logo
ՓԱԿԵԼMenu
Ատոմ Էգոյան

Ատոմ Էգոյան

«Հայրս խորհրդային տարիներին Հայաստան այցելեց. նա եղավ Ծիծեռնակաբերդում եւ այդ ուղեւորությունից վերադարձավ ուրիշ մարդ դարձած: Անշեջ կրակի մոտ նրա սիրտը փուլ էր եկել, ու նա սկսել է հեկեկալ։ Սյուներն ասես սեղմել են նրան ու տապալել: Մինչ օրս արտասվում է այս պատմությունը պատմելիս: Ծիծեռնակաբերդի էությունն ու նշանակությունը հասկացա միայն այն ժամանակ, երբ այցելեցի հուշահամալիր»,- ասում է կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Ատոմ Էգոյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 1991-ին, երբ նրա «The Adjuster» ֆիլմը մասնակցում էր Մոսկվայի կինոփառատոնին: Էգոյանն ու կինը՝ դերասանուհի, սցենարիստ եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, առիթն օգտագործեցին Մոսկվայից Երեւան գալու:

 

                                            Ատոմ Էգոյանը կնոջ՝ Արսինե Խանջյանի հետ

«Եկել էի մի վայր, որտեղ բոլորը գիտեին մեր պատմությունը, եւ կարիք չկար բացատրելու, թե ինչ է նշանակում լինել հայ: Ինքնության առումով Հայաստանը տուն էր, հայրենիք, եւ տոկունության հրաշալի դրսեւորում է, որ մենք եղել ենք եւ կանք այդտեղ: Բերկրանք էի զգում՝ լինելով մի վայրում, որը ոչ թե մշակութային օազիս է, այլ հնչուն, դինամիկ արտահայտչականության մի ողջ երկիր։ Եվ ապշեցնող էր, թե ինչպես է այն Երեւանից տարածվում դեպի փոքր քաղաքներ, գյուղեր՝ ինչպես ես եմ կոչում՝ ինքնության տարբեր մակարդակներ: Շատ հազվագյուտ գոբելեն էր, եւ ես տունդարձի ահռելի զգացում ունեի»,- ասում է Էգոյանը:
 
 
Արդարության կարեւորում

Ատոմ Էգոյանը ծնվել է Կահիրեում, ապրում եւ աշխատում է Կանադայում։ Նա ճանաչված է որպես Կանադայի մշակույթի խիստ առանձնահատուկ ներկայացուցիչ եւ արժանացել է Կանադայի Գլխավոր նահանգապետի (կառավարչի) «Performing Arts Awards» մրցանակին (2015 թ.) ու «Կանադայի շքանշանի (Order of Canada) ասպետ» կոչման (2016 թ.), որն այս շքանշանի բարձրագույն աստիճանն է։ 
Իր ֆիլմերի համար Էգոյանը բազմաթիվ մրցանակների եւ խրախուսանքների է արժանացել, այդ թվում՝ Տորոնտոյի եւ Կաննի կինոփառատոներում։ Նրա ամենավերջին՝ «Հիշեք» (Remember) ֆիլմը թողարկվել է 2015-ի հոկտեմբերին Կանադայում: Այս ֆիմը նոր՝ բացառիկ հայացք է Հոլոքոստին: Դեպքերը տեղի են ունենում մեր օրերում. գլխավոր հերոսը, որը վերապրել է Աուշվիցի համակենտրոնացման ճամբարը, համոզված է, որ իր ընտանիքը ոչնչացրած մարդը ողջ է եւ ապրում է կեղծ ինքնության ներքո: Նա իր առաքելությունն է համարում գտնել ու սպանել այդ ոճրագործին:

«Ես կարեւորում եմ արդարության մասին հարցադրումներ բարձրացնելը: 

Հաճախ կարծում ենք՝ ժամանակը կբուժի վերքերը։ Բայց վերքերը դեռ բաց են՝ թե վերապրածների, թե հանցագործների:

«Remember» ֆիլմը դեռեւս ապրող ականատեսների մասին է եւ՝ հենց հանցագործների մասին: Ինչ-որ առումով ֆիլմը սադրիչ է: Այն այժմեական է եւ հրատապ՝ հաշվի առնելով վերապրածների տարիքը: Մարդասպանությունը, հատկապես՝ զանգվածային մարդասպանությունը, չունի վաղեմության ժամկետ, եւ եթե անտարբեր ես, դառնում ես հանցակից»,- ասում է Էգոյանը:

 

 

Հայ հանդիսատեսին Էգոյանն ու Խանջյանը հավանաբար հայտնի են հատկապես «Արարատ» ֆիլմով (2002 թ.), որն արծարծում է Հայոց ցեղասպանության թեման: «Որոշեցի նկարել ֆիլմ, որը կներկայացնի, թե ինչպես է ժխտումը փոխանցվել սերնդեսերունդ եւ ինչ կերպ է ազդել մարդկանց վրա: Սա բազմաբարդ ֆիլմ է»,- նշում է Էգոյանը:

                             «Արարատ» ֆիլմի թիմն Ատոմ Էգոյանի (ձախից երրորդը) հետ  


Տանից շատ հեռու

Էգոյանը սերում է Արեւմտյան Հայաստանից: Հայրական պապը՝ Եղիան, ծնվել էր Արաբկիրում։ Հոր հորդորով 1914-ին Եղիան փախել է Եգիպտոս:

«Արաբկիրում հավանաբար ունեցել են խաղողի այգիներ, որովհետեւ հայրս հիշում է իր հոր պատմածը, թե ինչպես են թուրքերը եկել խաղողի այգիներ, ինչպես են հետեւել իրենց ու պատրաստվել հարձակման, եւ ինքը փախել է Եգիպտոս: Նրա ընտանիքը մնացել է Արաբկիրում եւ ոչնչացվել»,- պատմում է Էգոյանը:

Այնուհետեւ Եղիան գնացել է Հալեպ։ Այնտեղ էլ որբանոցներից մեկում գտել է իր ապագա կնոջը: Էգոյանի տատիկ Արշալույսն էլ Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է, սակայն ընտանիքը չգիտի՝ որտեղ է նա ծնվել: Եղիան ու Արշալույսն ունեցել են 4 երեխա, որոնցից կրտսերը՝ Ժոզեֆը (Հովսեփ), Էգոյանի հայրն է:

                              Ատոմի հայրական ընտանիքը. Ատոմի հայրը՝  Ժոզեֆը, աջ կողմում

««Արարատում» հնչում է «Երազ» երգը։ Դա միակ բանն է, որ տատիկս հիշում էր իր մանկությունից: Ինձ համար շատ զգայական պահ էր իմ պատմության այս կտորները ֆիլմում ներառելը»,- նշում է Էգոյանը:

Մայրական պապը՝ Միսաք Դեւլեթյանը, Կեսարիայից էր, որտեղ զբաղվում էր գորգագործությամբ: Միսաքը մահացել է, երբ Ատոմի մայր Շուշանն ընդամենը մեկ տարեկան էր: Ջարդերից առաջ ընտանիքը տեղափոխվել է Կահիրե:

 

 

                                        Ատոմի մայրական կողմի տատիկն ու պապիկը

Ատոմ Էգոյանի ծնողները՝ Հովսեփը եւ Շուշանը, նկարիչներ էին եւ նկարչություն էին սովորում։ Կահիրեում նաեւ կահույքի բիզնես ունեին, որը կոչվում էր «Ego Arts»: Քաղաքական կլիմայի պատճառով Էգոյանները 1963-ին Կահիրեից տեղափոխվում են Արեւմտյան Կանադա եւ բնակություն հաստատում Բրիտանական Կոլումբիայի վարչական կենտրոնում՝ Վիկտորիա քաղաքում։ Այնտեղ նրանք շարունակեցին իրենց կահույքի բիզնեսը՝ ստեղծելով նոր «Ego Interiors» ընկերությունը: Իրենց ազգանունը անգլերենին համահունչ դարձնելու նպատակով նրանք Եղոյանը (Yeghoyan) դարձրին Էգոյան (Еgoyan): Նրանք միակ հայկական ընտանիքն էին Վիկտորիայում: 

                                     Ատոմի ծնողներն ու տատիկը՝ իր եւ քրոջ՝ Իվի հետ


Դեռ երեխա Ատոմ Էգոյանը տարված էր դրամատիկ ներկայացումներով եւ 13 տարեկանից սկսել է պիեսներ գրել: Չնայած արվեստով իր հետաքրքրվածությանը՝ Ատոմը միջազգային հարաբերություններ է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ առաջին անգամ հանդիպել է մեծաթիվ հայերի եւ միացել Հայ ուսանողների միությանը:

«70-ականների վերջն էր, եւ դժվար ժամանակներ էին հանրության համար։ Ահաբեկչություն կար, «Արդարության մարտիկներ», եւ Ուսանողների միությունը բավականին ակտիվ ու մարտական էր: 

Հանկարծ հայտնվեցի այս թոհուբոհի մեջ: Օտտավայում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, եւ իմ կանադական ու հայկական ինքնությունները բախվեցին: Դրանից կարճ ժամանակ անց էր, որ հանդիպեցի Արսինեին։

Նա չէր հասկանում, թե ինչու էր կյանքիս այդ դրվագն այդքան բարդ, եւ թե ինչու էի պայքարում երկու այդքան տարբեր աշխարհները շաղկապելու համար: Արսինեն Բեյրութից էր եւ բոլորովին այլ դաստիարակություն էր ստացել: Մեր զրույցները հրատապ էին ու հույժ կարեւոր: Ես բազմաթիվ հարցեր ունեի ինքնության մասին: «Արարատում» մի տեսարան կա, երբ Դավիթը (Քրիստոֆեր Փլամեր) հարցնում է Րաֆֆիին (Դավիթ Ալպայ), թե իր հետ ինչ է բերում Թուրքիա՝ երբեմնի պատմական Հայաստանի տարածքներ կատարած ճամփորդությունից: Հարցերը բեռին էին վերաբերում: Որոշ սփյուռքահայերի համար գուցե այս ամենն ավելի ֆոլկլորային է՝ ազգային խոհանոց, պարեր եւ այլն։ Սակայն ինձ համար ինքնության անմիջական աղբյուրը հարցի քաղաքականությունն է եւ դրա կարեւորությունը»:

                                                 Ատոմն ուսանողության տարիներին

Դեռ ուսանողության տարիներին Ատոմ Էգոյանի առաջին կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվում էին փառատոներին եւ հաջողություն ունենում: 1979-ին Էգոյանը հիմնեց «Ego Film Arts» կինոընկերությունը (նրա հոր կահույքի խանութը՝ «Ego Interiors»-ը, հրո ճարակ էր դարձել)։ 1984-ին Էգոյանի առաջին՝ «Հարազատները» (Next of Kin) լիամետրաժ ֆիլմը նրան ճանաչում բերեց ոչ միայն Կանադայում, այլ ամբողջ հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում:

Իր կարիերայի ընթացքում Էգոյանը հայտնվել է նաեւ տեսախցիկի մյուս կողմում։ Նա նկարահանվել է այլ ռեժիսորների ֆիլմերում։ Մի քանի վավերագրական ֆիլմեր ներկայացրել են նրա գործունեությունը որպես ռեժիսոր: Ստեղծագործական պրոցեսում Ատոմը համագործակցել է նաեւ քրոջ՝ դաշնակահարուհի Իվ Էգոյանի, որդու՝ Արշիլի հետ։ Այդուհանդերձ, նրա կինոկարիերայում առանձնահատուկ տեղ ունի կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը:

«Մեր համատեղ կյանքը հայկական ինքնության բացահայտման ճամփորդություն է: Այս առաքելության մեջ մենք գործընկերներ ենք, որոնք փորձում են հասկանալ, թե որն է ինքնության իմաստը»,- ասում է Էգոյանը։ 

«Մենք երկուսս պատասխանատվություն ենք ստանձնել՝ պատկերելու մեր ինքնության հարցն ու ցեղասպանությունը,- նշում է կինոռեժիսորը,- մենք վճռական ենք, քանի որ ի սկզբանե դա եղել է մեր միավորյալ էության մի մասը։

Թուրքիան նախնիներիս երկիրն է՝ աշխարհագրորեն, եւ արեւմտահայ միակ համայնքը, որն սփյուռք չէ, ապրում է այնտեղ։ Ինքնության տեսանկյունից, սակայն, Հայաստանն է ինձ համար հայրենիք՝ վայր, ուր ես շարունակաբար վերադառնալու եմ:

Արաբկիրում չեմ եղել, բայց մի օր կգնամ։ Չեմ եղել Վասպուրականում՝ իմ ընտանիքի օրրանում: Այդ վայրերն այցելել եմ «Արարատ» ֆիլմում, որի գլխավոր հերոս Րաֆֆին ուղեւորվում է դեպի այդ տարածքներ, որ վերջապես ավարտին հասցնի ճանաչողության իր ճամփորդությունը»:

Լուսանկարները՝ Ատոմ Էգոյանի ընտանեկան արխիվից