logo
ՓԱԿԵԼMenu
Լյուսի Աբդալյան

Լյուսի Աբդալյան

«Կարծում եմ՝ նրանք ոչ թե զոհեր էին, այլ հերոսներ»
 

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգի մրցանակակիր ու ժամանակակից արվեստի բնագավառում «Սելեստե» մրցանակին արժանացած Լյուսի Աբդալյանը վառ նկարչուհի է: Նա անհատականություն է, որը դարձել է այնպիսին, ինչպիսին կա, քանի որ սիրում է այն, ինչով զբաղվում է: Նրա՝ մարդկությամբ ու մշակույթով հմայված աշխարհիկ ու ազատաշունչ նյույորքցու ներկայիս կյանքն ավելի շատ պատահականության արդյունք է, քան՝փառքի հասնելու հաստատակամության: Չնայած պատերազմի ազդեցությանն ու հարկադրված արտագաղթին, որոնց միջով անցել է պատանեկության տարիներին, նա իր կյանքը կառուցել է արվեստի գեղեցկության շուրջ: 

 

                                                             Լյուսի Աբդալյանը՝ Երեւանում
 

Աբդալյանի պատմությունը կարող է արտառոց թվալ ցանկացած պարագայում, բացի այն դրվագներից, երբ անդրադառնում ենք հայերի վերջին հարյուր տարվա պատմությանը: Նա ծնվել է Բեյրութում, պատերազմի ժամանակ, երբ իրենց տան շուրջը ռումբեր էին պայթում: Նրա հոր՝ Զավեն Աբդալյանի նկատմամբ մահափորձից հետո ծնողները վճռում են արտագաղթել՝ տեղափոխվելով Մոնրեալ, Կանադա: Նա մեծացել է այնտեղ, բայց ինչ-որ բան պակասում էր, ուստի թողնում է Կանադայում իր ուսումն ու տեղափոխվում Միացյալ Նահանգների արեւմտյան ափ, հաստատվում Հարավային Կալիֆորնիայում ու ավարտին հասցնում ուսումը:

Ավարտելուց կարճ ժամանակ անց տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո: Այնտեղ էլ սկսում է նկարել, ոչ այն պատճառով, որ ցանկանում էր հայտնի դառնալ, կամ որ մտածում էր, թե առանձնահատուկ տաղանդով է օժտված, այլ որովհետեւ ստեղծագործական արտահայտչամիջոցի կարիք ուներ, եւ նկարչությունն ապահովեց դա: 

 

                                             Լյուսի Աբդալյանը՝  երեւանյան իր ստուդիայում
 

Մահվան ճիրաններում
 

Լյուսին ժառանգն է Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց, որոնք սերնդեսերունդ ավելի ու ավելի էին հեռանում իրենց հայրենիքից՝ աշխարհագրորեն, սակայն՝ ոչ մշակույթով: «Տանը մեզ միայն հայերեն էր թույլատրված խոսել»,- պատմում է նա: Հոր կանոններն էին:

Թեեւ նա մեծացել է լիովին հայկական ընտանեկան միջավայրում, սակայն ցեղասպանության թեման հազվադեպ էր քննարկվում:

Նա այդ մասին լսել է հինգ տարեկանում: «Ցնցված էի ու այդ մասին էլ երբեք չէի ցանկանում լսել»,- ասում է նա:

Նրան բախտ չէր վիճակվել ճանաչելու մայրական կողմից իր պապիկին՝ Միհրանին, որը թոքաբորբից մահացել էր Սիրիայի Դամասկոս քաղաքում Լյուսիի տատիկի՝ Հրանտուհու հետ ամուսնանալուց յոթ տարի անց: Նրանք Կեսարիայից (Կայսերի, կենտրոնական Թուրքիա) ու Մարաշից էին (այժմ՝ Քահրամանմարաշ, հարավային Թուրքիա): Նախքան Միհրանի մահը նրանք երկու զավակ էին ունեցել՝ Ալիս եւ Ռոզա Միսիսյանները: Հայրական կողմից Լյուսիի տատիկը՝ Լուսինե Կիզիրյանը, հայրական կողմից նրա պապիկի՝ Հակոբ Աբդալյանի հետ ամուսնացել է Լիբանանում: Երեք զավակ ունեին՝ Համբարձում, Վանի եւ Զավեն Կարապետ: 

 

 

Լյուսիի ընտանիքի մայրական պապիկի կողմը. Լյուսիի մայրը (աջից երկրորդը) կանգնած է ծնողների կողքին (աջից երրորդը եւ կենտրոնում)՝ Լյուսիի պապիկի ծնողների հետ (ձախից)

Թերեւս ցեղասպանությանն անտեղյակ լինելու պատճառով էր, որ նա չէր կարողանում հասկանալ իր հայրական կողմի տատիկի զայրույթը. պատանեկության տարիներին Լյուսին նրա հետ լեզու չէր գտնում: Երբ մեծացավ, իմացավ, որ տատիկին բռնաբարել էին ու մերկ վիճակում թողել փողոցում, եւ որ նա ողջ է մնացել միայն այն պատճառով, որ թաքնվել է դիակների հսկա զանգվածի տակ, ինչից էլ հիվանդացել է: Նա ոտքով, միայնակ հասել է Դամասկոս, այնտեղ էլ աստիճանաբար սկսել վերակառուցել իր կյանքը: Չնայած շփման դժվարություններին, Լյուսին ասում է, որ ի վերջո հասկացել ու սկսել է սիրել իր տատիկին, հատկապես վերջինիս վերապրած սարսափների մասին տեղեկանալուց հետո:
 

Խոստում, որը պետք է պահվի
 

Լյուսիի մայրական կողմի պատմությունը նույնքան դրամատիկ է եւ զարհուրելի: Նրա ապուպապը՝ Մեսիա Միսիսյանը, ծնվել էր Մարաշում: Նա գորգերի արտադրամաս ուներ, ու երբ թուրքերը ներխուժեցին գյուղ, սերնդեսերունդ փոխանցված մի մեծ կարպետ պահանջեցին, որը նա տանն էր պահում: Ընտանիքը բողոքական էր, իսկ գորգի վրա Աստվածաշնչից դրվագներ էին պատկերված, ինչպես հաճախ կարելի է տեսնել հայկական գորգերի վրա: Որպես պատիժ՝ կարպետը չհանձնելու համար, գյուղում ապրող բոլոր բողոքական հայերին պետք է ոչնչացնեին: Եվ նա հանձնեց կարպետը: 

 

 

        Լյուսիի մայրական կողմի մեծ տատիկի ընտանիքը ցեղասպանությունից առաջ

Այս պատմությունն իմանալուց հետո Լյուսին խնդրել է աշխարհահռչակ «Թուֆենկյան գորգերի» սեփականատիրոջը՝ Ջեյմս Թուֆենկյանին, իրեն օգնել գտնել այդ կարպետը, եթե այն դեռեւս գոյություն ունի: Սա այն խոստումն է, որը նա տվել է իր մայրական կողմի տատիկին վերջինիս մահից առաջ, խոստում, որը նա մտադիր է պահել:

Նրա ընտանիքի երկու կողմերն էլ ցեղասպանության ժամանակ ի վերջո հայտնվեցին Դամասկոսում ու վերջնական բնակություն հաստատեցին Լիբանանում, իսկ նրա հայրական կողմի տատիկն ու պապիկը նախ անցան Հալեպով:
 

Արվեստը՝ որպես նոր մեկնարկ
 

Առաջինը Լյուսիի ընկերներից մեկը խորհուրդ տվեց նրան իր նկարները ներկայացնել Սան Ֆրանցիսկոյում ընթացող գեղագիտական մրցույթին, ինչն էլ նա արեց: Ի զարմանս իրեն՝ նա հաղթեց: Այդ ժամանակ էլ նա մտածեց, որ իր հոբբիի մեջ ինչ-որ բան կա, եւ սկսեց ավելի լուրջ վերաբերվել իր վարպետությանը: Նա ավելի ու ավելի շատ էր նկարում եւ մի քանի աշխատանք արեց, որոնք պարզապես տանն էր պահում: Սակայն այն, ինչ հայտնվում էր ավարտուն կտավների վրա, բնավ այն չէր, ինչ ինքը ցանկանում էր պատմել աշխարհին, ու նա բոլոր աշխատանքները նետում է աղբարկղ: Աբդալյանը մտադիր էր ամեն ինչ նորից սկսել: 

Հայաստանը, կարելի է ասել, Լյուսիի տեսադաշտում չէր հայտնվել նրա կյանքի վաղ շրջանում: Նրա ուշադրության առանցքում ուսումնառությունն էր, նկարչի մեկնարկող կարիերան ու փոքրիկ դստերը մեծացնելու անհրաժեշտությունը: Այսպես էր այնքան ժամանակ, մինչեւ նրա մորաքույրը՝ Ռութ Կուպեյանը, նրան հրավիրեց այցելել Հայաստան:

Նա սիրահարվեց:

Անրակի երկայնքով ձգվող արամեերեն դաջվածքով ու նախաճաշի սեղանի շուրջը հանդիպման համար հնարավորինս նորաձեւ հագնված՝ նա աչքի կընկներ ամենուր, իսկ Երեւանում՝ հատկապես:

Այդուհանդերձ, նա իրեն հենց տանն է զգում մի վայրում, որտեղ իր արտաքինն արտասովոր է համարվում:

Նա ներդաշնակ է ինքն իր հետ, ու դա ակներեւ է: 


Նա Հայաստան է այցելում հանգստանալու, խորհելու եւ վերալիցքավորվելու: Նյու Յորքի աշխուժությունը ոգեւորիչ է, բայց կարող է նաեւ հոգնեցնել: Երեւանում նրա միտքը հանգստանում է: Այստեղ է, որ նա շփվում է մարդկանց հետ, ընկերանում ու խորացնում ընկերությունը: Ահա, թե ինչու է նա մերժում մեծ ընտանեկան ճաշկերույթների հրավերները. գերադասում է փոքր խմբերով հավաքույթներին շփումների մտերմիկ մթնոլորտը, այլ ոչ՝ մեծ հավաքները, որոնք գերհագեցած են ավանդույթներով, ցուցադրական շքեղությամբ ու տարբեր արարողություններով:

Հայաստանն իր մարտահրավերներն ունի, սակայն այն, ինչ նա այստեղ ստեղծում է, հայաստանյան ստեղծագործական մթնոլորտի մարմնացումն է: Այստեղ, իր նախընտրած ներկերից օգտվելու սահմանափակ հնարավորության պայմաններում կամ առանց այդ հնարավորության, Աբդալյանը հնարամիտ լուծում է գտել՝ դիմահարդարումը: Պապիրուսի վրա աղջիկների պատկերները նկարելու համար նա օգտագործել է հայրենիք գալիս իր հետ բերած մատնահարդարման ներկերն ու աչքի գծաներկը:

 

Ներկայում եւ ոչ միայն

Լյուսին թեպետ եւ սկսել է որպես նկարչուհի, սակայն նրա ստեղծագործական ունակություններն անսահման են. մեկ արտահայտչամիջոցը բավարար չէ: Նա լուսանկարներ է անում, հագուստ է նախագծում եւ դերասանությամբ զբաղվում: Իրականում, նրա կարծիքով, իր մեծագույն ձեռքբերումը «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանանալն է՝ «Կաուչո» ֆիլմում իր դերակատարման համար: Նա զարմացած էր, բայցեւ երախտապարտ. «Ինձ հետ պատահեց այն, ինչի հնարավորությունը երբեւէ մտքովս էլ չէր անցել»,- ասում է նա: 

 

 

                                               Լյուսի Աբդալյանը՝  երեւանյան իր ստուդիայում


Այս հայ կնոջ համար հայ լինելը ոչ թե պատմություն է, այլ ներկա: Այն զգացողությունը, որ ունի Հայաստանում, իր հայ ընկերների շրջանում: Պատմությունը ձեւավորել է նրան՝ նրա կյանքը, աշխարհայացքը, հետաքրքրությունները, բայց նա ներկայում ապրող, ներկայով հետաքրքրված անհատ է:

Դա է ապագային հավատացող մարդու կյանքը:

Մարդ, որը թույլ չի տվել իրեն վար ձգի այն, ինչը հնարավոր չէ տանել: Մարդ, որը գիտի աշխարհում եղած չարիքի մասին, բայց հավատում է, որ բարին հաղթելու է: Հենց այդ մարդը՝ Լյուսի Աբդալյանն է, որ ահռելի ողբերգությունը վերապրածներին նայելով՝ պետք է ասի. «Կարծում եմ՝ նրանք ոչ թե զոհեր էին, այլ հերոսներ»: 
 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: