logo
ՓԱԿԵԼMenu
Դենիզ Ջենտիլինի

Դենիզ Ջենտիլինի

Ամեն ինչ սկսվեց 1915 թվականին։ Պապս՝ Գուրգեն Խանջյանը, ընդամենն ութ տարեկան էր, երբ հայրը՝ Երզնկայի (ներկայում՝ Էրզինջան, Արեւելյան Թուրքիա) ոստիկանապետը, սպանվեց օսմանյան թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության գործողությունների հենց սկզբում։ Երբ սկսվեցին զանգվածային տեղահանությունները, Գուրգենի ընտանիքին հրամայեցին լքել իրենց շքեղ տունը եւ միանալ մահվան երթին դեպի Դեր Զոր։ Այն տառապանքն ու աննկարագրելի հանցագործությունները, որոնց նա ստիպված էր ականատես լինել, դաջված էին Գուրգենի հիշողության մեջ։ 
 

Բարեբախտաբար, Գուրգենին փրկեց մի թուրք զինվոր, որը խղճաց նրան ու տարավ որբանոց։ Բայց տղան, որը երբեք երկար ժամանակով զգաստ մնացողներից չէր, շուտով լքում է այն։ Թուրքերից թաքնվելով, պատահական ու ցածր վարձատրվող աշխատանք կատարելով, քնելով այնտեղ, որտեղ կարողանում էր ապաստան գտնել՝ Գուրգենն իր մանկության մեծ մասն անցկացրեց ինքնուրույն։ Նա կարողացավ այլ փախստականների հետ փախչել Թուրքիայից ու հասնել Պիրեյ, Հունաստան, որտեղ էլ հանդիպեց իր ապագա կնոջը՝ Մալվին Փափազյանին։  

 

                                                        Գուրգեն Խանջյանը

Երկրորդ մայրը
 

Մալվին տատիկս ծնվել է Աքիսարում (Թուրքիա) եւ ընդամենը 5 տարեկան էր, երբ 1917թ. թուրքերը տարան նրա հորը, որը հայտնի ատամնաբույժ էր։ Ամուսնու կորստից հյուծված նրա մայրը՝ Լուիզան, չէր կարող իր երեք երեխաների մասին հոգ տանել։

Հուսահատ փորձ կատարելով փրկել Մալվինի կյանքը՝ Լուիզան դժվարին որոշում է կայացնում դստերը տալ իր հեռավոր ազգական Մարի Երկանյանին։

Մարին կարողացավ պաշտպանել Մալվինին, սակայն չկարողացավ նրա հիշողությունից ջնջել մահվան տեսարանները, որոնք տասնամյակներ շարունակ պիտի հետապնդեին տատիկիս։

Բազմաթիվ փախուստներից հետո, փորձելով մշտապես մեկ քայլ առաջ լինել Քեմալ Աթաթուրքից եւ նրա մահաբեր խելագարությունից, 1922թ.-ին ականատես դառնալով Զմյուռնիայի (ներկայում՝ Իզմիր, Թուրքիայի արեւմտյան ափին) մեծ հրդեհին՝ Մալվինն ու Մարին կարողացան Թուրքիայից դուրս պրծնել ու հասնել Հունաստան՝ Պիրեյի փախստականների ճամբար՝ հենց այն մեկը, որտեղ Գուրգեն պապս էր հայտնվել։  

 

                                           Մալվին Փափազյանն եւ Մարի Երկանյանը

Սերն ամեն ինչ հաղթահարում է
 

Գուրգենն ու Մալվինը Հունաստանի փախստականների այդ ճամբարում են հանդիպում։ Շուտով նրանք սիրահարվում ու ամուսնանում են։

Նրանք շատ միանման անցյալ ունեն. երկուսն էլ ստիպված էին լքել պատերազմից բզկտված իրենց երկիրն ու հարկադրված էին ապրել փախստականների ճամբարում։ Սակայն նրանց ճամփորդությունը դեռ շատ հեռու էր ավարտված լինելուց։ Ճանապարհը հետո նրանց պիտի տանի Մարսել (Ֆրանսիա), որտեղ նրանք համբերատար պետք է վերապրեն մի պատերազմ նույնպես՝ Երկրորդ աշխարհամարտը։

Երկու պատերազմ վերապրած՝ նրանք կարողանում են ընտանիք ստեղծել, որտեղ երեք դուստր է մեծանում՝ Սյուզան, Ժակլին եւ Մարո (Մարի)։ Գուրգենն աշխատանք է գտնում Գերմանիայում ու մեկ տարի ընտանիքից հեռու ապրում։ Մալվինը կամավորություն էր անում «Հայ կապույտ խաչ» կազմակերպությունում եւ այդպիսով սկսում իր ակտիվիստական գործունեությունն ու հայ համայնքի կյանքում մասնակցությունը։ 

 

                                             Գուրգեն եւ Մալվին Խանջյանները

Երբ նոր էր լրացել նրանց ավագ դուստրեր Մարիի եւ Սյուզանի քսան տարին, նրանց ուղարկեցին Միացյալ Նահանգներ՝ ապրելու Գուրգենի ավագ քրոջ հետ, որը Հայաստանից հեռացել էր մինչեւ Հայոց ցեղասպանությունը։ 
 

Նոր մայրցամաք, նոր կյանք

Միացյալ Նահանգներում հինգ տարի անցկացնելուց ու ԱՄՆ քաղաքացիություն ստանալուց հետո Մարին ու Սյուզանը հրավիրեցին ծնողներին եւ կրտսեր քրոջը՝ որ ընտանիքն իրենց միանա Կալիֆորնիայում։ Ծնողների տեղափոխվելուց հետո նրանց դուստրերից յուրաքանչյուրն ստեղծեց սեփական ընտանիքը։ Սյուզանն ու Ժակլինն ամուսնացան հայերի հետ, մայրս՝ Մարին, ամուսնացավ իտալացու հետ։ 

 

 Գուրգեն եւ Մալվին Խանջյաններն իրենց դուստրեր Սյուզանի, Ժակլինի եւ Մարոյի (Մարի) հետ

Գուրգենն աշխատում էր քաղցրավենիքի արտադրությունում, իսկ Մալվինը ծառայում էր Հայ օգնության միության խորհրդում։ Երկուսն էլ շարունակում էին պատմել իրենց պատմությունը. Մալվինը՝ զուսպ, Գուգենն՝ ահռելի կրքով։

Նրանք երկար ու երջանիկ կյանք ապրեցին Միացյալ Նահանգներում։ Գուրգենը մահացավ 95 տարեկանում, Մալվինը՝ 92։ 

 

                                                     Գուրգեն եւ Մալվին Խանջյանները 

Հազվագյուտ ու թանկարժեք նվեր
 

Մասնագիտությամբ կոմպոզիտոր, ըստ անհրաժեշտության՝ վավերագիր՝ կյանքիս գործը նվիրեցի տատիկիս ու պապիկիս պատմությունը պատմելուն։ Առաջին փորձս նրանց կյանքի մասին վավերագրական ֆիլմն էր՝ «Խանջյանների պատմությունը. ճանապարհ, որով քիչ են ճամփորդել» (The Handjian Story - A Road Less Traveled), որն ինձ բերեց առաջին «Էմմի» մրցանակը (ֆիլմի երաժշտության համար) եւ մի շարք այլ հաղթանակներ տարբեր կինոփառատոններում։  

Իմ ընթացիկ ու, հավանաբար, ամենահավակնոտ նախագիծը նրանց պատմությունից ոգեշնչված մյուզիքլն է, որը կոչվում է «Ես ողջ եմ» (I Am Alive)։ Հուսով եմ՝ պատմության այս մասնավոր տարբերակը կարող է հասնել լայն զանգվածներին, այդ թվում՝ ոչ հայերին, որոնք քիչ բան գիտեն կամ ընդհանրապես ոչինչ չգիտեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին։ Շատ կցանկանայի նաեւ, որ այս մյուզիքլը հասներ Նյու Յորքի Բրոդվեյ, երկրագնդի տարբեր քաղաքներ եւ, ի վերջո, Հայաստան։

Մայրս՝ Մարին, լցրել է կյանքս իմ հայկական ժառանգությամբ, եւ սա մի նվեր է, որի համար ես միշտ շնորհակալ եմ լինելու՝ կյանքիս յուրաքանչյուր օր։ Ես բախտ եմ ունեցել կյանքիս 43 տարիներն անցկացնել պապիկիս ու տատիկիս՝ Գուրգենի եւ Մալվինի հետ։ 

 

                                               Գուրգեն եւ Մալվին Խանջյանները 

Ինձ միշտ ոգեշնչել է նրանց կամքն ու այն, թե ինչպես են նրանք կարողացել ապրել երջանիկ կյանքով՝ չնայած իրենց սոսկալի մանկությանը։

Պապս երբեք չդադարեց զայրույթ զգալ։ Նա միշտ պատրաստ էր պատմել իր պատմությունը ցանկացած մարդու, որն անցյալի մասին հարց կտար նրան։ Նա իր բազմաթիվ թոռներից բոլորի մեջ ներարկել է իր պատմությունն ու մեր ժողովրդի պատմությունը պատմելու պարտականությունը, եւ մենք մեր ողջ կյանքում կատարել ենք այն։

Քանի դեռ կարող եմ, կշարունակեմ կրել ընտանիքիս պատմությունն ամենայն լրջությամբ պատմելու այդ պարտականությունն ու պատիվը։ Որովհետեւ նրանց փրկության շնորհիվ է, որ ես կամ։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: