logo
ՓԱԿԵԼMenu
Մարիաննա Պողոսյան

Մարիաննա Պողոսյան

Մեծ ու անխուսափելի վիշտ է դաջված քսաներորդ դարասկզբին ապրած հայերի մեծամասնության պատմություններում։ Թվում է՝ ամեն ընտանիք կորստի անդադար հետապնդող պատմություն ունի։ Բոլորն ունեն մեծ պապ, որը նայել է մահվան անհոգի աչքերին: Բոլորն ունեն մեծ տատ, որն ամուսին, եղբայր, երեխա է հողին հանձնել՝ միաժամանակ մեծ արժանապատվությամբ փորձելով գոյատեւել հանուն ողջերի։ Իմ ընտանիքը բացառություն չէ։
 

Հորս պապ Ղեւոնդն իր ծնողների եւ նրանց մյուս երկու կրտսեր զավակների հետ պարզ կյանք էր վարում Օսմանյան Կայսրության տարածքում գտնվող Արեւմտյան Հայաստանի Էրզրում նահանգում՝ 700 բնակիչ ունեցող գեղատեսիլ Խաչ գյուղում, որը հիմնել էին նրանց նախնիները՝ Լազարյան եղբայրները։ Ամեն ինչ լավ էր մինչեւ 1915 թվականի՝ արտաքուստ ոչնչով աչքի չընկնող գարունը, երբ նրա հայրն ու հորեբայրը ծաղկած խնձորենիների մոտ հրաժեշտ տվեցին իրենց ընտանիքներին ու գնացին ծառայելու օսմանյան բանակում. այլեւս երբեք տուն չդառան։ Վերահաս աղետի շշուկները շուտով լռեցրին արթնացող բնության բզզոցը։

Ընդամենը մի քանի ամսում 400-ամյա Լազարյան գերդաստանը գրեթե ոչնչացվեց՝ 114 հոգուց փրկվեց ընդամենը տասնութը։ Հարազատների սպանության լուրն առնելով՝ Ղեւոնդի մայրը վերցրեց իր երեք երեխաներին եւ գիշերվա ամենախավար ժամին լքեց իրենց տունը, գյուղը, իր պարզ կյանքի երջանիկ հիշողություներն ու փախավ դեպի արեւելք։

Նրանք ամեն ինչ տեսան 700 կիլոմետրանոց այն փախուստի ժամանակ, որը խլեց Ղեւոնդի կրտսեր քրոջ կյանքը. մահ՝ ամեն անձավում, որտեղ նրանք քնում էին, վախ, որ հորդում էր իրենց հանդիպած բոլոր աչքերից, սով, որ ծվատում էր ապրելու մնացած կամքը։

Բայց նրանց հետ էր նաեւ հաց ու կացարան տրամադրող անծանոթ մարդկանց բարությունը:

Եվ մի առավոտ, բազում տառապալից ամիսներից հետո նրանք հայտնվեցին մի լեռան բարձունքին՝ եկեղեցու դիմաց։

Դարավոր լռությունն էր արձագանքում նրանց շուրջը՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց։ Վերջապես ժպիտ երեւաց Ղեւոնդի մոր արեւից չորացած դեմքին։ Նա ծնկի իջավ եկեղեցու շեմին, բաց թողեց որդիների ամուր սեղմած ձեռքերն ու հոգին ավանդեց։

 

                                      Ղեւոնդ Մանուկյանը՝ Մարիաննայի մեծ պապը

Իմ Ղեւոնդ պապիկը Ղարաբաղի եկեղեցու մոտ որբանալու օրվանից ապրեց եւս ութսուն տարի։ Չնայած չափազանց վաղ կորսված անհոգ մանկության անասելի վնասներին՝ նա մնաց երբեւէ իմ հանդիպած ամենաբարի ու լավատես մարդկանցից մեկը։

 

Ղեւոնդ Մանուկյանի կինը՝ Սիրանուշն ու նրանց երեխաները. աթոռին նստած աղջիկը Մարիաննայի տատիկ Կլարան է

Նա ապրեց արժանապատիվ ու աշխատեց ջանասիրաբար՝ սկսած Հայաստանի առաջին էլեկտրակայանի պատերը շարելուց մինչեւ տեքստիլ գործարանի տնօրենի, ապա նաեւ՝ Գյումրի քաղաքի Սոցապ բաժնի պետի պաշտոնները։ Կյանքի վերջին տարիներին նա անգամ հաջողեց գրչին հանձնել իր հիշողությունները, որոնք գիրք դարձան ու հրատարակվեցին գրական մի միջավայրում, որը նախընտրում էր աչք փակել Հայոց ցեղասպանության վրա:

 

                           Ղեւոնդ Մանուկյանի «Պատառիկներ անցյալից» գրքի շապիկը

Շատ տասնամյակներ անց, երբ հայրս իր ընտանիքը տեղափոխեր Հայաստանի փառաhեղ լեռներից օվկիանոսներ հեռու, մենք պիտի լսեինք մի հայ կնոջ մասին, որն ապրում էր Ճապոնիայում այն ժամանակ, երբ հայերի մեծ մասի, այդ թվում՝ Ղեւոնդ պապիկիս ու իր փոքր եղբոր գոյատեւման հույսը Աստծո ողորմածությունն էր եւ դիմացինի բարեսրտությունը։ Դիանա Աբգար էր նրա անունը։ Դիանա Աբգարը դարձավ հարյուրավոր որբացած հայերի խնամակալը՝ օգնելով նրանց Սիբիրի ու Ճապոնիայի միջոցով բարեհաջող հասնել ապահով վայր՝ Միացյալ Նահանգներ։ Նա խրախուսեց ճապոնական կառավարությանը մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան, իսկ ավելի ուշ՝ ճանաչել այն որպես անկախ պետություն։ Նշանակվելով Ճապոնիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս՝ Դիանա Աբգարը դարձավ աշխարհում առաջին կին դիվանագետը։

 

                                                           Դիանա Աբգարը

Հայրս ամեն տարի այցելում է Դիանա Աբգարի գերեզմանին։ Որպես Ճապոնիայում Հայաստանի առաջին դեսպան, որպես Դիանա Աբգարի հաջորդ ու Ղեւոնդ Մանուկյանի թոռ՝ հայրս միշտ հարգանքով ու երախտագիտությամբ է նշում իր՝ ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչ լինելը:

 

 

                                Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը

Ամեն ինչի համար պարտական ենք մեր սիրելի Ղեւոնդ պապիկին եւ նրա մայրիկի անկոտրում կամքին։ Բայց մենք անսահման երախտապարտ ենք նաեւ այն օտար մարդկանց, որոնք լուսավորել են նրա ուղին խավար ժամանակներում, քանի որ նրանց շնորհիվ էր, որ նա ոչ միայն առաջ ընթացավ, այլեւ վերականգնեց իր հավատը մարդկայնության հանդեպ: 

Հեղինակի մասին. Հայաստանում ծնված Մարիաննա Պողոսյանն իր կյանքն անցկացրել է տարբեր աշխարհամասերում՝ խոսելով տարբեր լեզուներով։ Նա Միջազգային հարաբերությունների բակալավրի իր կոչումն ստացել է Ճապոնիայի Միջազգային քրիստոնեական համալսարանում, Լեզվաբանության  մագիստրոսի աստիճանը՝ Էդինբուրգի համալսարանում։ Որոշ ժամանակ Միացյալ Նահանգներում աշխատելուց ու ճամփորդելուց հետո նա վերադարձել է Տոկիո՝ գրելու իր միջճյուղային դոկտորական թեզը, որը միավորում էր միջմշակութային հոգեբանության եւ մարկետինգի ոլորտները: Այժմ Մարիաննան ապրում է Գերմանիայում, որտեղ խորհրդատու է միջազգային պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների համար՝ տանից հեռու ապրելով հոգեբանական ադապտացիայի հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ: Մարիաննայի գրական գործերի առանցքում բազմաթիվ մշակույթներ կրող մարդկային հոգու եւ մեր ամենահիմնական ցանկություններից մեկի՝ պատկանելության վրա այդ ամենի ազդեցության ուսումնասիրությունն է:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: