացյալ Նահանգներից»: Առաջին անգամ էր, որ տիկին Իդերաբդուլան անձնապես առնչվում էր խտրական վերաբերմունքի: Ու դա էր այն պահը, որ նա վերջնական որոշում կայացրեց տեղափոխվել Լիբերիա՝ երկիր Արեւմտյան Աֆրիկայում:
Նյու Յորքի Բրուքլինի շրջանում ծնված եւ մեծացած Բիսի Իդերաբդուլան մինչեւ այդ արդեն եղել էր Աֆրիկայում: 1973 թվականին, երբ «Վերադարձ Աֆրիկա» շարժումն իր բարձրակետին էր, նա կրթաթոշակ ստացավ Բրուքլինի քոլեջից եւ մեկ տարով մեկնեց Գանա: Նահանգներ վերադառնալուց հետո նա միշտ ցանկանում էր ետ գնալ ու հաստատվել Աֆրիկայում: «Ես ուզում էի լինել մի վայրում, որտեղ իմ երեխաները կմեծանային՝ առանց երկրորդ կարգի քաղաքացի զգալու»,- բացատրում է նա:
1985 թ. Բիսի Իդերաբդուլան, ամուսինն ու 5 երեխաները տեղափոխվեցին Լիբերիա: Դա մտածված ընտրություն էր, ու նրանք լի էին հույսով ու սպասումներով, քանի որ Լիբերիան համարվում էր «ազատների երկիր», որը հիմնել էին Միացյալ Նահանգներում ստրկությունից ազատագրված աֆրիկացիները: Լիբերիայում կյանքի առաջին հինգ տարիները Բիսի Իդերաբդուլան նկարագրում է որպես «ուտոպիա»: Հետո սկսվեց քաղաքացիական պատերազմը, եւ 1990 թ. նրանք ստիպված էին երեխաներին ժամանակավորապես ետ ուղարկել Միացյալ Նահանգներ՝ հարազատների մոտ: «Երեխաներին ուղարկեցինք մայրիկիս մոտ, բայց ամուսնուս համոզեցի մնալ: Ես ասացի, որ սա է մեր տունը, ես չեմ ուզում հեռանալ, ես ուզում եմ այստեղ լինել, երբ ամեն ինչ ավարտվի, որպեսզի օգնեմ կարգի բերել երկիրը: Մենք գաղափար չունեինք, որ պատերազմն անընդհատ շարունակվելու էր: Այն ուղղակի չէր ավարտվում, այլ ավելի էր սրվում: Էթնիկ զտումներ էին: Նրանք պարզապես գնում էին տարբեր բնակավայրեր ու կոտորում մարդկանց: Դրանք իմ ճանաչած լիբերիացիները չէին: Չգիտեմ, թե ինչն էր նրանց հրեշի վերածել»:
Առաջին քաղաքացիական պատերազմը Լիբերիայում տեւեց մինչեւ 1997 թվականը եւ ավելի քան 200.000 լիբերիացու կյանք խլեց՝ եւս մի միլիոն մարդու դարձնելով փախստական: Լինելով ուսուցիչ եւ գործարար, առանց բժշկական կրթության՝ մորաքույր կամ քույր Բիսին, այդպես էին մարդիկ կոչում նրան, սկսեց կամավորական աշխատանք իրականացնել իրենց տան մոտ գտնվող հիվանդանոցում՝ հոգ տանելով վիրավորներին եւ հիվանդներին: Այնտեղ բուժման էին բերում բազմաթիվ լքված երեխաների, որոնց հետեւից ապաքինումից հետո այդպես էլ չէին գալիս: Նրանց համար քույր Բիսին սեփական տանը ժամանակավոր կացարան բացեց:
«Չափազանց վտանգավոր ժամանակներ էին: Հիվանդանոցը, որտեղ կամավոր էի, պատկանում էր պատերազմի գլխավոր դերակատար Փրինս Ջոնսոնին: Մի անգամ նա այնտեղ եկավ տանկերով ու ասաց, թե հիվանդանոցում ապստամբներ կան, որոնք դեմ էին իր զինվորներին: Նա բոլորիս դուրս բերեց հիվանդանոցից: Մենք այնտեղ կանգնած դողում էինք՝ առանց իմանալու, թե ինչ սպասել, քանի որ նա հարբած էր»:
Որպես ամերիկացի՝ Բիսի Իդերաբդուլայի համար ավելի հեշտ էր մուտք գործել միջազգային կազմակերպություններ եւ մանրամասն հետեւել, թե ինչի վրա էին նրանք ծախսում գումարները: Իսկ որպես տեղացի՝ նա ավելի լավ գիտեր, թե որոնք էին իրական կարիքները: «Ես գնացի ՄԱԿ-ի գրասենյակ ու մի վրան խնդրեցի: Հետո գնացի մարդկանց մոտ, որոնք կամավորություն էին անում հիվանդանոցում, ասացի. «Կարո՞ղ եք միանալ ինձ: Մենք կտեղադրենք այս վրանն ու կհոգանք տեղահանված մարդկանց մասին»: Մենք բացեցինք վրանն ու ծառայեցինք այդ մարդկանց: Հետո ես եւս մեկ քայլ արեցի ու ասացի՝ մենք կլինիկա կկառուցենք մեր հողի վրա: Դա 1993-ին էր»:
Հետո Բիսի Իդերաբդուլան ՄԱԿ-ից դրամաշնորհ ստացավ, որով պետք է փոքրիկ հավաբներ կառուցեր եւ տնային թռչուններ ձեռք բերեր տեղահանված անձանց համար: Նախագծով նախատեսվում էր նաեւ շինարարական դասընթաց տղամարդկանց ու նախկին զինվորականների համար: Այդպես Բիսիի մոտ նոր գաղափար ծնվեց. դասընթացի մասնակիցները հողե աղյուսից ու ցեմենտից այդպիսի մի շինություն էլ իր հողի վրա կառուցեցին, ու նա այն վերածեց կլինիկայի: Այն սպասարկում էր պատերազմից տուժած հազարավոր մարդկանց, որոնք ստիպված էին լքել իրենց տները Լիբերիայում եւ Սիերա Լիոնեում. «Այն ուներ տանիք [եւ] թռչնանոցի համար նախատեսված ցանկապատ: Մենք այն սենյակների բաժանեցինք: Այնտեղ երբեք տնային թռչուններ չեն ապրել: Այդպես մենք ունեցանք կլինիկա ու սկսեցինք հանրային առողջությամբ զբաղվել: Ես գիտակցում էի, որ մարդիկ ունեն իմ կարիքը, որ ես օգտակար եմ իմ համայնքի համար: Ես անում էի բաներ, որոնց մասին ինչ-որ մեկը կարող էր ասել՝ դու չես կարող: Ու ես սովորում էի, կարծում եմ՝ հենց այդպես են վարվում բոլոր նրանք, ովքեր բավականաչափ մտահոգ են. նրանք սովորում են»:
Քաղաքացիական պատերազմի ընթացքում ու դրանից հետո «Իմանի տունը» սպասարկել է բոլորին, ովքեր կարիքի մեջ էին՝ անկախ էթնիկ ցեղախմբային կամ կրոնական տարբերություններից: Կլինիկան հզորացավ եւ, ի վերջո, դարձավ հազարավոր լիբերիացիների՝ հիմնականում կանանց եւ երեխաներին, բժշկական լիարժեք ծառայություններ մատուցող հաստատություն: Առողջապահական ծառայություններից բացի, «Իմանի տունը» նաեւ կրթական ծրագրեր սկսեց մեծահասակների համար, քանի որ կանանց գրագիտությունը եւ ինքնաբավությունն «Իմանի տուն» կազմակերպության առաքելության հիմքում են:
«Կլինիկան պատկանում է լիբերիացիներին: Ավելի քան 28 տարի այս մարդկանցից շատերը եղել եմ իմ կողքին ու նաեւ իրենց դերակատարումն ունեցել սոցիալական արդարության գործում: Նրանք գիտեն, թե որոնք են մարդու իրավունքները: Նրանք տարբեր ցեղախմբերից են, ու արգելված է նվաստացնել որեւէ այլ ցեղային կամ էթնիկ խմբի: Նրանք օրինակ են, թե ինչպիսին, հույս ունեմ, մի օր պետք է լինի Լիբերիան: Մենք կրթված մարդիկ ունենք, որոնք քոլեջ են հաճախում, բայց երբ եկան մեզ մոտ, նույնիսկ կարդալ չգիտեին: Ամեն ինչ զրոյից են սկսել»:
Ամեն ինչ իր գինն ունի: Նրա ընտանիքն ու կլինիկան բազմիցս հարձակումների են ենթարկվել: 2003 թ. ապստամբների խումբն առեւանգեց նրա չորս աշխատակիցներին: Վեց ամիս պահանջվեց, որպեսզի նրանց ազատ արձակեին: Անցնելով պատերազմի միջով ու վտանգելով սեփական կյանքը՝ Բիսի Իդերաբդուլան երբեք չի փոշմանել իր՝ Լիբերիա տեղափոխվելու որոշման համար: Նա դեռ շարունակում է շատ դժվարությունների բախվել: Հողերի մեծ մասը, որ Իդերաբդուլա ընտանիքը գնել էր համայնքային կենտրոններ եւ այլ հաստատություններ հիմնելու համար, խլել են նրանցից: Տիկին Բիսին ունի բոլոր իրավունքները դրանց նկատմամբ, բայց կոռուպցիան այնքան տարածված է Լիբերիայում, որ խնդրի մասին բարձրաձայնելը կարող է վտանգավոր լինել:
Խոչընդոտները, որոնց նա բախվում է, երբեք չեն կոտրել նրա ոգին: Դրանք նրան դարձրել են ավելի ուժեղ ու ավելի շատ աշխատելու շարժառիթ տվել՝ ծառայելու եւ կրթելու մարդկանց. «Իմ առաքելությունն է օգնել մարդկանց՝ կառուցելու կայուն համայնքներ, որտեղ նրանք կլինեն որոշում կայացնողը: Դա շատ կարեւոր է: Ես միշտ պրոակտիվ եմ եղել եւ միշտ այնպիսի զգացողություն եմ ունեցել, որ պետք է ոգեշնչել մյուսներին»:
«Իմանի տան» կլինիկան իսկական փրկություն էր 2014 թ. էբոլայի բռնկման ժամանակ: Նրանք երկու աշխատակից կորցրին, բայց կլինիկան չփակեցին՝ նույնիսկ չունենալով համապատասխան պաշտպանիչ արտահագուստ. «Որպես արտահագուստ՝ մենք անձրեւանոցներ գնեցինք եւ շինարարական դիմակներ [Բիսի Իդերաբդուլան ծիծաղում է]: Բայց դա հենց այն ստեղծարար մոտեցումն է, որով առաջնորդվում է «Իմանի տունը»»: Էբոլան հաղթահարելու փորձառությունն օգնեց նրանց ավելի պատրաստ լինել կորոնավիրուսին:
Ճամփորդելով Լիբերիայից Միացյալ Նահանգներ եւ ետ, որպեսզի բարձրացներ միջազգային իրազեկումը քաղաքացիական պատերազմի վերաբերյալ, Բիսի Իդերաբդուլան շատ նմանություններ տեսավ խնդիրների միջեւ, որոնց բախվում են անապահով խավի մարդիկ Լիբերիայում եւ իր հայրենի Բրուքլինում: Ու նա այնտեղ եւս ծրագիր սկսեց: «Իմանի տան» առաջին ծրագիրը Միացյալ Նահանգներում մեկնարկեց 1991 թ., ստեղծվեց համայնքային կենտրոն՝ օգնելու գրագիտության ցածր մակարդակ ունեցողներին՝ հիմնականում ներգաղթյալներին:
1990 թ. ի վեր՝ «Իմանի տան» ծրագրերն ընդլայնվել են՝ բավարարելով Բրուքլինի եւ Լիբերիայի հասարակության բազմազան կարիքներ: Ամեն տարի ԱՄՆ-ում նրանք անմիջական օգնություն են տրամադրում ցածր եկամուտ ունեցող 1.200 ընտանիքի, երիտասարդի, ներգաղթյալի եւ մեծահասակի՝ առաջարկելով հետդպրոցական ծրագիր, ամառային ճամբար եւ կրթական ծրագիր մեծահասակների համար: Եվս 4.000 մարդու օգնում են անուղղակի կերպով՝ համայնքային իրազեկումների, դասընթացների, ֆորումների եւ ուղղորդումների միջոցով: Լիբերիայում «Իմանի տան» Մոր եւ մանկան առողջության կլինիկայից, մեծահասակների կրթության ծրագրից, կանանց առողջապահության ձեռնարկներից ու ավագ դպրոցական տարեկիցների համար նախատեսված կրթական ծրագրից տարեկան օգտվում է ավելի քան 14.000 լիբերիացի:
«Ի՞նչն է ինձ առաջ մղում: Ես պարզապես տանել չեմ կարողանում անարդարությունը: Իսկ աշխարհում փոքրամասնությունը կառավարում է ամբողջ աշխարհը: Այդ փոքրամասնությունը թույլ չի տալիս, որ կրթությունը հասնի աղքատներին, որպեսզի նրանք ինչպես կան, այդպես էլ մնան աղքատ», - ասում է Բիսի Իդերաբդուլան: