5 տարեկանում Միշելը հաղթեց իր առաջին ճարտարապետական մրցույթը, 6 տարեկանում՝ երկրորդը: Հարավային Ֆրանսիայի Ռոսելյո ծովափին ամենամյա ընտանեկան արձակուրդի ժամանակ Միշելը 2 տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց ավազե ամրոցների մրցույթում: Երիտասարդ շինարարի նկարը տպագրվեց «Լե Ֆիգարոյում»՝ ողջ ընտանիքին հպարտություն պարգեւելով: Երբ պարզ դարձավ, թե որքան է տղան տարված շինհրապարակներով, հայրը մրցույթներին նախորդող շաբաթների ընթացքում հավուր պատշաճի մարզում էր իրեն. երկուսի համար էլ խիստ արդյունավետ ու հաճելի ժամանակներ էին:
Գրասենյակային շենք Լոնդոնի Առեւտրականների հրապարակում, Միշելի ճարտարապետական ընկերության 2010թ. ավարտած առաջատար նախագծերից մեկը |
Հետադարձ հայացքով կարող է թվալ, թե Միշելը դատապարտված էր ճարտարապետական հաջողությունների: Բայց նա ուներ նաեւ այլ հետաքրքրություններ, օրինակ՝ կինոն, Փարիզի պես քաղաքի կողմից առաջարկված բազում նվերներից մեկը: «Չորեքշաբթի օրերին դաս չկար, եւ մենք միշտ գնում էինք ֆիլմ դիտելու: Ժամը 10-ին ֆիլմ էինք դիտում Ելիսեյան դաշտերի Սրահում, ժամը 2-ին՝ Լատինական թաղամասի «Օթֆեյ», վերջում՝ Լյուքսեմբուրգի «Լես 3» կինոթատրոններում: Հիմնականում դիտում էինք սեւ-սպիտակ ֆիլմեր, սակայն պատահում էին եւ նորերը, օրինակ՝ Վիմ Վենդերսի հեղինակած»:
Միշելը շատ պրպտող ռեժիսոր էր եւ բազում ֆիլմեր է նկարահանել իր «Սուպեր 8» տեսախցիկով: Նա դիմեց կինոյի դպրոց եւ մասնակցեց Ֆուկոյի, Սերրի, Դելյոզի եւ Դերիդայի փիլիսոփայության դասախոսություններին: Պակաս կարեւոր չէին ICRAM-ի՝ ավանգարդ երաժշտական լաբորատորիայի սեմինարները, որտեղ ոչ միայն համահիմնադիր Պիեռ Բուլեզն էր ուսանողների հետ կիսում իր փորձը, այլեւ այնպիսի երգահաններ, ինչպիսիք են Շտոքհաուզենը, Քեյջը եւ Նոնոն: 1977թ. բացված լաբորատորիան գտնվում էր Պոմպիդու կենտրոնում: Միշելը մինչեւ այսօր ոգեւորությամբ է խոսում իր կյանքի այդ շրջանի մասին, ասելով, որ «մեզ համար դա մշակութային հեղափոխություն էր»:
Քանդակելով դատարկությունը
Ճարտարապետական կրթություն Միշելն ստացավ Մասսաչուսեթս նահանգի Նյու Յորք եւ Քեմբրիջ քաղաքներում: Ավարտելուց հետո աշխատեց աշխարհի առաջատար ընկերություններից «Սքիդմոր, Օուինգս եւ Մերիլում»՝ զգալի ներդրում ունենալով Լոնդոնի Դոկլենդս թաղամասի վերափոխման մեջ: Վերջին 10 տարում Միշելն իր սեփական ճարտարապետական ընկերությունն ունի բրիտանական մայրաքաղաքում եւ զբաղվում է ծավալուն, միջազգային հանրության ուշադրությունը գրաված նախագծերով: Բացի բուն Լոնդոնում իրականացվող մի շարք նախագծերից, ընկերությունը ղեկավարում է Մարոկկոյի Ֆես քաղաքի կենտրոնական հրապարակի ձեւափոխման, Շանհայում «Էքսոն Մոբիլի» հսկայական տեխնոլոգիական կենտրոնի կառուցման նախագծերը եւ վերահսկում Քաթարի Դոհա քաղաքի նոր՝ Մշեյրեբ թաղամասի շինարարությունը: Միշելը նաեւ առանցքային դեր է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր շտաբակայանի նախագծման ընթացքում:
«Էքսոն Մոբիլի» տեխնոլոգիական կենտրոնը Շանհայում |
«Շենքը պարզապես վահանակ չէ, այն բխում է մտքերի եւ նպատակների միավորումից, որոնք պետք է հաղորդակից լինեն թե բնակիչներին, թե լայն հանրությանը»,- նշում է Միշելը: Նա կրկին անդրադառնում է «մշակութային ընդհանրությունների» թեմային, որն իր գործի հիմքերից մեկն է: Ըստ Միշելի, մարդկային կարիքները միշտ գերակա են շուկաների եւ քաղաքականության կարիքների համեմատ. «Խնդիրն այն է, թե ինչպես ստեղծել տարածքներ, որոնք մարդիկ կվայելեն այնքան, որ կցանկանան վերադառնալ: Նրանց ստեղծած կապն առաջին հերթին մշակութային է, այլ ոչ տնտեսական: Ի վերջո, տնտեսական հաջողությունը մեծապես պայմանավորված է մարդկանց վերադառնալու ցանկությամբ»:
Միշելի վերջին ձեռքբերումը Մեքքայի իսլամական հավատի թանգարանի նախագծման մրցույթում հաղթանակն է: |
Պատահական չէ, որ մշակույթ, ինքնություն եւ պատկանելություն եզրույթները կարեւոր տեղ են զբաղեցնում Միշելի մտքերում: «Միշտ զգացել եմ, որ տարբեր եմ, ոչ միայն ազգանվան պատճառով: Իհարկե, ես ծնվել եմ Ֆրանսիայում, սակայն իմ պատմությունը տարբեր էր իմ համադասարանցիների պատմությունից»,- ասում է նա:
Միշելի տատիկ Էլիզաբեթ Ալթունյանը՝ 1897թ. ծնված, եկել էր Ամասիա քաղաքից, որը գտնվում է սեւծովյան խոշոր Սամսոն նավահանգստին հարող Պարխարյան լեռնաշղթայում: Մեծացել էր, սակայն, Ղրիմյան թերակղզում՝ Յալթայում, որտեղ իր հայրը, ավելի քան 20 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո, տեղավորվել էր որպես մրգերի եւ բանջարեղենի վաճառական: Երբ ռուսական ցարն ընտանիքի հետ տեղափոխվում էր Ղրիմի իր ամառային բնակավայրը, նրանց մթերքն ապահովում էր Էլիզաբեթի հայրը: Ազնվական շրջանների այլ աղջիկների նման, Էլիզաբեթին հրավիրում էին պարահանդեսների: Նույնիսկ մեծ տարիքում նա երբեք չէր դադարում պատմել ճոխ երեկույթների եւ սպաների հետ վալս պարելու մասին: Ինչեւէ, Հոկտեմբերյան հեղափոխությունը վերջ դրեց ռուսական միապետությանը:
Ալթունյանների ընտանիքի մրգերի եւ բանջարեղենի վաճառակետը Յալթայում |
Անվերադարձ ճանապարհորդություն
Դրանից մի քանի տարի առաջ ընտանիքն ավելի ուժեղ ցնցում ապրեց: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Էլիզաբեթը պետք է ընկերակցեր իր տատիկին Ամասիայից Օսմանյան կայսրություն ճանապարհորդության ընթացքում. գնում էին հեռու բարեկամների այցելելու եւ իրենց պատկանող տունը վաճառելու: Էլիզաբեթն անհամբեր սպասում էր այդ ճանապարհորդությանը եւ խիստ հիասթափվեց, երբ ընտանիքի մեծերը որոշեցին, որ նա դեռ շատ երիտասարդ է՝ գնալու համար: Փոխարենը տատիկի հետ մեկնեց նրա ավագ քույր Սիրանուշը:
Նրանց մեկնումից ամիսներ անց ողջ Օսմանյան կայսրությունով սկսվեցին հայերի դեմ բռնությունները. չխնայեցին նաեւ Ամասիայի համայնքը: Երկու կանայք այդպես էլ չվերադարձան: Միայն 15 տարի անց ընտանիքն իմացավ նրանց ճակատագրի սարսափելի մանրամասները:
Պատերազմից հետո Էլիզաբեթն ամուսնացավ հացահատիկի առեւտրով զբաղվող Միսաք Մոսեսյանի հետ: Պարզվեց, նա նույնպես պալատական մատակարար է: Տեղի քահանան ամուսնացրեց զույգին քաղաքացիական հագուստներով, քանզի Խորհրդային միությունում արդեն իսկ սկսվել էին քրիստոնյաների հալածանքները: Հետո նորապսակերը տեղափոխվեցին Մոսկվա, որտեղ ծնվեցին դուստր Ժինետը եւ որդի Չարլզը: Սկզբից Միսաքը պայքարում էր կոմունիստների դեմ, բայց երբ Իոսիֆ Ստալինը դադարեցրեց առեւտուրը եւ փակեց սահմանները, զգաց, որ առջեւում դժվարին ժամանակներ են: Նա պարսկական անձնագրեր հայթայթեց եւ իր սեփականության մեծ մասը վերածեց ադամանդների, որոնք թաքցրեց կոստյումի կոճակների եւ ատամի խոռոչների մեջ: Նրանք Նախիջեւանով փախան Թավրիզ, եւս մի քանի շաբաթ անց վերջապես հասան Բեյրութ՝ Լիբանան:
Այստեղ Էլիզաբեթի զարմիկը պատմեց նրանց, թե ինչ է կատարվել Ամասիայում Հայոց ցեղասպանության ժամանակ: Սկզբից գրեթե բոլոր տղամարդկանց տեղահանել են: Որոշ ժամանակ անց մնացած տղամարդկանց հավաքել են եկեղեցում եւ կենդանի այրել: Կանանց ու երեխաներին, ներառյալ Էլիզաբեթին եւ Սիրանուշին, կողոպտել, ծեծել, բռնաբարել եւ սպանել են գաղթի ճանապարհին: Քիչ մարդկանց թվում, որ ողջ են մնացել եւ փախել, Էլիզաբեթի՝ այն ժամանակ դեռ փոքրիկ զարմիկն էր:
Ալթունյանների ընտանիքը 1910թ.: Միշելի մեծ տատիկ Էլիզաբեթը (մեջտեղում) եւ նրա թոռնիկ Սիրանուշը (աջից). երկուսն էլ սպանվել են 1915թ. Թուրքիայում: Միշելի տատիկ Էլիզաբեթը (աջ կողմում կանգնած) պատահմամբ է փրկվել: |
Ժամանում օտար երկիր
Չնայած 4 հոգանոց երիտասարդ ընտանիքն ի սկզբանե որոշել էր գաղթել ԱՄՆ, նրանք մտափոխվեցին, երբ Ֆրանսիայի հյուպատոսը Ֆրանսիայի քաղաքացիություն առաջարկեց՝ այնտեղ բնակություն հաստատելու պայմանով: Նրանք տեղափոխվեցին Թուլուզի մոտակայքում գտնվող Ալբի քաղաքը, որտեղ կոշիկների արտադրություն սկսեցին: Ֆրանսիայում Միսաքը դառավ Միշել:
Շուտով ծնվեց եւս մեկ երեխա՝ Ժորժը: Նոր բնակավայրում նրանք ոչ ոքի չէին ճանաչում, հայեր նույնպես չկային: Եվ, այնուամենայնիվ, Ալբիի մայր տաճարը մարդկանցով լիքն էր Միսաքի թաղմանը 1976թ.-ին: «Կարո՞ղ է լինել ինտեգրման ավելի լավ ապացույց»,- հարցնում է Միշելը՝ հպարտ իր պապի պատվին անվանակոչվելու համար:
Միշելի հայրը՝ Շառլը, դարձավ տրանսնացիոնալ ընկերության տեխնիկական տնօրեն: Վերջերս Միշելը հարավային Ֆրանսիայում տուն կառուցեց հոր համար, ուր նա կտեղափոխվի թոշակի անցնելուց հետո: Ավազե ամրոցի մրցավայրի լողափից ոչ շատ հեռու հայր ու որդի կրկին միավորվեցին:
Էլիզաբեթ եւ Միսաք Մոսեսյանները՝ իրենց երեխաներ Ժորժի, Ժինետի եւ Շառլի հետ հարավային Ֆրանսիայում, 1937թ. |
Շատ վաղ տարիքից Միշելը ոգեշնչված էր «միջազգայնության» գաղափարով. նրա մեծ պապը գրեթե երկու տասնամյակ ապրել էր ԱՄՆ-ում: Անխոս, իրավիճակի մշտական վտանգավորության եւ իր յուրահատուկ ինքնության գիտակցումը, ընդլայնեց Միշելի մտահորիզոնը: «Ինձ համար՝ որպես ճարտարապետի, այս բազմազանության դպրոցը միշտ առավելություն է եղել,- բացատրում է Միշելը,- ուրիշներին լսելու, իմ փորձը կիսելու, դիմացինին ըմբռնելու իմ ունակության շնորհիվ ես շատ ավելի հեշտությամբ եմ աշխատում տարբեր մշակույթների մարդկանց հետ: Այս տեսակ հաղորդակցությունը կարող է հիմնված լինել ոչ այնքան լեզվի, որքան դրա իրական հիմքի՝ ներըմբռնման եւ երեւակայության վրա: Իսկապես, կարծում եմ, որ դրա մեջ ինչ-որ հայկական բան կա: Այո՛, կա»:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: