Սունիտա Քրիշնան. «Վերապրողի ուղին մի ամբողջ կյանք է տեւում»

Սունիտա Քրիշնան. «Վերապրողի ուղին մի ամբողջ կյանք է տեւում»

2018թ. «Ավրորայի» հերոս Սունիտա Քրիշնանը Հնդկաստանի «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիրն է։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության, որպեսզի փրկի, վերականգնի եւ հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի եւ հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17,800 կանանց եւ երեխաների կյանքում։ Ստորեւ նա պատմում է, թե ինչ է պահանջում մարդուց այլոց համար պայքարելու եւ հույսը երբեք չկորցնելու համար։

Երեխայի պայքարը

Դեռ երեխա ժամանակ ինձ համար կարեւոր էր ճանաչել ճիշտն ու սխալը։ Չէի հանդուրժում, երբ որեւէ մեկին տեսնում էի չքավորության մեջ։ Ես այդպիսին էի։ Ըստ իս՝ իմ ծնունդն իսկ նախախնամության արդյունք էր, քանի որ ես չէի ծագում մի ընտանիքից, որը որեւէ կապ ուներ մարդու իրավունքների հետ։ Ես ծնվել եմ միջինից ցածր խավի ընտանիքում, ուր միայն տնտեսական գոյատեւումն արդեն մեծ բան էր, քանի որ հիմնական խնդիրը զուտ գոյատեւումն էր՝ իրենց ընտանիքների գոյատեւումը։ Իսկ ես տարբերվող երեխա էի, որովհետեւ այդքան համեստ արմատներ ունենալիս այլոց մասին մտածելն ինքնին անսովոր բան էր։ Նույնիսկ իմ ընտանիքի համար։

Երեխա հասակում ես բնականից ձգտում էի դեպի ավելի աղքատ ընտանիքներից եկող երեխաները։ 8 տարեկանում սկսեցի պար ուսուցանել հատուկ կարիքներով երեխաներին, ինչպիսիք էին, օրինակ, մտավոր խնդիրներ ունեցողները։ 12 տարեկանում արդեն ամբողջ էությամբ ակտիվիստ էի՝ աշխատում էի գրագիտության տարածման ուղղությամբ եւ փոքրիկ դպրոց էի բացել ետնախորշերի երեխաների համար։

 

 

Սկզբում ընտանիքս ու ծնողներս հպարտանում էին ինձնով՝ անչափ երջանիկ, որ ես շատ հայտնի ու աչքի ընկնող երեխա եմ, որին բոլորը սիրում են։ Ուրիշ ընտանիքների համար ես օրինակելի էի՝ բարձր առաջադիմությամբ, դպրոցում լավ սովորող, ակտիվ երեխա։ Կյանքիս առաջին մի քանի տարիներին, կարծում եմ, ծնողներս անչափ հպարտ էին, բայց նույնը չէի ասի քույր-եղբայրներիս վերաբերյալ։ Մրցակցության խնդիր կար եւ ուր էլ գնային, միշտ համեմատվում էին ինձ հետ… իբրեւ թե՝ ինչո՞ւ ավելի շատ չեն փորձում նմանվել Սունիտային։ Բայց իհարկե, հետագայում սա շատ փոխվեց։

                                                                                 Սունիտա Քրիշնանը՝ Հայաստանում

Խմբակային բռնաբարություն, որը փոխեց ամեն ինչ

Ես սա չէի ներկայացնի որպես դաժան փորձառություն, այլ ավելի շատ՝ իբրեւ վերափոխիչ նշանակության փորձ, քանի որ մի ակնթարթում կյանքս փոխվեց։ Ես անմեղ էի ու մաքուր, իսկ հետո գլորվեցի ցած՝ դառնալով ամենաանիծյալ եւ ամենապատվազուրկ անձնավորությունը։ Ինչ է՛ի մինչ այդ, այլեւս չէ՛ի։ Ես տեսա մեկ ուրիշ աշխարհ, որում սեփական ընտանիքս անիծում էր իմ գոյությունը, իսկ ծնողներս իրենց երեխաներին արգելում էին խոսել ինձ հետ, քանի որ ես վատ ազդեցություն կթողնեի նրանց վրա։

Սա հիմնարար փոփոխություն էր, քանի որ այդ ժամանակ էր, որ իմ աչքերը բացվեցին իրականության առջեւ։ Այդ ժամանակ էր, որ իմ աստվածներն ինձ նշաններ էին ուղարկում, թե ես որտեղ եւ ում հետ պիտի լինեմ։ Ինձ մեղադրում էին մի հանցանքի համար, որն իմը չէր, մի բանի համար, որը ես չէի արել։ Ինձ ամոթանք էին տալիս եւ ստիպում մեղքի զգացում ունենալ մի բանի համար, որում պատասխանատու չէի։ Այս բոլորն իմ մեջ բարկություն ծնեց, որը դարձավ իմ շարժիչ ուժը եւ այդպիսին է առ այսօր։

 

 

Վերջին 27 տարիներին այդ բարկությունը միայն աճել է, որովհետեւ ինչը որ ճշմարիտ էր այն ժամանակ, ճշմարիտ է տակավին այսօր։ Սա ես տեսնում եմ շուրջբոլորս։ Ես տեսնում եմ կանանց ու երեխաների, որոնց վաճառում են պոռնկության ու սեռական ստրկության, բռնաբարում ու ստորացնում, իսկ ապա մեղադրում նրանց՝ նրանց իսկ կրած տառապանքներում։ Երբեք չեն ասում, թե կա մեկը, որ արել է դա եւ չարիք գործել, այլ՝ «ինչո՞ւ նա գնաց այնտեղ» կամ թե՝ «անում է, որովհետեւ հեշտ ձեւ է փնտրում»։ Միշտ եւ ամենուր մեղավորը զոհն է՝ կինը, այլ ոչ նրանք, որոնք կնոջ հանդեպ հանցանք են գործել։ 

Հայացք առ ապագա

Ես մարդու իրավունքների ակտիվիստ եմ՝ պայքարում եմ Հնդկաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ եւ հիմնել եմ աշխարհի ամենամեծ կազմակերպությունների մեկը՝ «Փրաջվալան»։ Մենք ներգրավված ենք բազմաթիվ աշխատանքներում, որոնք տարածվում են կանխարգելումից մինչեւ փրկություն, ռեաբիլիտացիա, վերաինտեգրում, զբաղվում ենք նաեւ մարդկանց թրաֆիքինգին եւ հատկապես սեռական թրաֆիքինգին վերաբերող խնդիրների իրավական հարցերով։

«Ավրորայի» հերոս ճանաչվելը, կարծում եմ, կյանքիս ամենակարեւոր ու հիշարժան պահերից մեկն էր։ Առաջադրված լինելն ինքնին մեծ պատիվ է եւ ես դա ընդունում եմ խոնարհաբար՝ առավել եւս իմանալով, որ այն հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լինելով բարեգործության բացառիկ քայլ՝ սա մի գործ է, որը ե՛ւ խոնարհության է մղում ինձ, ե՛ւ միաժամանակ ոգեշնչում ու զորացնում։ Միայն այն, որ իմ անունը հեռավոր կերպով առնչվում է «Ավրորա» մրցանակի հետ, արդեն իսկ նոր ուժ է հաղորդում։

Ես երբեք չեմ նայել դեպի ապագա։ Ապրել եմ պահի մեջ եւ պահի համար։ Կարեւոր եմ համարել տվյալ պահին անել՝ ինչ անում եմ՝ առանց մտածելու, թե երբեւիցե առաջադրվելու եմ «Ավրորա» մրցանակի կամ ղեկավարելու եմ այսքան մեծ կազմակերպություն։ Չեմ ծրագրել եւ ռազմավարորեն չեմ մոտեցել խնդրին. ամեն ինչ զարգացել է ըստ իրավիճակի, փոփոխության պարտադրանքի։ Առավել կարեւոր եմ համարում անել այս պահի անելիքը եւ վստահ լինել, որ դա օգտակար է։

                                                                                  Սունիտա Քրիշնան, 2018թ. «Ավրորայի» եռագրություն

Կյանքը վտանգի պայմաններում

Ընտրածս դերը, առաքելությունը, գործը թույլ չեն տալիս մտածել վաղվա մասին, քանի որ քեզ կարող են սպանել այսօր։ Կարեւորն այսօր առավելագույնն անելն է, քանի որ երբեք վստահ չես, թե վաղն առհասարակ կգա։ Անձամբ ես 17 անգամ հարձակման եմ ենթարկվել, ամեն հաջորդը կարող է լինել վերջինը։ Կապ չունի, թե քանի օր կամ քանի տարի կապրեմ, ուզում եմ միայն ապրել այս գործի համար։

Երբ ընտրում ես նմանօրինակ մի առաքելության մեջ գլխովին մտնելու ուղին, ընտրում ես նաեւ մասնագիտական այդ վտանգները։ Երբ ես ընտրեցի պայքարել կազմակերպված հանցագործության դեմ, բնական է՝ ընտրեցի նաեւ ահաբեկչության, ծեծի եւ ֆիզիկական հարձակումների ենթարկվելու հնարավորությունը։ Երբ մարդ գնում է բանակ՝ ազգի ու պետության համար կռվելու, բնականաբար նաեւ ստանձնում է պատերազմում զոհվելու ռիսկը։ Երբ մարդիկ ընտրում են մարդասիրությունը կամ մարդու իրավունքների պաշտպանությունը, ընտրում են նաեւ այն, ինչ դրանք բերում են իրենց հետ։ Եթե պայքարում ես քրեական տարրերի ու մաֆիայի դեմ, վերջիններս չեն գալու քեզ գրկեն ու գովաբանեն հրաշալի աշխատանքի համար։

 

 

Կարծում եմ՝ իմ իրական մարտահրավերն սպառնալիքները չեն, քանի որ դրանք սպասելի են։ Իսկական մարտահրավերը հանրությունն է եւ նրանում վաղուց ի վեր արմատավորված տրամադրությունները՝ այն ձեւը, որով մերժում են տուժածին, զոհին։ Ինձ միեւնույն է, եթե սպանվեմ մաֆիայի ձեռքով, բայց ես ցավ եմ զգում, որ ստրկության աշխարհից փրկածս երեխան հասարակության կողմից մերժման է արժանանում միայն որովհետեւ դժոխք է տեսել, ապրել է դժոխքում։ Սա ես ծանր եմ տանում եւ սա մի խնդիր է, որի հետ ամեն օր ստիպված եմ առերեսվել։

Պետք է դադարել մեղադրել զոհին

Աշխարհում ամենուրեք նույնն է՝ սեռական հանցագործության եւ սեռական ստրկության զոհերը մշտապես մեղադրվում են մի հանցանքում, որն իրենք չեն գործել, իսկ հասարակությունը (ոչ միայն հնդկական, այլեւ համաշխարհային) կնոջն ընկալում է իբրեւ իրի, սեռական օբյեկի, մեկի, որին կարելի է գնել ու վաճառել։ Երբ բանը հասնում է սեռական ստրկությանն ու սեռական թրաֆիքինգին, մարդիկ չեն ցանկանում դա դիտարկել՝ որպես կազմակերպված հանցագործության փաստ։ Չեն մտածում, որ կան մարդիկ, որոնք թիրախավորում ու դարանակալում են սոցիալապես ու տնտեսապես խոցելի մարդկանց, որպեսզի թակարդեն եւ հարկադրեն շահագործման։

 

 

Եթե մենք փոփոխություն ենք ցանկանում, ապա պետք է աշխատենք մեր տղամարդկանց ու պատանիների հետ։ Սեռական ստրկությունն ու սեռական թրաֆիքինգը կանանց խնդիրը չէ, տղամարդկանց վարքի ու մտայնության խնդիրն է։ Եթե Հնդկաստանում, Քամբոջայում, Թայլանդում, Լաոսում կամ աշխարհի ցանկացած այլ կետում երեք տարեկան երեխան վաճառվում է հասարակաց տուն, ուրեմն կա մեկը, որը ցանկանում է գնել երեքամյա երեխայի սեռական հաճույքի համար։ Այս պահանջարկի հետ է, որ հարկավոր է գործ ունենալ։ Պետք է սկսել ուշադրություն դարձնել, թե ինչպես ենք մեծացնում մեր որդիներին, ինչպես է հասարակությունը հասունացնում տղամարդկանց։ Կարծում եմ՝ պատասխանն այդտեղ է։ Սա այդքան էլ կառավարությունների խնդիրը չէ, սա պետք է սկսել ընտանիքներից։ 

                                     2018թ. «Ավրորայի» հերոսներ Թոմաս Գոնսալես Կաստիլյոն, Սունիտա Քրիշնանը եւ Չո Լա Աունը

Փշրված կյանքերի նորոգում

Այն չի արվում մեկ օրում։ Հարկավոր են բազմաթիվ հմտություններ, ռազմավարությունների մի ամբողջ փունջ եւ թերապեւտիկ միջավայրում իրականացվող բազմաթիվ քայլեր։ Ամեն ինչ սկսվում է մարդուն շահագործման աշխարհից դուրս բերելուց եւ անվտանգ տարածք տեղափոխելուց։ Իսկ ապա պետք է նրան դանդաղորեն օգնել տեսնելու, թե ինչպես է շահագործման ենթարկվել, քանի որ տուժողն ըստ մեծամասնության համարում է, որ ամբողջ մեղքն իրենն է։ Մարդիկ սկսում են սովորական նայել շահագործման ենթարկվելու փաստին՝ հավատալով, թե «իրենց հասնում էր»։

 

 

Վերապրողի ուղին մի ամբողջ կյանք է տեւում։ Մի քանի օրվա հարց չէ։ Ես ինքս վերապրող եմ եւ վերապրում եմ ամեն օր։ Մի ամբողջ կյանք է հարկավոր շահագործման ընթացքում կրած փորձի բազմաթիվ շերտերը մշակելու եւ տարրալուծելու համար։ Մեկ օրում սա չես անի։ Եւ այդ պատճառով է, որ անչափ կարեւոր է կանխել նմանատիպ փորձառությունը, քանի որ իրականություն դառնալու դեպքում դա հարուցում է հսկայական վնաս, որը հետո պիտի ապաքինվի եւ ետ շրջվի։ «Փրաջվալայում» մենք հենց սա ենք անում, բայց ես չէի ասի, թե 100% հաջողություն ունենք։ Մեր հաջողությունը չափվում է 85%, եւ ես խորը ցավ եմ ապրում՝ մտածելով, որ անհաջողություն եմ կրել դեպքերի 15% -ում։
 

Ի՞նչ է պահանջում պայքարը հանուն ուրիշների

Բարի կամքը չէ միայն, որ օգնում է այս հարցում։ Բարի կամքն ու խնդրի նկատմամբ անմնացորդ եռանդն են մեկնակետը, սակայն քեզ օգնում է հմտությունների համախումբը, այլ ոչ այն զգացողությունը, թե «ա՛հ, ես այլեւս չեմ դիմանում սրան ու պիտի մի բան անեմ»։ Հմտություններից մեկը, որով պետք զինված լինել, մարդկության բացարձակ դաժանության գիտակցումն է։ Երբ սա տեսնում, լսում ու ապրում ես ամեն օր, պիտի կարողանաս ընդհանուր հայտարարի գալ այդ իրողության հետ։ Պիտի ունենաս մեծ եռանդ, կարեկցանք, համբերություն, անհողդողդ կամք ու տոկունություն, սակայն այդ ամենը պիտի ամփոփված լինի պրոֆեսինալիզմով։

Մի դեպքում դու գործ ես ունենալու երեքամյա երեխայի հետ, մյուսում՝ երեսնամյա կնոջ։ Կինը կարող է թքել քո երեսին եւ ասել՝ «Դու ինձ պետք չես, քո կարեկցանքն ու ցավակցությունն ինձ պետք չեն, ես ատում եմ քեզ»։ Քեզ պետք է սովորել գործ ունենալ այսօրինակ մերժման ու թշնամանքի հետ։ Կան բաներ, որոնք կստիպեն քեզ սարփափահար նայել շրջապատող աշխարհին ու հարցնել ինքդ քեզ, թե ինչպես կարող է մարդ արարածն այդպիսի բան անել։ Ուստի, այս գործը շարունակելն ու մարդկային կերպարը չկորցնելն արդեն իսկ հմտություն են պահանջում։

Շարունակել հավատալ մարդկությանը

Ես երջանիկ եմ, քանի որ կյանքում հանդիպել եմ հիանալի տղամարդկանց։ Հայրս հրաշալի մարդ էր, որը երիտասարդությանս տարիներին ինձ տվեց ազատություն՝ անելու ինչ ուզում եմ։ «Փրաջվալայի» համահիմնադիր, երջանկահիշատակ Եղբայր Ժոզե Վետիկատիլը հրաշալի մարդ էր։ Իմ ամուսինը՝ ռեժիսոր Ռաջեշ Թաչրիվերը, ամենաճիշտ տղամարդկանցից է, ում երբեւէ հանդիպել եմ։ Ես տեսել եմ բացառիկ տղամարդկանց, որոնք վերականգնել են իմ հավատն առ մարդկություն եւ բերել ինձ այն գիտակցությանը, որ ոչ բոլոր տղամարդիկ են բռնարար։

Կան հրաշալի տղամարդիկ եւ դրա համար է, որ աշխարհի իսկական տղամարդիկ պիտի ձայն բարձրացնեն, ոտքի կանգնեն եւ ասեն, որ ոչ բոլորն են բռնարար, որ տղամարդ լինելը մեզ իշխանություն չի տալիս կնոջ կամ երեխայի հանդեպ, որ մարդուն բռնանալը մեզ ավելի տղամարդկային լինելու զգացողություն չի տալիս։

 

 

Իրազեկելու երդում

Ամեն տարի երեք ամիս ես բոկոտն քայլում եմ հանուն ստրկությունից ազատված հազարավոր երիտասարդ զոհերի եւ իբրեւ հիշեցում դեռեւս ստրկության մեջ գտնվող միլիոնավորների մասին։ Աշխարհով ճանապարհորդելիս ես եւս միշտ բոբիկ եմ։ Սա ինձ համար նաեւ միջոց է՝ մշտապես կապված լինելու եւ ուժ ստանալու մայր հողից, ինչպես եւ մտորելու արածիս եւ անելիքիս մասին։

Վերստին երիտասարդանալու ժամանակն է։ Ես քաղել եմ հետագա ինն ամսվա գործի համար անհրաժեշտ ամբողջ զորությունը։ Այս երեք ամիսն իմ վերալիցքավորման ժամանակն է։